Իշխանությունները գալիս-գնում են, իսկ արթուն գաղափարները նպաստավոր պայմաններում վերածվում են գործողություների

«1988 թվականի փետրվարի 20-ը շատերը համարում են Արցախյան շարժման սկզբնավորման ամսաթիվ, սակայն դա շարժման միայն հրապարակային փուլի սկիզբն էր»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախյան շարժման ակտիվիստ Սերգեյ Շահվերդյանը։ Նա Արցախյան շարժմանն իր մասնակցությունը սեփական կենսագրության ամենապանծալի էջն է համարում և համոզված է, որ ամեն ինչ դեռ առջևում է։
«Իշխանությունները գալիս-գնում են, իսկ արթուն գաղափարները նպաստավոր պայմաններում վերածվում են գործողություների, որոնք կարող են պսակվել հաջողությամբ։ Չպետք է հուսահատվել, պետք է մի քիչ ավելի լայն նայել ու կտեսնենք, որ ամեն ինչ դեռ առջևում է»,- նշել է նա։
Սերգեյ Շահվերդյանը հիշեցրել է, որ Արցախյան շարժումը սկսվել է 1985 թվականին, երբ ընդհատակյա խմբեր էին ձևավորվում, որոնք տարբեր հասանելի միջոցներով քարոզում էին վերամիավորման խնդիրը, հող էին նախապատրաստում Արցախյան շարժման հրապարակային փուլի համար։
«Այն սկսվել է 1987-ին ստորագրահավաքներով ու շարունակվել 87-ի վերջին ժողովրդական տարբեր կոլեկտիվների ժողովներով, վերամիավորման մասին համապատասխան բանաձևերով։ Շարժման հրապարակային փուլի սկիզբը կարելի է համարել փետրվարի 13-ը, երբ Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, այն մինչև հիմա ընդունված է համարել ուսանողական հանրահավաք, որովհետև մղիչ ուժը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի, գյուղատնտեսական ինստիտուտի, երաժշտական ուսումնարանի ուսանողությունն էր»,- պատմում է այս իրադարձությունների մասնակիցը։ Խոսելով այն ժամանակվա ոգու, տիրող մթնոլորտի մասին, նա նշել է, որ ոգևորությանը զուգահեռ կար խիստ անորոշության զգացում, ոչ մեկ չէր իմանում կհասնի տուն այդ ցույցից հետո, թե կհայտնվի անվտանգության ծառայությունների զնդաններում։
«Սակայն ցույցն անցավ, պայքարը շարունակեցինք, որի հերթական փուլը փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզային խորհրդի որոշումը՝ դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով»,- վերհիշում է մեր զրուցակիցը։ Այնուհետև Սումգայիթում և այլ վայրերում տեղի ունեցան հայերի կոտորածներ, Արցախին բռնի ուժով տիրելու փորձ ու պատերազմ, որն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով և ունեցանք անկախ պետութուն՝ Արցախի Հանրապետություն։
Շարժման ակտիվիստն այսօրվա վիճակի պատճառներից մեկն էլ համարում է այն, որ «ինչ-որ մի հանգրվանում «Միացում» կարգախոսը փոխվեց «Անկախություն» կարգախոսով»։ Նա գտնում է, որ ամեն ինչ կորած չէ։ «Այսօրվա պայմաններում մեզ մնում է ամեն կերպ փորձել պահել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ոգին ու այն փոխանցել մինչև որ ստեղծվեն նպաստավոր պայմանններ և այդ ոգին դրսևորվի նոր ղարաբաղյան շարժմամբ»,- հավելել է նա։