Կա իրականությունը տեսնելու, հաշվարկելու, ազգային շահով առաջնորդվելու անհրաժեշտություն
Գլխավոր » Լրահոս » Կա իրականությունը տեսնելու, հաշվարկելու, ազգային շահով առաջնորդվելու անհրաժեշտություն

Կա իրականությունը տեսնելու, հաշվարկելու, ազգային շահով առաջնորդվելու անհրաժեշտություն

«Ամեն գիտակից հայ սփյուռքում հասկանում է, որ Լաչինի միջանցքի փակումը ֆեյք է. բնապահպանների և հանքի խնդիրն արդբեջանցիների համար իրենց լկտիությունը ցուցաբերելու հերթական պատրվակն է: Սրա արմատը գնում է մինչև կապիտուլյացիան»,- 168.am-ի հետ զրույցում Արցախի շրջափակմանն արձագանքելով՝ նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը:

Նա ադրբեջանցիների կողմից Լաչինի շրջափակումը համարեց ՀՀ իշխանությունների պարտվողական քաղաքականության տրամաբանական հետևանք՝ արձանագրելով, որ՝ «Արցախը տանք, Հայաստանը փրկենք» կոչերն են սկիզբն այս գահավիժումի:

«Ամեն անգամ զիջումներ անելու հետևանքով է, որ միջանցքը փակելու համար դիկտատորական Ադրբեջանն այսօր անգամ իր զինվորներին ուղարկելու կարիք չունի. ուղարկում է մի քանի պառավ կին, որոնք խեղդված աղավնիներով, այսպես կոչված, բնապահպանական շարժում են անում»,- հավելեց նա:

Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահը ցավով արձանագրեց, որ այսօր Արցախի շրջափակման հարցի առնչությամբ չկա համապատասխան արձագանք, քանի որ աշխարհաքաղաքական առկա իրավիճակով պայմանավորված՝ ՌԴ-Արևմուտք պայքարի համատեքստում խոշորացույցի տակ է հայտնվել բացառապես Ուկրաինան:

Մհեր Գարագաշյանին չի գոհացրել նաև կանադական լրատվամիջոցների արձագանքը, սակայն շեշտեց, որ շրջափակման առաջին իսկ օրից Կանադայի Հայ դատի հանձնախմբի անդամները նամակարշավ և բողոքի միջոցառումներ են իրականացնում:

«Անցնող շաբաթ ուղղակի դեմ առ դեմ նստեցինք Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, և հստակ ասացինք, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Կանադան քչերից էր, որ կոչ է հղել միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ,- Իսկ մենք ավելին պահանջեցինք՝ սպասելով, որ Կանադան գործնական քայլերի դիմի: Իրենց ներկայացրել ենք 7 կետանոց առաջարկներ՝ մարադասիրական օժանդակությունից՝ մինչև ճնշում Ադրբեջանի վրա, եթե պետք լինի, նույնիսկ սանկցիաներ»:

Վերադառնալով Արցախի շրջափակման հարցով ՀՀ իշխանությունների գնահատականներին և, մասնավորապես, ռուսական կողմին ուղղված պահանջներին, միջազգային խաղաղապահներ տեղակայելու մասին Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ Մհեր Գարագաշյանն առաջարկեց դրանք դիտարկել առկա իրողությունների, մասնավորապես՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետախուզական օղակների պետերի Հայաստան այցերի և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ ՄԲ այցի համատեքստում:

Ըստ նրա՝ սա վկայում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական հաշիվները մաքրելու կիզակետերից մեկն է:

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչը հավելեց. «Կա իրականությունը տեսնելու, հաշվարկելու, ազգային շահով առաջնորդվելու անհրաժեշտություն, և հասարակական գործչից մինչև պետական գործիչ՝ պետք է հաշվի նստի դրա հետ:

Այս պահի դրությամբ ո՛չ Մակրոնը, ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն զինվորական կոշիկներ դնել, ներկայություն ունենալ: Մեր պատմություն էլ եթե ուսումնասիրենք՝ «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»:

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ նստել և դատափետել ռուս խաղաղապահներին և կամ՝ առանց փաստարկների ԱԽՔ բերանով ասել, թե ՌԴ-ն ուզում է անպայմանորեն պարտադրել Զանգեզուրի միջանցք, առավել ևս՝ միութենական երկիր դառնալու ինչ-որ պարտադրանք, այդ մարդկանց ձեռագիրն է՝ օդի մեջ խոսել»:

Հարցադրմանը՝ արդյոք ՌԴ-ն այս պահին չի՞ կարող ավելին անել, Մհեր Գարագաշյանն արձագանքեց, որ մինչ այդ հարցը հնչեցնելը պետք է հարց տալ՝ իսկ ի՞նչ է անում օրվա իշխանությունը՝ բացի օդում խոսելուց:

«Իրենք Նոր տարվա իրենց միջոցառումներով են զբաղված: Վերջիվերջո, պետության ամենատարրական պարտականությունն է ուժեղ բանակ ունենալը, ինչի համար շատ ժամանակ ունեին:

Դիվանագիտական ի՞նչ միջոցներ են նախաձեռնել, որտե՞ղ եք տեսնում դիվանագիտական եռուզեռ՝ Արևմուտքից մինչև ՌԴ, որ մեր դեսպանները վազվզում են, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի,- նկատեց նա, ապա արձագանքելով դիտարկմանը, թե՝ դիմել են ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ՝ հավելեց,- Այդքանով չպետք է բավարարվել, եթե մինչև հիմա միջանցքը փակ է: Այդ ճգնաժամին համազոր քայլերը չպետք է մի քանի դասական քայլերով ավարտվեն»:

Սփյուռքահայ գործիչը համոզված է՝ ՌԴ-ն, թերևս, կարող է այս պահին ավելին անել, սակայն ճնշված է ուկրաինական ճակատով և այն աշխարհագրական հաշվարկներով, որոնք միտում ունեն իրեն դուրս թողնել տարածաշրջանից, եթե Արցախում միջնորդից վերածվի կողմի:

Իսկ եթե, ըստ նրա, «արևմտյան ազդեցության գոտին մտավ ՀՀ, առաջին ոտքը, որ կմտնի ՀՀ, ՆԱՏՕ-ական Թուրքիան է լինելու»:

1