Կա՞ տարբերություն Արցախում ապրող արցախցու և Ամերիկայում ապրող ամերիկացու կամ ընդհանրապես աշխարհում ապրող այլ ազգերի ինքնորոշման իրավունքի միջև
Գլխավոր » Լրահոս » Կա՞ տարբերություն Արցախում ապրող արցախցու և Ամերիկայում ապրող ամերիկացու կամ ընդհանրապես աշխարհում ապրող այլ ազգերի ինքնորոշման իրավունքի միջև

Կա՞ տարբերություն Արցախում ապրող արցախցու և Ամերիկայում ապրող ամերիկացու կամ ընդհանրապես աշխարհում ապրող այլ ազգերի ինքնորոշման իրավունքի միջև

ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հարությունյանի հայտարարությունը՝ սեպտեմբերի 29-ի ԱՀ ԱԺ նիստի ժամանակ.

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հարավային Կովկասում իրադարձությունները շարունակում են զարգանալ կայծակնային արագությամբ, տեղի են ունենում քաղաքական անկանխատեսելի գործընթացներ, որոնք պայմանավորված են այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռի ժամանակավոր հաջողությամբ կամ անհաջողությամբ: Հայաստանի Հանրապետության վրա հարձակվում են, ներխուժում մեր Մայր Հայրենիքի սուվերեն տարածք, զենքի ուժի սպառնալիքի տակ փորձում պահանջներ ներկայացնել: Այս ամենն արվում է ի հեճուկս միջազգային փաստաթղթերի, դաշնակցային պարտավորությունների և միասնական անվտանգային համակարգերի:

Ադրբեջանը իր ագրեսիվ պահվածքով և գործողություններով ցույց է տալիս, որ ոչ միայն պատրաստ է, այլև գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացնելու ուղղությամբ, ավելին՝ մեր թշնամին անգամ քարտեզներ է հրապարակում, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մի զգալի մասը համարում է իրենը՝ միաժամանակ պահանջելով նաև բանակցային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ այն համարելով ռազմական ճանապարհով լուծված՝ այս նպատակի համար նույնպես որպես ճնշման գործիք օգտագործելով ուժի կիրառումն ու տարբեր տեսակի սպառնալիքները:

Նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ նրանց չի կանգնեցնում անգամ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկրների ղեկավարների, ինչպես նաև տարբեր այլ պետությունների և միջազգային կառույցների հասցեական դատապարտող հայտարարություններն ու պահանջները:

Ստեղծված իրավիճակում, երբ քիչ էֆեկտիվ են միջազգային զսպման գործիքները, շարունակում է վտանգված լինել հայկական պետականությունը, որը մենք ձեռք ենք բերել մեր հազարավոր հերոս նահատակների արյան գնով և որոնց առաջ մենք բոլորս և նաև մեր ապագա սերունդները պարտավորվածություն ունենք այն պահելու և զարգացնելու։

Անորոշ աշխարհակարգի պայմաններում ապրող չճանաչված պետության համար թերևս կարևոր է արձանագրել կյանքի անվտանգության և ինքնորոշման իրավունքի համար պայքարի մեր պատրաստակամությունը, մեր հայրենի հողում ապրելու և արարելու կամքը, և այս իմաստով ի վերջո միջազգայյին հանրությունն ու քաղաքակիրթ աշխարհը պետք է հստակ ասեն՝ կա՞ տարբերություն Արցախում ապրող արցախցու և Ամերիկայում ապրող ամերիկացու կամ Ֆրանսիայում ապրող ֆրանսիացու կամ ընդհանրապես աշխարհում ապրող այլ ազգերի ինքնորոշման իրավունքի մեջ, թե ոչ։

Սիրելի՛ հայրենակիցներ, այդ ամենն իրականացնելու համար չափազանց կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ ամենակարևոր և մեզնից կախված գործոններից մեկը համախմբված և միասնական պայքարելն է հայկական պետականությունը պահելու և պահպանելու համար, որը մենք մի անգամ արդեն ապացուցել ենք արցախյան առաջին պատերազմի ընթացքում»։

1