Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքների ապահովումը
Գլխավոր » Լրահոս » Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքների ապահովումը

Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքների ապահովումը

Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։
Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.

• Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,
• Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,
• Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,
• Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,
• Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։
Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
30 հունվար 2025թ․

1