Ջերմուկի մոտ` ՀՀ օկուպացված տարածքում, Բաքուն ճանապարհ է կառուցում. Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ են գտնվում «Տաթև» ՀԷԿ–ը, Ջերմուկի ՀԷԿ–ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ` ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ այդ աշխատանքները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո։
Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ–ն գտնվում է լրջագույն խնդրի առաջ, որը պայմանավորված է ադրբեջանական ներխուժումներով և ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանց ներկայությամբ։
«Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ-ից։ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքներում, Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ` կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,– նշեց Թաթոյանը։
Նա ընդգծեց` Ջերմուկի մոտ օկուպացված տարածքներում կան նաև խոտհարքներ, արոտավայրեր, վարելահողեր։
Թաթոյանի պնդմամբ` ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջացած խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև ազգային անվտանգությանը, քանի որ թիրախի տակ են ոչ միայն գյուղերը, այլև «Տաթև» ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
yerkir.am