Իրանն ի վիճակի է ստատուս քվոյի պահպանման առումով այլ առաքելություններ ստանձնել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Իրանն ի վիճակի է ստատուս քվոյի պահպանման առումով այլ առաքելություններ ստանձնել

Իրանն ի վիճակի է ստատուս քվոյի պահպանման առումով այլ առաքելություններ ստանձնել

2022թ. նոյեմբերի 8-ին Արցախ էր այցելել Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս, պ.գ.թ. Կարեն Խանլարյանը, ում հետ «Ապառաժ»-ը զրուցել է տարածաշրջանում Իրանի դերի, հարեւան երկրների հետ հարաբերությունների մասին:

-Մեր տարածաշրջանում Իրանը նշանակալից դեր ունի, հատկապես պատերազմից հետո իր հայտարարություններով, զորավարժություններով ոչ միայն հավասարակշռություն պահպանող գործոն է, այլ նաև աշխարհաքաղաքական հաշվարկներում վճռական խոսք ասող: Ինչքանո՞վ է հավանական պանթուրքիստական նկրտումների դեմ Իրանի գործնական ներգրավվելը:

-Իրանի այդ զորավարժությունները հիմնականում զսպողական նշանակություն ունեն, զսպում են ավելի մեծ պատերազմները և նոր ագրեսիաները, հատկապես՝ Հայաստանի դեմ: Ինչպես Իրանի հեղափոխության բարձրաստիճան ղեկավարությունն է հայտարարել՝ սահմանային փոփոխությունները և ընդհանրապես աշխարհաքաղաքական փոփոխությունները Հարավային Կովկասում «կարմիր գիծ» է համարվում: Վերջին զորավարժություններն ու հայտարարությունները, «կարմիր գծով» ձևավորված ռազմավարական խնդիրները, արծարծված դոկտրինաները զսպողական նշանակություն ունեն, թեև չի բացառվում, որ եթե հատկապես Թուրքիան փորձի ներկա ստատուս քվոյի առումով հավասարակշռությունը խախտել, Իրանը կարող է ավելի կոպիտ դերակատարություն ունենալ:

Այս բոլորը ցանկություն կամ բացահայտ տենդենց է ավելի մեծ դերակատարություն ստանձնելու առումով, որովհետև Իրանն ի վիճակի է խաղաղության գործընթացները և ստատուս քվոյի պահպանման առումով այլ առաքելություններ ստանձնել: Օրինակ, չի բացառվում խաղաղապահ առաքելություն, մշտադիտարկման մեխանիզմների ձևավորում և այլն: Ամեն դեպքում, այս ակտիվ քաղաքականությունը բավականին մեծ հնարավորություն է տալիս Հայաստանին և Արցախին, որպեսզի կարողանան ստեղծված անբարենպաստ վիճակը մի փոքր փոխել, նժարը թեքել դեպի ավելի հայանպաստ կացություն:

-Ռազմական բացահայտ առճակատման վտանգ տեսնո՞ւմ եք:

-Եթե չլինեին վերը հիշատակված հանգամանքները, ավելի մեծ կլիներ Թուրքիայի կոպիտ միջամտությունը Հարավային Կովկասի հարցերում, բայց հիմա նվազել է ռիսկը, որ Թուրքիան կփորձի ռազմական միջամտությամբ հարցերը լուծել կամ արագացնել կապիտուլյացիայի նոր պայմանագրի ստորագրումը:

-Վերջերս Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մեջ մեղադրվում է ադրբեջանցի ահաբեկիչը, ով Բաքվից է ժամանել Իրան: Այդ կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել նաև Իրանի ԱԳՆ-ն: Ի՞նչ եք կարծում, այս իրողությունը կարո՞ղ է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա:

-Մոտ 30 տարի առաջ մի միտք էր շրջանառության մեջ դրվել, որ Իրանը փորձում է Ադրբեջանի հետ ունենալ քաղաքական շատ ընդարձակ, մեծ մակերեսով, բայց փոքր խորությամբ հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ խորքային, բայց փոքր մակերեսով հարաբերություններ: Դրա ինչ-որ դրսևորումը կամ նոր ձևակերպումը վերջին ժամանակներում է ի հայտ եկել: Այս մոտեցումը պետական պաշտոնական դիրքորոշումների մեջ չէ: Ավելի շուտ, վերլուծաբանների մոտ է ի հայտ գալիս այն մոտեցումը, որ Իրանը պետք է ձգտի՝ ընդլայնելով հանդերձ իր փոխհարաբերությունները Ադրբեջանի հետ, միևնույն ժամանակ ձևավորել ռազմավարական գործընկերություն Հայաստանի հետ: Քաղաքական փոխհարաբերությունների խորացման երևույթը և ռազմավարական դաշնակցության կամ գործընկերության դրվածքը տեսակով տարբեր են, էությամբ տարբեր մակարդակներ են զբաղեցնում:

Ինչ խոսք, Իրանի և Ադրբեջանի միջև այդ լարվածությունը կա, մանավանդ Ադրբեջանը նախկինում էլ է նման հակաիրանական ահաբեկչական գործողություններ ղեկավարել կամ կազմակերպել Բաքվից՝ Իսրայելի օգնությամբ ու նույնիսկ Իսրայելի ուղղակի դերակատարությամբ: Օրինակ, մի քանի տարի առաջ ուրանի հարստացման գծով 6 գիտնականներ ահաբեկվեցին Իրանում: Այդ գործողությունն իրականացրեց Իսրայելը, «Մոսադը», իսկ ղեկավարվում էր հենց Ադրբեջանի տարածքից: Այդ ժամանակ էլ լարվածությունը բարձրացավ: Ադրբեջանի տարածքն Իսրայելի կողմից արդեն բացահայտ կերպով օգտագործվում է որպես հակաիրանական լրտեսական կամ ուղղակի ահաբեկչական միջավայր:

Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Իրանը որպես միջնորդ է ցանկացել հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն Ալիևը մերժել է միջնորդության առաջարկը: Ինչքանո՞վ եք հավանական համարում Իրանի միջնորդական առաքելությունը: Արդյո՞ք դրա հետ կապ ունի Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Իրան:

-Միշտ էլ եղել է միջնորդական դեր ստանձնելու պատրաստակամությունը: Բայց, մանավանդ Փաշինյանի վերջին այցելությունը կապված է Սոչիի եռակողմ բանակցությունների արդյունքների հետ: Թեև բացահայտ տեղեկություններ չունենք, բայց կարելի է ենթադրել, որ Իրանը ընդգծած պետք է լինի այսպես կոչված «վաշինգտոնյան» առաջարկության մերժումը և «մոսկովյան» առաջարկության կիրառումը: Կարծում եմ՝ Իրանը փորձում է Հայաստանին մղել դեպի «մոսկովյան» առաջարկություն: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հստակ հայտարարել է, որ արտաքին միջամտությունները կարող են վատ հետևանքներ ունենալ և տարածաշրջանը կանգնեցնել նոր մարտահրավերների դեմ հանդիման: Այս խոսքը ինքնին նշանակում է Իրանի առնվազն հակառակությունը «վաշինգտոնյան» առաջարկությանը: Մանավանդ Ն. Փաշինյանի այցը տեղի ունեցավ չծրագրված կերպով՝ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո: Սակայն դեռևս պետք է չբացահայտված կողմերը հայտնի դառնան, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ կողմնորոշվել:

-Մոտ երկու ամիս է՝ Իրանում տեղի են ունենում զանգվածային անկարգություններ, բողոքի ակցիաներ: Արդյո՞ք դրանք կարող են հանգեցնել իշխանափոխության և ազդել Իրանի քաղաքական դիրքորոշման փոփոխության վրա:

-Չի բացառվում, բայց շատ քիչ հավանական է: Ե՛վ 2009թ., և՛ 2017թ., և՛ 2019թ. նմանատիպ քաղաքացիական անհնազանդության կամ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, և փորձը ցույց է տալիս, որ միշտ, նույնիսկ արդար բողոքի ակցիաների ալիքի վրա, բարձրանում են սուր հակապետական, ահաբեկչական, անջատողական շարժումներ: Այս անգամ ավելի ընդգծված էր այս երևույթը: Շատերի կարծիքով՝ միջադեպի հետ կապված արդար բողոք էր, բայց դրանց բնույթը լրիվությամբ փոխվեց հենց այդ անջատողական շարժումների և սուր հակապետական ահաբեկչական կազմակերպությունների առկայության պայմաններում: Ցույցերը, բողոքի ակցիաները փոխվեցին և վերածվեցին իշխանության փոփոխության խնդրի: Իհարկե, դրան համապատասխան Իրանը փորձում է հակաքայլերի դիմել, այդ շարժումները աստիճանաբար մարում են, հետևաբար իշխանափոխության հավանականությունը քիչ է:

Ցույցերի միջոցով մի շարք արևմտյան պետություններ փորձում են նոր զիջումներ կորզել Իրանից, նոր առավելություններ ձեռք բերել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց չեմ կարծում, թե այս շարժումները կարող են ազդել արտաքին քաղաքականության ռազմավարական առանցքի վրա:

-Բացի ներքին անկարգություններից և ներքին քաղաքական ասպարեզում տիրող իրավիճակից, Իրանը նաև դեմ հանդիման է կանգնած միջազգային հնչեղություն ունեցող ուրանի հարստացման հարցով առաջացած խնդիրներին: Տարիներ շարունակ բանակցություններ են ընթանում և Իրանը ենթարկվում է սահմանափակումների: Այս առումով ինչ-որ փոփոխություն կանխատեսո՞ւմ եք:

-Համընդհանուր ծրագրի փաթեթը «5+1» բանակցությունների առանցքն էին կազմում: Դրանք 2017թ.  ի վեր փակվեցին ԱՄՆ-ի կողմից: Հիմա դրա վերաբացման կամ այդ օրակարգին անդրադառնալու որոշ նախանշաններ է ցույց տալիս ԱՄՆ-ն: Պատժամիջոցներն այդ բանակցությունների հետ են կապված, և կարծում եմ, որ այդ բանակցությունները ուշ թե շուտ տեղի են ունենալու: Հարցը կախված է մի շարք երաշխիքներից, որոնք Իրանը պահանջում է ԱՄՆ-ից: Իշխանափոխության պայմաններում անընդհատ վայրիվերումների է ենթարկվում բանակցությունների հարցում ԱՄՆ քաղաքականությունը: Իրանը երաշխիքներ է փորձում կորզել ԱՄՆ-ից, որ իշխանափոխության դեպքում ընթացքը չփոխվի: ԱՄՆ-ն էլ չգիտեմ ինչքանով է ի վիճակի այդ երաշխիքները տալ: Նրանց պետական ընթացակարգը նկատի ունենալով՝ կարող է մեծ փոփոխությունների ենթարկվել արտաքին քաղաքականությունը, բայց հիմա այդ բանակցությունները վերսկսելու հարմար պայմաններ կան, մնում է երկուստեք քաղաքական կամք դրսևորեն: Արդեն որոշ պատժամիջոցներ հանվել են, բայց հնարավոր է ավելի պակասեն, և հարցի եթե ոչ վերջնական, գոնե մասնակի լուծումն ապահովվի:

-ՀՀ անկախության օրվանից, ինչու չէ՝ նաև Արցախի հարցի կապակցությամբ Իրանը միշտ հիշատակվում է իր հավասարակշռված և ինչ-որ տեղ հայամետ դիրքորոշումներով: Սակայն առերևույթ կերպով այս մոտեցումները որևէ դրսևորում չեն ունենում: Ձեր տեսակետը՝ հնարավո՞ր է ավելի սերտ հարաբերություններ հաստատել:

-Կարծում եմ՝ 44-օրյա պատերազմից հետո, առկա պայմանների համեմատ, այսօր դրականորեն փոխվել է Իրանի դիրքը: 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը պասիվ դիրք է ունեցել, հատկապես հենց այն ագրեսիայի նկատմամբ, որն այսօր էլ շարունակում է Ադրբեջանը: Իրանի դրսևորած պահվածքը նաև առիթ է դարձել, որ այս իրավիճակը ստեղծվի տարածաշրջանում:

Իրանում նախագահ է փոխվել. Ռոհանիի կառավարությանը փոխարինել է Ռայիսիի կառավարությունը: Այս փոփոխությունն արտաքին քաղաքականության մեջ վերանայումների է հանգեցրել, և հայտարարված «կարմիր գծերով» ձևավորված ռազմավարությունը հենց այդ մոտեցումների փոփոխության հետևանքն է: Սա լուրջ փոփոխություն է՝ նկատի ունենալով Իրանի քաղաքական վիճակը, քաղաքական դաշտը և այն բոլոր մեխանիզմները, որոնք այնտեղ աշխատում են արտաքին քաղաքականության համատեքստում:

-Արդյո՞ք Հայաստանի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվում են:

-Կարծում եմ՝ ՀՀ-ն այս հարցում պասիվ մոտեցում է ցուցաբերում, որն իր պատճառներն ունի: Պատճառների մի մասը, որոնք կապված են արևմուտքի հետ փոխհարաբերությունների համատեքստին, հասկանալի են, իսկ մի մասն էլ՝ անհասկանալի: Իրանը բավականին սկզբունքային, ակտիվ ու նախաձեռնող է այս հարցում: Կապանի հյուպատոսարանի բացումը շատ հստակ քայլ էր: Թեև տարիներ ի վեր Իրանը ձգտում է այդ հյուպատոսարանը հիմնել, բայց այս օրերին, առկա պայմաններում այդ քայլին դիմելը հենց խոսում է արտաքին քաղաքականության մեջ վերանայումների մասին:

Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը

1