Իրաքի շիաների ղեկավարը իշխանություններին կոչ է արել պայքար սկսել Թուրքիայի դեմ
Գլխավոր » Լրահոս » Իրաքի շիաների ղեկավարը իշխանություններին կոչ է արել պայքար սկսել Թուրքիայի դեմ

Իրաքի շիաների ղեկավարը իշխանություններին կոչ է արել պայքար սկսել Թուրքիայի դեմ

Իրաքի շիա սադրիստական շարժման ղեկավար, «Մահդիի բանակի» առաջնորդ Մուքթադա աս Սադրը Իրաքի իշխանություններին կոչ է արել պայքարել Թուրքիայի դեմ՝ Քուրդիստանի վրա հարձակվելու պատճառով։

«Թուրքիան գնալով ավելի է լկտիանում՝ հավատալով, որ Իրաքը կարող է պատասխանել միայն արտաքին գործերի նախարարության թույլ դատապարտմամբ», — գրել է նա Twitter-ում։

Ալ Սադրը կոչ է արել «էսկալացիայի» գնալ և առաջարկել «Թուրքիայում դիվանագիտական ներկայության կրճատում և երկու երկրների միջև օդանավակայանների ու սահմանային անցումների փակում»:

Նա նաեւ առաջարկել է «պաշտոնական ուղիներով բողոք ներկայացնել ՄԱԿ-ին եւ որքան հնարավոր է շուտ խզել Թուրքիայի հետ անվտանգության համաձայնագիրը»։

Շիա հոգեւորականն ասել է, որ Անկարան պետք է համակարգի Իրաքի կառավարության հետ իր գործողությունները, երբ իր սահմաններին վտանգ հայտնաբերի: Հակառակ դեպքում՝ հյուսիսային նահանգներում եւ Քուրդիստանում ահաբեկչական հարձակումներն «այլեւս չեն կարող հանդուրժվել»։

Չորեքշաբթի թուրքական հրետանին գնդակոծել է Իրաքյան Քուրդիստանի Զախո և Բատիվա շրջանները։ Shafaq լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չորս արկ է ընկել Զախոյի Բարահ հանգստավայրի վրա։ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության առողջապահության նախարար Սաման ալ Բարզանջին հայտնել է, որ գնդակոծության հետևանքով զոհվել է 9 զբոսաշրջիկ, վիրավորվել՝ 22-ը։

yerkir.am

1