Իրար էին խառնվել արցունքներ ու ժպիտներ, թախիծ և ուրախություն, կորսված հաղթանակ ու անվերջ կարոտ առ Մարտակերտ…
Թե արթուն թե քնած, անունդ եմ տալիս
Դու ամրոց անառիկ քո գիրկն եմ գալիս,
Փաթաթած ոտքերիս ճամփեքդ քարոտ
Իմ հերոս Մարտակերտ, անվերջ իմ կարոտ…
Դեռևս օրեր առաջ համացանցից տեղեկացել էի, որ Արցախից տեղահանված մի խումբ երիտասարդների` Մերի Հովհաննիսյանի, Նարե Ղահրամանյանի, Միլենա Ավետիսյանի և Սպարտակ Օսիպյանի նախաձեռնությամբ հունիսի 28_ին տեղի կունենա «Իմ հերոս Մարտակերտ, անվերջ իմ կարոտ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մարտակերտ քաղաքի ազատագրման օրվա 32-րդ ամյակին:
Ու առաջին միտքը, որ ծագեց մոտս, դառը հեգնանքն էր՝
Ազատագրված ու նորից կորսված…
1993 թվականի հունիսի 27-ին, մեկ տարի օկուպացված մնալուց հետո, Մարտակերտն ազատագրվեց հայկական ուժերի շնորհիվ։

Մարտակերտի ազատագրման ռազմական գործողությունը տեղի է ունեցել 1993 թվականի հունիսի 26-27–ին։ Քարվաճառի ռազմական գործողությունից հետո, երբ ջախջախվել է ադրբեջանական զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորումը, Պաշտպանության բանակի հրամանտարությունը ձեռնամուխ է եղել Մարտակերտի ազատագրման ռազմական գործողության մշակմանն ու նախապատրաստմանը։
Կարճ ժամանակամիջոցում իրականացվել է ուժերի և միջոցների վերախմբավորում։ Հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով պլանավորվել է մի քանի ուղղություններով հարձակողական գործողություններ ձեռնարկել միաժամանակ։ Մարտակերտ քաղաքի մոտ կենտրոնացվել են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Շուշիի ՊՇ-ներից ընտրված հարվածային մի քանի ստորաբաժանումներ, կենտրոնական ուղղության զորամասեր և ՀՀ մի շարք կամավորական ջոկատներ։
Հունիսի 2-րդ կեսին հաջողությամբ իրականացնելով մարտական խնդիրները՝ հայկական ուժերը գրավել են մարտավարական կարևորության մի քանի բարձունքներ ու բնագծեր։ Մարտակերտի հարավարևելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Ակնա (Աղդամ)-Մարտակերտ ճանապարհի բնագիծ։ ՊԲ-ի ստորաբաժանումների գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։ Սակայն ՊԲ մարտիկները խոցել են մեկ ինքնաթիռ և տևական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ուժերը դուրս բերել Խրամորթ-Բոյահմեդլի–Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծ։
Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը։
32 տարի անց, Մարտակերտը դարձյալ գերության մեջ է… անտեր ու լքված… Մարտակերտը մեզ համար ոչ միայն քաղաք է՝ այլ մեր կորցրած հավատը, մեր չմարող հույսը։
Նախաձեռնության նպատակն էր վերարժևորել 1993 թվականի Մարտակերտի ազատագրման օրը՝ որպես մեր պատմական հիշողության, ազգային ինքնության և համայնքային համախմբման խորհրդանշական օր։ Միջոցառումն ուղղված էր Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցների սխրանքի արժևորմանը՝ որպես մեր ազգային ինքնագիտակցության անբաժան մաս։
Այդ օրն առավոտյան մարտակերտցիներն այցելեցին Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան բոլոր պատերազմների զոհվածների հիշատակին։
Չնայած Հաղթանակի զբոսայգու բացօթյա դահլիճում համերգը նախատեսված էր երեկոյան ժամը 19։00_ին, բայց մարտակերտցիների քայլերը շատ ավելի վաղ էին ուղղվել դեպի այգի` ժամ առաջ իրար տեսնելու ակնկալիքով։
Հաղթանակի զբոսայգում իրար էին խառնվել արցունքներ ու ժպիտներ, թախիծ և ուրախություն, կորսված հաղթանակ ու անվերջ կարոտ առ Մարտակերտ… Յուրաքանչյուր քայլափոխի գրկախառնություններ էին ուսուցիչների, նախկին գործընկերների ու աշակերտների, ամբողջ մի կյանք կողք-կողքի ապրած, բայց արդեն 2 տարի իրար չտեսած հարևանների հետ…
Զարթնել է ու բացվել երկինքը իմ
Ազատ է տառապած երկիրը իմ
Գարնան կռունկներն են տունդարձի ճամփեքին,
Մարտակերտ են թռչում, հող իմ անգին
Գարնան կռունկներն են տունդարձի ճամփեքին,
Միանամ նրանց երամներին:
Կռիվ ու պատերազմ դարձել է հուշ
Բայց վերք է մնացել սրտիդ քնքուշ
Տղերքդ հանգչում են մարտերի դաշտերում
Հարազատ Մարտակերտ, հող իմ անուշ
Տղերքդ զոհվել են, որ գալիքդ պայծառ
Չծածկի էլ երբեք սև մշուշ…
Արմինե ԲԱԴԱԼՅԱՆ
