Ինքնակամ անցակետի գոյությունը օրինականացնելը հավասարազոր է նոր ցեղասպանության․ Հովիկ Ավանեսով

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովի կարծիքով մեր բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն անցակետը ապամոնտաժելուն, իսկ ոչ էական նպատակներով շարժն անցակետով այն դարձնում է օրինական, ինչը հավասարազոր է նոր ցեղասպանության։
«Ընդհանրապես նախ պետք է ընդգծել, որ անցակետի տեղադրում սահմանված չէ ոչ մի գրավոր փաստաթղթում՝ ո՛չ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ո՛չ 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության փաստաթղթում, սակայն նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակորեն արձանագրված է, որ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ վերահսկվի բացառապես ռուս խաղաղապահների զորախմբի կողմից։ Այս տեսակետից այդ բոլոր պայմանավորվածությունների խախտումը նաև միջազգային իրավական նորմերի խախտում է»,- ասել է Հ․ Ավանեսովը։
Անդրադառնալով անցակետից օգտվելու հետ կապված հարցին՝ Հովիկ Ավանեսովը նշեց, որ հստակորեն պետք է արձանագրենք, որ անցակետով տեղաշարժը պետք է լինի բացառապես առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների, այն էլ Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով։
«Մնացյալ պարագայում, բնականաբար պետք է զերծ մնանք իրավականացնելու Ադրբեջանի ապօրինի անցակետը, որովհետև դրանով ստացվելու է, որ հաստատում են, ընդունում են այն քաղաքականությունը, որն իրականացնում է Ադրբեջանը, և ընդունում են այն խաղի կանոնները, որ թելադրում է Ադրբեջանը, իսկ նման պարագայում դա հավասարազոր է պետականության կորստին։ Պետք է հստակորեն արձանագրել՝ պայքարը պետք է լինի դիվանագիտական և իրավական ճանապարհով, բոլոր մեխանիզմները գործադրելով, որպեսզի այդ անցակետն այդտեղից հեռացվի։ Բնականաբար դրան հնարավոր չէ հասնել երկու օրում, պետք է որոշակի ժամանակ, պետական դիվանագիտական բոլոր ներուժի կենտրոնացում»,- ասել է դասախոսը։
Նրա խոսքով պետք է բոլոր ուղղություններով ներկայացնել, որ այդ անցակետը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, և հստակորեն ցույց տրվի աշխարհին, որ այն տեսանյութերը, որ Ադրբեջանը տարածում է, չի նշանակում, թե մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն։
«Ազատ տեղաշարժը միայն մի պարագայում է լինում, երբ դու առանց որևէ մեկի ուղեկցության ես տեղաշարժվում։ Եթե ռուս խաղաղապահների մեքենաները ուղեկցում են մեր քաղաքացիներին, սա նշանակում է, որ երթևեկն անվտանգ չէ, և սահմանափակվում է մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը»,-ընդգծել է Հ․ Ավանեսովը։
Ըստ նրա՝ պետք է արձանագրվի նաև այն հանգամանքը, որ ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնց տեղաշարժը նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է անհնար, այսինքն՝ Ադրբեջանը քրեական գործեր ունի հարուցած մեր բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ։ «Ցանկացած պահի այդ մարդկանց կարող են առևանգել անգամ ուղեկցողների ներկայությամբ։ Խոսքը ոչ միայն պաշտոնյաների, այլև այն մարդկանց մասին է, ովքեր տարիներ շարունակ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում աշխատել են հակաադրբեջանական դաշտում։ Սա խոսում է այն մասին, որ մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն անցակետը չեզոքացնելուն։ Ոչ էական նպատակներով շարժն անցակետով այն դարձնում է օրինական և, փաստորեն, համաձայնվում ենք այն չակերտավոր ինտեգրացիայի քաղաքականությանը, որն առաջարկում է Ադրբեջանը։ Դա հավասարազոր է նոր ցեղասպանության։ Մենք պետք է հաշվի առնենք այս հանգամանքն ու հնարավորինս զերծ մնանք այն օգտագործելուց»,-ասել է Հ․ Ավանեսովը։
Նա հասկանալի համարեց քաղաքացիների՝ իրենց հայրենակիցների հետ շփման անհրաժեշտությունը, բայց քանի գործում է այդ անցակետը, նման դեպքերը պետք է նվազագույնի հասցվեն, որպեսզի հավելյալ խաղաքարտեր չտանք Ադրբեջանին։
«Ադրբեջանն այդ տեսանյութերն օգտագործում է՝ ամբողջ աշխարհին ցույց տալու իր տոլերանտերությունը հայերի նկատմամբ, սակայն դրա մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նրանք անգամ Կարմիր խաչի մեքենաներն են ստուգում, պարունակությունը, մարդկանց անձնագրերը։ Աշխարհի որևէ անկյունում, անգամ ամենահետամնաց վայրերում, Կարմիր խաչի կամ իրավազոր կազմակերպությունների մեքենաներին ահաբեկիչները չեն մոտենում։ Իսլամական պետությունը, որն աշխարհի ամենածայրահեղ ահաբեկչական պետությունն է համարվում, երբեք որևէ պետության տարածքում կարմիր մահիկի մեքենա չի կանգնեցրել, ստուգել կամ պայթեցրել, սակայն Ադրբեջանի կողմից մի քանի դեպքեր են եղել, երբ 15-20 րոպե ստուգվել է բժշկական մեքենան, այն պարագայում, երբ այդ մեքենան տեղափոխում էր սուր շնչառական խնդիրներով քաղաքացու, և որի կյանքի ամեն մի րոպեն շատ թանկ էր նրան րոպե առաջ հիվանդանոց հասցնելու և բուժօգնություն ցուցաբերելու համար»,-ասել է Հովիկ Ավանեսովը։
Նրա կարծիքով պետք է հստակ հասկացնել միջազգային կազմակերպություններին, որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների վրա աչք փակելով՝ նրանք հավասարապես հանցագործներ են համարվում։
«Իրավական առումով թե՛ ներպետական, թե՛ միջազգային փաստաթղթերով, կոնվենցիաներով այդ անցակետի ներկայությունը կոպտագույնս խախտում է մարդու հիմնարար իրավունքները՝ ազատ տեղաշարժից սկսած, անվտանգության իրավունքով և անձնական տվյալների գաղտնիության իրավունքով ավարտած։ Ինչ վերաբերում է այն հայրենակիցներին, ովքեր ոչ աոողջական խնդիրներից ելնելով են օգտվում անցակետից, նրանք հակասում են մեր ազգային շահերին ու հայկական օրակարգին և դրանով մեզ օր առաջ մոտեցնում են պետականության կորստի։ Ես դրա համար եմ ասում, որ հումանիտար, բժշկական խնդիրներից բացի, այլ նպատակով չպետք է օգտագործենք այդ անցակետը՝ այդկերպ օրինականացնելով Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը, Արցախը հայաթափելու ու Արցախի ժողովրդին հայրենազրկելու քաղաքականությունը»,-նշել է Հ․ Ավանեսովը։
Անդրադառնալով անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտմանը՝ Հովիկ Ավանեսովն ասաց, որ այն բոլոր քաղաքացիները, ովքեր հատում են այդ անցակետը, իրենց բոլոր տվյալները հայտնվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքերում, որոնցից օգտվելով ադրբեջանցիները նույնականացնելու ենք մարդկանց։
«Եթե նույնիսկ այդ մարդիկ կարողանան առանց խոչընդոտի հասնել Երևան ու վերադառնալ, իրենք պետք է լավ հասկանան, որ որևէ երաշխիք չունեն, որ հաջորդ անգամ այդ անցակետից չեն հայտնվելու Շուշիի կամ Ակնայում կառուցվող բանտերում, որովհետև եթե նրանք պարզեն, որ այդ անձը պատերազմական գործողությունների մասնակից է եղել, այս կամ այն ձևով իրենց դեմ աշխատանք է կատարել, ապա այդ մարդու և իր ընտանիքի անվտանգությունը հարցականի տակ է դրվելու։ Այդ տվյալների հիման վրա նրանք քրեական գործեր են հարուցելու, և հաջորդ անգամ տվյալ անձը այդ անցակետը չի կարողանալու անցնել, նրան որակելու են որպես ռազմական հանցագործ կամ ահաբեկիչ ու պատժի ենթակա՝ ձերբակալելու, առևանգելու և լավագույն դեպքում անցակետում պահելու մինչև բանակցությունների ավարտ»,- եզրափակել է Հ․ Ավանեսովը։