Կանադան ունի բավականին հստակ հայամետ կեցվածք՝ հատկապես արցախյան դեպքերից հետո. Սևակ Բելյան
Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտարարություն է տարածել Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ հստակ արձանագրվում է և՛ գերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, և՛ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, և՛ հակամարտության կարգավորման համար կարևոր ինքնորոշման իրավունքի հարգումը:
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՀՅԴ Կանադայի Հայ Դատի պատասխանատու Սևակ Բելյանի հետ:
Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ նախարար Մելանի Ջոլին նման հայտարարություն է տարածում:
«Վերջին մի քանի տարիներին նա մի քանի առիթներով բավականին հայամետ հայտարարություններ է արել: Նույնիսկ անցյալ հոկտեմբերին նա անձամբ ներկա է եղել Երևանում Կանադայի դեսպանատան բացմանը, որտեղ ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, այցելել է նաև Ջերմուկ՝ միանալով Եվրոպական միության դիտորդական խմբին՝ դիտարկելու իրավիճակն այնտեղ տեղում, ինչպես նաև աջակելու Կանադայի մասնակցությունն այդ դիտորդական առաքելության մեջ: Ինչպես գիտեք, Կանադան միակ ոչ եվրոպական երկիրն է, որ մասնակից է այդ առաքելությանը: Եվ նորություն չէ կողմերի համար՝ լինի Ադրբեջանը, Հայաստանը կամ միջազգային հանրությունը, որ Կանադան ունի բավականին հստակ հայամետ կեցվածք՝ հատկապես արցախյան դեպքերից հետո: Մելանի Ջոլին մինչ ԱԳ նախարար նշանակվելն էլ շատ մոտ հարաբերություններ է ունեցել հայ համայնքի հետ, և այս հայտարարությունները միայն քաղաքական շահեր ապահովելու համար չեն: Նա նաև միջազգային հարթակների ուղղությամբ է աշխատանքներ տանում, որ առաջնային ներկայացվի հայկական հարցը»,- նշել է նա:
Խոսելով հայտարարության կարևորության մասին՝ Բելյանը ընդգծել է, որ այն շատ համապարփակ է, և մեկ հայտարարության մեջ ներառված են բոլոր հիմնական կետերը:
«Ինչ վերաբերում է մեր ռազմագերիների տուն վերադարձին, արցախցիների վերադարձին, ինքնորոշման իրավունքին, պատմամշակութային կոթողների պաշտպանությանը, այս բոլոր հարցերի վերաբերյալ Կանադան 2020 թ-ից ի վեր բազմիցս խոսել է: Բայց եթե խոսենք կոնկրետ այս հայտարարության կարևորության մասին, պետք է ընդգծել մի քանի կետեր: Նախ նկատի ունենանք՝ այսօր Կանադան միակ երկիրն է, որ նշում է արցախահայության բռնի տեղահանման առաջին տարելիցը: Առնվազն մեր տեղեկություններով՝ չկա որևէ այլ երկիր, որ նման հայտարարություն տարածած լինի: Խոսելով կրկին հայտարարության կարևորության մասին՝ նշեմ, որ շատ համապարփակ է, մեկ հայտարարության մեջ ներառված են բոլոր հիմնական կետերը, և ներկայացվում է որպես պետական հստակ դիրքորոշում բոլոր հարցերի վերաբերյալ: Այս հայտարարությունը նաև նախադեպ է ստեղծում, որ այլ պետություններ ևս խոսեն Արցախի հարցի մասին, տարելիցի մասին, և տեղի չտան ադրբեջանական պնդումներին, ու այս հարցը պատմության աղբամանի մեջ տեղ գտնի»,- եզրափակել է Բելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում