Իտալացի խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան՝ ակնկալելով միջազգային հանրության արձագանքը

Իտալիա» կուսակցության խմբի ղեկավար Էնրիկո Աիմին նշել է, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակման հետևանքով 49 հայ զինվորների զոհվելու փաստը մեծ տագնապ է ստեղծել Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է իր ողջ վրդովմունքն արտահայտի բացարձակապես դատապարտելի այդ արարքի համար:
«Մենք մեր աղոթքով մոտ ենք զոհվածների ընտանիքներին: Անհրաժեշտ է նաև, որ հակամարտությունը արագ դադարեցվի իր սկզբնական փուլում՝ խուսափելու ավելի լուրջ հետևանքներից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը, ինչը փորձ է արվում դժվարությամբ պահպանել այդպիսի խնդրահարույց տարածքում», — նշել է իտալացի սենատորը:
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:
yerkirmedia.am