«Իսկ մայրս վշտից մի բուռ էր դառնում…»

Մեջբերում պատերազմ ապրած երեխայի «Պատերազմը չարիք է» վերնագրով շարադրությունից: Միհրան Մելքումյանը ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից է, տեղահանությունից հետո ապրում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում, սովորում Նորաբաց գյուղի դպրոցի 7-րդ դասարանում:
…Դա պատերազմն էր` ահեղ ու դաժան,
Փոքրիկ էինք մենք` անգետ, անպաշտպան,
Բոլորիս դեմքին միայն վախ, սարսափ,
Ամեն վայրկյան մահ, զենքերի տարափ,
Չէինք հասկանում` ինչու են սպանում,
Անմեղ մանուկներ ինչու որբանում։
Ինչու էր մայրս միշտ այդքան տխրում,
Երբ առավոտյան մեզ թեյ էր լցնում,
Երբ պտտում էր գդալն անընդհատ
Ու լացակումած մեր դեմքին նայում։
Բաժակում չկար մի կտոր շաքար,
Քաղցրացներ մի քիչ թեյը դառնահամ։
Բայց մենք անտրտունջ, տխուր աչքերով
Խմում ենք, խմում ու իրար նայում,
Իսկ մայրս վշտից մի բուռ էր դառնում…
Դա պատերազմն էր` ահեղ ու դաժան…
Տարիներ անցան, մենք էլ մեծացանք,
Տխուր օրերը մռայլ հուշ դարձան…
Բայց ամեն անգամ, երբ մայրս սիրով
Մեզ թեյ է լցնում առատ շաքարով,
Գդալի ձայնը ինձ հետ է տանում,
Երբ մայրս վշտից մի բուռ էր դառնում…