Ջավախքում բնակվող հայերը խաղաղ ացիա են անցկացնում «Ո՛չ պատերազմին» կարգախոսով
Գլխավոր » Երիտասարդական » Ջավախքում բնակվող հայերը խաղաղ ացիա են անցկացնում «Ո՛չ պատերազմին» կարգախոսով

Ջավախքում բնակվող հայերը խաղաղ ացիա են անցկացնում «Ո՛չ պատերազմին» կարգախոսով

Այսօր բազմահազար ջավախահայեր հավաքվել են Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտում: Հայոց եռագույններ և Վրաստանի պետական դրոշներ ծածանելով՝ ակցիայի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետությանը, հայոց ազգային բանակին՝ միաժամանակ դատապարտելով ռազմական բախումները, որոնք տեղի են ունենում 2020 թ. հուլիսի 12-ից ՀՀ հյուսիս-արևելյան սահմանային հատվածում (Տավուշի մարզ) վերակտիվացած ադրբեջանական սադրանքների պատճառով: 

Հավաքի մասնակիցներն Ախալքալաքի մարզադաշտից Yerkir.am-ին փոխանցեցին, որ իրենց խաղաղ ակցիայով դատապարտում են պատերազմը, ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի՝ ՀՀ-ի և Արցախի վրա պարբերաբար իրականցվող ոտնձգությունների բերումով: Մասնակիցներից մեկն էլ դատապարտեց ադրբեջանական փորձերը, որոնք միտված են սադրանքներ իրականացնել նաև Վրաստանում և Վրաստանին ևս ներքաշել հակահայկական արկածախնդրությունների մեջ: Ըստ նրա՝ Հայաստանը և Վրաստանը պետք է միասին բարգավաճեն, և իրենց խաղաղ ակցիան իր մեջ պարունակում է նաև այս ուղերձը:

«Ջավախքը, Վրաստան  միշտ ամուր կանգնած է եղել Մայր պետության՝ Հայաստանի Հանրապետության կողքին, և, ինչպես 1988 թ. Սպիտակի երկրաշարժի օրերին, ինչպես Արցախյան պատերազմի օրերին, այնպես էլ՝ այսօր, միշտ կանգնած ենք Հայաստան աշխարհի կողքին, մեր սրտի և հոգու կողքին և ասում ենք՝ մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս միասին ենք, կեցցե՛ Ջավախքը, կեցցե՛ Հայաստան աշխարհը, կեցցե՛ համայն հայությունը», — իր ելույթում նշեց Հայ Առաքելական եկեղեցու Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության հոգևոր հայրերից մեկը: 

Փաստենք, որ ակցիան իր բազմամարդությամբ աննախադեպ է, և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Վրաստանի իշխանությունների իրականացրած խիստ միջոցառումների պայմաններում այն առաջին բազմամարդ միջոցառումն է: 

«Ո՛չ պատերազմին» կարգախոսով հանրահավաքին պարբերաբար հնչում էր նաև ազգային երգ-երաժշտություն, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան նաև ազգային երգերով ու պարերով:  

Հանրահավաքի ընթացքի տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

yerkir.am

 

1