Իրար հետ ապրել ենք ընդամենը 5 տարի, սակայն այդ տարիներն իմ մեջ թողել են ամենաջինջ ու թանկ հիշողություններ․ԳենյաԳալստյան
Գլխավոր » Գաղափարական » Իրար հետ ապրել ենք ընդամենը 5 տարի, սակայն այդ տարիներն իմ մեջ թողել են ամենաջինջ ու թանկ հիշողություններ․ԳենյաԳալստյան

Իրար հետ ապրել ենք ընդամենը 5 տարի, սակայն այդ տարիներն իմ մեջ թողել են ամենաջինջ ու թանկ հիշողություններ․ԳենյաԳալստյան

Ամեն տարի օգոստոսի 23-ին Մոսիյանների ընտանիքը Մարտունիում այցելում էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նահատակված որդու, եղբոր, ամուսնու, հոր՝ Մերուժանի գերեզմանին, ծաղիկներ խոնարհում, խնկարկում՝ հիշելով այն պահերը, երբ Մերուժանն իրենց հետ էր։ Այդ տարիները որքան որ երանելի են ընտանիքի համար, նույնքան էլ ցավոտ են, քանզի պատերազմ էր և անընդհատ զոհվում էին մեր տղաները հանուն հայրենիքի։ Այսօր հարազատները, բոլոր արցախցիների նման, գտնվում են հայրենի Արցախից հեռու և իրենց հարազատի գերեզմանն այցելելու հնարավորություն չունեն։

Մերուժան Մոսիյանը Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարն էր, բոլորի կողմից սիրված ու հարգված մարդ, ում վրա կարելի էր հույս դնել ցանկացած հարցում։ Լեգենդար հրամանատարը հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով:

31 տարի է անցել Մերուժանի զոհվելուց հետո, սակայն կինը՝ Գենյան, ամեն օր զգում է ամուսնու ապրեցնող ներկայությունը, մտովի վերադառնում երանելի անցյալ:

1988 թվականին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի վերջին կուրսի ուսանողներ էին։ Ստեփանակերտում արդեն սկսվել էին հանրահավաքներն ու ստորագրահավաքները, և ուսանողական խմբերի հետ Մերուժանն ու Գենյան նույնպես ակտիվորեն մասնակցում էին, ապրում Արցախի օրեցօր զարգացող իրադարձություններով։ Նրանք գրեթե ամեն օր միասին էին, ու այդ ամենօրյա շփումները նրանց մեջ խորացրին այն մեծ սերն ու փոխադարձ վստահությունը, որից հետո հասկացան՝ առանց իրար այլևս չեն կարող․․․

-88-ին ավարտեցինք ինստիտուտը, ու ես պետք է վերադառնայի հայրենի Գորիս, որտեղ ինձ համար լուծված էր աշխատատեղիս հարցը։ Ծնողներս ու հարազատներս ինձ էին սպասում, սակայն ես կանգնել էի երկմտանքի առաջ․ մի տեսակ ճիշտ չէի համարում թողնել Արցախը պատերազմի նախաշեմին և հեռանալ։ Մերուժանը նունպես ցանկանում էր, որ մնամ, ու ես ընտրեցի սրտիս թելադրանքը և որոշեցի Արցախի 150 հազար բնակիչներից մեկը լինել։ Ամուսնացանք օգոստոսի 23-ին և պատերազմին զուգահեռ սկսեցինք մեր համատեղ կյանքը, երեխաներ ունեցանք։ Մերուժանի երազանքն էր՝ իր նոր տունն ունենալ, և նա սկսեց Մարտունիում տուն կառուցել։ Ցավոք, չհասցրեց երազանքն իրականացնել։ Նրա զոհվելուց հետո տան շինարարությունն ավարտին հասցրեց կրտսեր եղբայրը՝ Արթուրը։ Տունը մնաց որպես հիշատակ Մերուժանից, և այդ օջախը միշտ վառ պահելու համար ծնողները թողեցին իրենց տունն ու տեղափոխվեցին այնտեղ։ Մերուժանի տանը նրանք ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը․․․

Շարժման սկզբում Մերուժանը հազվադեպ էր տանը լինում։ Գիշերները իր մի քանի ընկերների հետ հերթապահում էին հայերի տների անմիջական հարևանությամբ գտնվող Խոջավենդ ադրբեջանական թաղամասի դիմաց։ Իսկ առավոտյան գալիս էր տուն, իրեն կարգի բերում և գնում աշխատանքի՝ պատմություն դասավանդելու դպրոցում։ Ցերեկներն էլ  շատ քիչ ժամանակով տուն էր մտնում, մի փոքր հանգստանում, նորից գնում դիրքեր։ Այդ շրջանում շատ քիչ մարդիկ էին հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն Մերուժանը աստիճանաբար կարողացավ ընդլայնել շարքերը, և որոշ ժամանակ անց ստեղծեց 500 հոգանոց գումարտակ ու ընտրվեց գումարտակի հրամանատար։ Իր գումարտակով մասնակցել է Արցախի բոլոր շրջանների մարտական գործողություններին։

1993 թվականի օգոստոսի 23-ն էր, մեր ամուսնության 5-րդ տարեդարձի օրը։ Մարտական ընկերոջ՝ Լիբանանից Արցախ տեղափոխված Մհեր Ջուլհաճյանի հետ պետք է գային տուն, որ հիշենք մեր ամուսնության օրը։ Պարզվեց, որ այդ օրը նաև Մհերի ամուսնության միամյակն է, սակայն նախախնամությունը բոլորովին այլ ճակատագիր էր որոշել նրանց համար։ Միասին զոհվեցին ականի պայթյունից։ Նրանց հետ զոհվեցին նաև մարտական ընկերներ Արտակ Մնացականյանը, Լևոն Համբարձումյանը և Ռուդիկ Ավագյանը։

Առանց Մերուժանի ինձ համար դժվար էր ապրել Մարտունիում, առանց նրա ամեն ինչ դարձել էր անգույն։ Մի քանի ամիս մնացինք Մարտունիում։ Քաղաքում կարծես հանգիստ էր, սակայն դեկտեմբերի 18-ին իրավիճակը հանկարծակի վատացավ։ Ստիպված էի երեխաներիս հետ անընդհատ վազել նկուղ, քանզի տանը միշտ մենակ էի։ Մերուժանի քրոջ առողջական վիճակը վատացել էր և մայրիկի հետ գտնվում էին Երևանում, եղբայրը՝ Արթուրը, միշտ դիրքերում էր, իսկ հայրը որդու կարոտն առնում էր նրա կիսակառույց տանը։ Հայրը հորդորեց՝ երեխաների հետ ժամանակավոր տեղափոխվեմ ծնողներիս մոտ։ Ու ես մեկնեցի Գորիս։

Երեք երեխաներս էլ ծնվել են պատերազմական տարիներին․ Արմինեն՝ 1989-ին, Հայկը՝ 1992-ին, իսկ Մերուժանի զոհվելուց ութ ամիս 21 օր հետո, մայիսի 14-ին՝ կրտսեր Մերուժանը, իմ փրկությունը։ Նա իր ծննդով ստիպեց ինձ ապրել, որ կարողանամ ապրեցնել երեխաներիս․․․

Պատերազմի ավարտից հետո չգիտեի ինչ անել, որտեղ ապրել։ Մտածեցի՝ գուցե մնամ Գորիսում, սակայն հասկացա, որ Մերուժանից հեռու ապրել չեմ կարող։ Վերադարձա Արցախ և բնակություն հաստատեցի Ստեփանակերտում, որտեղ էլ ապրում էինք մինչև 2023-ի սեպտեմբերի տեղահանումը։ Երեխաներս նույնպես չէին ցանկանում Արցախից դուրս ապրել։ Արմինեն ու Մերուժը բարձրագույն կրթություն են ստացել Երևանում, բայց վերադարձել են Արցախ։ Իսկ Հայկը Ստեփանակերտում է ավարտել բարձրագույնը։ Երեքն էլ ընտանիքներով ապրում և աշխատում էին Ստեփանակերտում։

Իմ կյանքում դժվարություններ միշտ էլ լինում էին։ Թեև ես ամուր էի պահում ինձ, ներքուստ ուժեղ էի, սակայն, միևնույն է, Մերուժանի պակասն ինձ հետ էր։ Մշտապես երկու տեղ էի աշխատում, որ կարողանամ ամեն ինչ հասցնել։ Փառք Աստծո, դա ինձ հաջողվեց։ Երեք զավակներս էլ պատշաճ ուսում ու դաստիարակություն ստացած մարդիկ են, ու ես հպարտ եմ, որ Մերուժանը արժանի հետնորդներ է թողել։ Այսօր արդեն մեր թոռնիկներն են քայլեր անում դեպի մեծ կյանք, ու ես մեծ սիրով խնամում եմ նրանց։ Սրտիս խորքում յուրաքանչյուրի մեջ Մերուժանից ինչ որ մի մասնիկ եմ տեսնում,- պատմում է Գենյան ու նրա երկնագույն աչքերում կարոտի ստվերներ են հայտնվում, որոնք փորձում է խնամքով թաքցնել։

Առանց սիրելի տղամարդու նա 31 տարի ճանապարհ է անցել։ Բազում դժվարություններով ու փորձություններով լի տարիներ, որոնց միջով, սակայն, միշտ քայլել է հպարտ, և անկախ ամեն ինչից՝ փորձել ժպտալ կյանքին։ Իսկ երբ իր դաստիարակած երեխաների մասին գովեստի խոսքեր է լսել, շոյվել ու երջանկացել է միանգամից․․․

Տարիների հեռավորությունից Գենյան այնքա՜ն պատկերավոր է պատմում, որ թվում է՝ ներկա ես բոլոր իրադարձություններին ու անձամբ ճանաչում ես Մերուժան Մոսիյան մարդուն, հայրենասերին, զինվորականին․․․

-Բավականին ազնիվ, հոգատար, սրտացավ էր բոլորի հանդեպ։ Նա միայն զինվորական չէր, նաև իր զինվորների սոցիալական խնդիրներին էր ձգտում լուծում տալ։ Մարդիկ դիմում էին Մերուժանին՝ իմանալով, որ անպայման կօգնի իրենց, իսկ ես հպարտանում էի նրա մարդկային արժեքներով։ Մերուժանի մեջ շատ էի գնահատում ազնվությունը։ Իրար հետ ապրել ենք ընդամենը 5 տարի, սակայն այդ տարիներն իմ մեջ թողել են ամենաջինջ ու թանկ հիշողություններ։ 

Իրենից հետո ինձ համար շատ դժվար էր, բայց հպարտ էի, որ պատերազմից հաղթանակով ենք դուրս եկել։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդ հաղթանակը չի ամրագրվել այնպես, որ այլևս պատերազմ չտեսնենք։ Ահավոր է հիշել, թե ինչեր կատարվեցին վերջին տարիներին, ինչքան տղաներ նորից զոհեցինք ու հասանք պարտության դուռը, կորցրինք նաև մեր հայրենիքի մի մասը։ Երբեմն մտածում եմ, որ միգուցե Մերուժանը և իր նման տղաները չզոհվեին, մենք այսպիսի ճակատագիր չէինք ունենա։ Մեծ ցավ եմ ապրում, որ տղաների արյան գնով հաղթանակած երկիրը պահել չկարողացանք։ Թե ում մեղքով, կամ ինչ պատճառներով՝ չգիտեմ, բայց Արցախն այսպիսի ավարտ չպետք է ունենար,- ասում է Գենյան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1