Ինեսայի արհեստավարժ ձեռքերը շարունակում են հրաշքներ գործել

Ինեսա Ապրեսյանը Արցախի Ասկերան քաղաքից է։ Երիտասարդ աղջիկը հայրենիքից բռնի տեղահանվելուց հետո չի դադարում հուսալ, որ ամեն ինչ բարեհաջող է լինելու, իսկ դրա համար մարդ պետք է չկորցնի հավատը, նպատակ ունենա ու գնա դրա հետևից։
Արցախում Ինեսան արդեն ուներ իր սիրած զբաղմունքը, որը հետզհետե վեր է ածվել փոքրիկ բիզնեսի։ Շրջափակման ընթացքում աղջիկը հենց այդ աշխատանքի մեջ էր կտրվում առօրյա դաժան իրականությունից և հիմնական աշխատանքին զուգընթաց՝ ստեղծում էր երազանքների առանձնահատուկ իր աշխարհը։ Նրա ամեն մի գործի մեջ յուրօրինակ ոճ ու գեղեցկություն կա։ Ինեսայի հրաշագործ ձեռքերում գույնզգույն թելերը դառնում են գործվածք, ապա՝ յուրատիպ իրեր:
-Ցավով եմ հիշում Արցախում ապրած մեր վերջին օրերը։ Ինչքա՜ն դաժան էր սեպտեմբերի 19-ը․․․ Երբ սկսեցին առաջին հրետակոծությունները՝ ես անմիջապես մտածեցի հորս մասին, որ գտնվում էր մարտական դիրքերում։ Իսկ մի քանի ժամ հետո ամուսինս իր եղբայրների հետ ևս գնացին դիրքեր։ Ապա սկսվեց մղձավանջը․ ժողովրդի մեջ խուճապ, բենզինի պահեստի պայթյուն, երկար ու դժոխային ճանապարհ դեպի Մայր Հայաստան։ Միայն Հակարիի կամուրջն ացնելուց հետո ես մի փոքր հանգստացա ու դադարեցի լաց լինել․ ընտանիքիս բոլոր տղամարդիկ անվտանգ անցան թշնամու կողքով․․․
Երևան քաղաքում բնակություն հաստատելուց հետո, նորից սկսեցի զբաղվել իմ սիրած գործով, քանի որ ոչ մի տեղ աշխատանք չեմ կարողացել գտնել։ Կարծում եմ չպետք է հուսահատ լինել ու անգործության մատնվել՝ սպասելով ինչ որ օգնությունների։ Ամեն մարդ ինքը պետք է վաստակի իր օրվա հացը,-ասում է 23-ամյա արցախցին ու ավելացնում,- ոչ մի վայրկյան չեմ դադարում հիշել հայրենի բնօրրանս, մտովի զրուցել իմ թանկ հիշողությունների հետ և խնդրել Աստծուն տուն վերադառնալու մասին։

Այսօր տաղանդաշատ աղջկա ձեռքերը շարունակում են հրաշքներ գործել ու նրա գեղեցիկ ֆոտոսեսիաներից երևում է, որ նա այդ աշխատանքները կատարում է սիրով՝ գործի դնելով իր բոլոր հնարքներն ու վառ երևակայությունը։ Գեղեցիկ գործեր ստեղծելուց բացի, նա կարողանում է մեր փոքրիկների ֆոտոսեսիաների համար ստեղծել հեքիաթային ու ինքնատիպ աշխարհ․․․ Ինեսան գոհ է իր աշխատանքից, արդեն կարողանում է վաճառել իր ստեղծածը և եկամուտ բերել տուն։ Պահանջարկը մեծ է։ Ամուսնու սերը, հարազատների հոգատարությունը մեծ ուժ ու եռանդ են տալիս նրան՝ ավելիին հասնելու ու ամրապնդվելու համար։
Ինեսան արարում է ՝ տուն վերադառնալու հույսով․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ