Իրավունքի համար պայքարելու առաքելությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Իրավունքի համար պայքարելու առաքելությամբ

Իրավունքի համար պայքարելու առաքելությամբ

Հերոսությունը արդյո՞ք կանխամտածված գործողության արդյունք է: Անշուշտ, ո՛չ: Պահի տակ կայացրած որոշումն ու իրականացած սխրանքը կարելի է գնահատել որպես գիտակցված, բայց ոչ կանխամտածված գործողություն: Դա գիտակցված գործողությունների շարք է և իր մեջ պարունակում է գաղափարական լիցք, որը դառնում է բնական հակազդեցություն՝ պահի թելադրանք: Հերոսը երբեք չի մտածում, որ իր արարքը հանգցնելու  է հերոսության:

Ազգերի պատմության հերոսական դրվագները ևս նույն տրամաբանությամբ են կերտվում: Երբ բովանդակ մի ազգ հանուն նպատակի  դիմադրում է ու վճռակամություն ցուցաբերում, կերտվում է ազգային հերոսական դրվագ, որը գնահատվում է պատմության  էջերում և դառնում  ինքնության ու դաստիարակչական  փարոս:

Այս օրերին Արցախում բնակվող յուրաքանչյուր անհատ՝ մեծով ու փոքրով, երիտասարդով ու տարեցով կերտում են հայ ազգի պատմության հերոսական էջերից մեկը:

Պայքարի ու տոկունության պահին պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր անհատ պատասխանատու  է և հանձնառություն ունի հայ ժողովրդի պատմության հերոսական էջեր արձանագրելու առաքելության մեջ:

Մեր պայքարը իրավունքի համար է, հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, զարգանալու և ստեղծագործելու համար: Այս ուղին միակ ելքն է հայրենի հողի վրա ապրելու և հարատևելու համար, որը շարունակությունն է մեր պապերի՝ տարբեր ժամանակահատվածներում  ձեռք բերած հաղթանակների, ձեռքբերումների, նվաճումների պահպանման և դրանց զարգացման:

Դիմադրության այս ծանր օրերին պետք է իրողություն դառնա բոլորի սեփականությունն ու գիտակցության սևեռակետը՝ «իրավունքը մնում է քոնը, քանի դեռ ինքնակամ չես հանձնել»: Իսկ երբ թուլակամության, ընկրկման հետևանքով այդ իրավունքն է «հանձնվում»,  այլևս տերը չես ոչ միայն դու, այլև հաջորդ սերունդներն են զրկվում այդ իրավունքին տեր լինելու հնարավորությունից:

Հայրենիքում ապրելու, զարգանալու և ստեղծագործելու իրավունքը համամարդկային արժեք է: Այդ իրավունքի պահպանումն ու իրացումը ոչ թե միայն մեր, մեր սերունդների ազգային պարտքն ու առաքելությունն է, այլ նաև համամարդկային, քաղաքակրթության արժեքների պահպանման ու ամրագրման գործընթացը:

Արցախը լծված է այդ գործընթացում իր լուման ներդնելով: Յուրաքանչյուր անհատ, դպրոց հաճախող մանուկ ու իր սեփական ուժերով հողին կառչած՝ իր և իր ընտանիքի կարիքները հոգացող գյուղացի տատիկն ու պապիկը այսօր անմասն չեն պայքարի դրոշը կրելու պատվից ու բարոյական պարտքից:

«Ապառաժ»-ի խմբագրական

30 հունիսի, 2023թ.

1