Կանադան մտահոգություն է հայտնում է Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը խախտելու կապակցությամբ, իսկ ԱՄՆ-ը թշնամու գործողությունները որակել է որպես սադրիչ
Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն Twitter-ում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները:
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև` հայկական տարածք ներխուժման հետ կապված լարվածության աճի մասին հաղորդագրություններով: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանագիրը և շարունակել բանակցությունները մշտական ու խաղաղ կարգավորման շուրջ: Բոլոր գործողությունները, որոնք կարող են խարխլել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության աճի, պետք է դադարեցվեն»,- գրել է Գարնոն:
Իր հերթին, ԱՄՆ-ը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է համարում: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Ուժերի տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև չարդարացված և սադրիչ: Մենք հույս ունենք՝ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները»,- ասել է Փորթերը: