Իրանը հայ զբոսաշրջիկների համար կարող է դառնել հիմնական ուղղություններից մեկը
Գլխավոր » Լրահոս » Իրանը հայ զբոսաշրջիկների համար կարող է դառնել հիմնական ուղղություններից մեկը

Իրանը հայ զբոսաշրջիկների համար կարող է դառնել հիմնական ուղղություններից մեկը

Սուրեն Պարսյանը ներկայացրել է իրանական կողմի հրավերով մեկշաբաթյա այցով Թեհրանում ունեցած հանդիպումները։

Հատկանշական է, որ Թավրիզը ներկայացնող իրանական որոշ ընկերությունների ցուցանակներում և բուկլետներում առկա էին նաև հայերեն տեղեկություններ՝ հստակ մատնանշելով և կարևորելով այդ շրջանի հայկական մշակութային ժառանգությունն ու սփյուռքը։ Հարկ է նշել, որ Իրանում հայ մշակութային ժառանգությունը մշտապես գտնվում է պետության հոգածության ներքո, ինչն էլ ավելի մեծացնում և հետաքրքիր է դարձնում Իրանի տուրիստական ներուժը։ Այն կարող է դառնալ աշխարհի լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես է հնարավոր կողք կողքի ներկայացնել և պահպանել իսլամական և քրիստոնեական մշակութային ժառանգությունները։ Իրանական մշակույթի և զբոսաշրջության կենտրոններ են հանդիսանում Շիրազը, Քազվինը, Թավրիզը, Քերմանը, Սպահանը, Գոմը, Սանանդաջը, Խորասանը և այլն։

«Տուրիզմի և հարակից ոլորտների միջազգային ցուցահանդես»-ը կազմակերպվում է պարբերաբար. այն արդյունավետ հարթակ է նոր գործընկերներ գտնելու, փորձի փոխանակման և ընդհանուր տուրիստական ոլորտի միտումները գնահատելու համար, որին պետք է հրավիրվեն (ակտիվ մասնակցեն) նաև հայկական տուրիստական ընկերություններ։ Ցուցահանդեսի շրջանակներում Իրանի տուրիզմի նախարար Էզաթուլլահ Զարղամը հանդիպեց ԻԻՀ մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռագործ աշխատանքի նախարարության և «Իրան-հայկական բարեկամության ասոցիացիա» ՀԿ-ի հրավերով Հայաստանից ժամանած փորձագետների հետ։

Ուշագրավ է, որ 2022 թվականի ընթացքում ԻԻՀ-ից Հայաստան են ժամանել 116430 տուրիստներ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,5 տոկոսով։ Թեև 2022 թվականի ընթացքում Հայաստանից մեկնած ընդհանուր զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2,6 անգամ, սակայն դեպի ԻԻՀ Հայաստանի տուրիստական հոսքերը շատ փոքր են, ինչը հիմնականում պայմանավորված է Իրանի մասին սակավ և երբեմն ոչ ճիշտ տեղեկատվությամբ, իրանական և հայկական տուրիստական ընկերությունների պասիվությամբ և այլ հանգամանքներով։ Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում հայ զբոսաշրջիկների համար նոր և ակտիվ զբոսաշրջային ուղղություն է դարձել Քիշը (Հորմոզգանի նահանգում), որը Պարսից ծոցում գտնվող իրանական փոքր կղզի է։ Այն հանդիսանում է Իրանի և Պարսից ծոցի ամենախոշոր և հայտնի լողափային հանգստավայրերից մեկը։ Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է, որտեղ կարելի է շատ մատչելի գներով ձեռք բերել տարբեր նշանակության ապրանքներ։ Դեպի Իրան զբոսաշրջային հոսքերի աճին կարող են նպաստել էժան ավիատոմսերը։ Նշեմ, որ հայկական և իրանական ավիաընկերությունները շաբաթը մի քանի կանոնավոր թռիչքներ ունեն։

ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա, ինչը թույլ է տալիս զարգացնել և ընդլայնել հայ-իրանական առևտրատնտեսական կապերը բոլոր ուղղություններով։ Հայ-իրանական քաղաքա-տնտեսական հարաբերությունները չեն եղել և չեն կարող լինել ի վնաս երրորդ երկրների, Հայաստանն և Իրանը չունեն զարգացման այլընտրանք։ Հարկ է ընդգծել, որ ներկայում այս տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որ վարում է կայունացնող, նոր բախումները զսպող քաղաքականություն, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից։

1