Ջոկատի անունը կդնես՝ Գնացին հաղթելու ու վերադառնալու…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ջոկատի անունը կդնես՝ Գնացին հաղթելու ու վերադառնալու…

Ջոկատի անունը կդնես՝ Գնացին հաղթելու ու վերադառնալու…

«Հայրենիքի պահապան ազատամարտիկների միասնություն»  ՀԿ փոխնախագահ, Երկրապահ կամավորականների  Վիտյա Այվազյանի անվան ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ավետիս Խաչատրյանը 63 տարեկան է։

«Եկել եմ իմ 3 թոռների հետ լինեմ։ Նրանք կռվում  են հարավային ուղղությամբ գործող զորամասերում։ Այս պատերազմում ես պիտի նրանց հետ առաջ գնամ։ Հաղթելու եմ նրանց հետ։ Ի տարբերություն Արցախյան ազատամարտի սկզբնական ժամանակահատվածի՝ այսօր մարտնչում է մեր կանոնավոր բանակը։ Մենք էլ բոլորով պետք է օգտակար լինենք Հայոց բանակին։ Որքան կարողանանք օգնենք մեր զինվորներին և նրանք նույնպես մեզ նման  հաղթանակած են տուն դառնալու։ Աստված նրանց պահապան։ Մեր տրամադրությունը հաղթողի է՝ մարտական։ Ամենակարևորը, որ  միասնական ենք։ Տեսնում ենք, որ հազարներով  կամավորականներ են գալիս։ Շատ երկրապահների  էլ՝  որպես ռեզերվ են պահել»,- ասել է 63-ամյա ազատամարտիկ-կամավորը։

Նույն ջոկատի կազմում  է ազատամարտիկ,  Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Սարգիս Մուրադյանը, ով նույնպես չի սպասել զորահավաքին։ 

«Հայրենասիրությունն է կանչել։ Եկել ենք կռվելու  մեր ազգի, երեխաների ու պատվի համար։ Արդեն դիմել ենք Արցախի ազատամարտիկների միությանը և  ուր հարկն է։  Սպասում ենք և  որտեղ պետք լինի, այնտեղ էլ գնալու ենք։ Տրամադրությունը մարտական է ու ոգեշունչ է՝ լի կամքով ու հաղթելու վճռականությամբ։   Կցանկանայի  խաղաղություն, բայց եթե պատերազմ է՝ պիտի կռվենք։ Մեզ միասնություն է պետք և այսօր տեսնում ենք,  որ այն ունենք։ Շատ հաճելի է ու ոգևորիչ,  որ գալիս ես ու տեսնում, որ  ազգովի հավաքվում են այստեղ՝ Արցախում։  Կրկին  համոզվում ես, որ լավ ազգ ունես։ Ոգեշնչող է։  Բացի մեր ջոկատից, էլի են ավտոբուսներ եկել՝ մեծաթիվ կամավորականներով։ Մյուսները Երևանում սպասում են իրենց հերթին», -ասել է կամավորականը։

Աբովյանցի, չարենցավանցի ու գառնեցի  կամավորականներն են։ Մեկնում են հյուսիսային առաջնագիծ։ 

«Քո կողմից մեր ջոկատի անունը գիտես ի՞նչ կդնես՝ Գնացին Հաղթելու ու Վերադառնալու»։

Արցախի ազատամարտիկների միության  աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը փաստում է՝ մարտական տրամադրություն է ամենուր։

«Համոզված ենք, ինչ էլ լինի,  վերջնական հաղթանակը մերն է լինելու։ Հանկարծակի հարձակված թշնամու մոտ  սկզբում կարող էր ինչ-որ  հաջողության հասնելու իլյուզիաներ լինել։ Բայց դրանք  այսօր բախվել են մեր ազգային կուռ  համախմբվածությանը։ Մենք  պատրաստ ենք՝  դիմակայելու ու հաղթելու։ Այդ  մասին է վկայում նաև այն, որ մեզ դիմում են բազմաթիվ կամավորականներ Մայր հայրենիքից,  Սփյուռքից։  Մի կողմ են դրվել քաղաքական տարաձայնությունները և բոլորիս հիմա առաջնորդում են միասնությունն ու հայրենիքը պաշտպանելու մարտական ոգին։ Առաջին իսկ արկի պայթյունի պահից,  մեր ազատամարտիկներն ու երիտասարդները համախմբվեցին  Արցախի ազատամարտիկների շենքի մոտ՝ սպասելով համապատասխան հրահանգի։ Ներկայում՝  կամավորականների անդադար հոսքն ու դիմումները  շարունակվում են ավելի մեծ չափերով։ Ժամանող կամավորականների գրանցման ու  մարտագծի համապատասխան ուղղություններով բաշխման կազմակերպչական աշխատանքերն Արցախի ազատամարտիկների միության կողմից  իրականացվում են  իրականացվում են բարձր մակարդակով>>,-նշել է ԱԱՄ աշխատակազմի ղեկավարը։

1