Ինչպիսի պայմաններ է նախատեսում ԿԳՄ նախարարությունը առկա ուսուցման համար
Գլխավոր » Երիտասարդական » Ինչպիսի պայմաններ է նախատեսում ԿԳՄ նախարարությունը առկա ուսուցման համար

Ինչպիսի պայմաններ է նախատեսում ԿԳՄ նախարարությունը առկա ուսուցման համար

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը առաջիկա  ուսումնական  տարում նախատեսում է վերսկսել   նախադպրոցական, դպրոցական և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը՝  առկա ուսուցման  ձևաչափով:

Այս մասին տեղեկացրել է նախարարության մամլո խոսնակ Սարինե Հայրիյանը՝  չբացառելով   նաև, որ  համավարակային   իրավիճակի  բարդացման դեպքում, կրկին անհրաժեշտություն կզգացվի անցնելու հեռավար ուսուցման: Մեր զրուցակցի հաղորդմամբ, առկա ուսուցումը նախատեսվում է վերսկսել սեպտեմբերին, այն դեպքում, եթե պահպանվի համաճարակային  ներկայիս համեմատաբար մեղմ իրավիճակը: Մինչ այդ, որոշում է ընդունվել  բացել բոլոր մանկապարտեզները՝  պահպանելով  պարետի ցուցումներն ու ըստ այդմ, ձեռնարկելով  նաև  հակահամաճարակային միջոցառումներ: Այդ շրջանակում  մանկապարտեզներում և դպրոցներում կիրականացվեն   պարբերական  ախտահանումներ,  ինչպես  նաև երեխաների  ջերմաչափում:

 Ի թիվս կանխարգելիչ համընդհանուր միջոցառումների,  մայրաքաղաքի և շրջկենտրոնների  մանկապարտեզների համար, որտեղ երեխաների թիվն անհամեմատ մեծ է, նախատեսվում են   նաև ախտահանող  լամպեր:

Դպրոցների դեպքում՝ 100   աշակերտ  ունեցող   կրթօջախների   առկա ուսուցումը   կկազմակերպվի  մեկ   հերթով, իսկ   100  և  ավելի  աշակերտ  ունեցող      ուսումնական   հաստատություններում՝ երկհերթ :

-Համաճարակային իրավիճակի   լարման դեպքում առաջիկա  սեպտեմբերին կգործեն բացառապես  մինչև 100 աշակերտ ունեցող  դպրոցները: Ուսումնասիրությունները ցույց են տվել,  որ  այդ  կրթօջախների    յուրաքանչյուր դասարանում  աշակերտների թվի խտությունը կազմում է 7-8, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում առանձին նստարան ունենալ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը,- մանրամասնել է Ս. Հայրիյանը:

Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատություններին, ապա  երկար քննարկումների արդյունքում, ԿԳՄ նախարարությունը որոշել է անփոփոխ թողնել  զրո  դասարանի ընդունելության կարգը:

Մանկապարտեզների դեպքում որոշվել է խստիվ պահպանել 1 մահճակալ՝ 1 երեխա սկզբունքը. ընդունվող երեխաների թիվը չպետք է գերազանցի առկա  մահճակալների քանակը: Ի դեպ, այս տարի նախատեսվում է  բացել նաև Տիգրան Մեծ փողոցի վրա կառուցված մսուրային մանկապարտեզը:  Յուրաքանչյուր մսուրային խումբ կունենա 18 երեխա:

Կորոնավիրուսային  համաճարակի սրման հավանական սցենարի դեպքում,  գերատեսչությունը համապատասխան միջոցառումներ  է նախատեսում նաև  հեռավար կրթության համար՝ կրթական առցանց ու միասնական հարթակների ստեղծում,  հովանավորների միջոցով  տեխնիկական սարքավորումների ձեռքբերում և տրամադրում աշակերտներին, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ՝  ուսուցիչների համար: 

— Մարտահրավերների հետ մեկտեղ, համավարակը  նաև հնարավորություններ է բացահայտել: Ինչպես հայտնի է արցախյան որոշ դպրոցներում բնագիտական առարկաների մանկավարժների  կարիք է զգացվում: Հեռավար ուսուցման ձևաչափը հնարավորություն է ընձեռում  մյուս դպրոցների ուսուցիչներին   դասավանդելու նաև  այն կրթօջախներում,  որտեղ բացակայում են  համապատասխան մանկավարժները,- նշեց մամլո խոսնակը:

Նրա տեղեկատվությամբ՝ նոր  ուսումնական տարվան ընդառաջ,  չբացառելով հեռավար ուսուցման հավանականությունը, ԿԳՄ նախարարության հանձնարարականով, բարձրագույն ուսումնական հաստատությունները, բացառապես  «Zoom»-ում  և «Classroom»-ում, պետք է  ստեղծեն    միասնական   կրթական  հարթակներ: Դրանք  կունենան նաև վերահսկողական գործիքներ, որոնց միջոցով    լիազոր գերատեսչության ներկայացուցիչները  ցանկացած պահի իրավունք կունենան  հետևել դասերի կազմակերպման  գործընթացին:

Բացի այդ, բուհերի դասախոսների համար սահմանվել են որակական հստակ ցուցիչներ: Ըստ այդմ, օրվա   դասախոսությունները  պետք  է տեղադրվեն վերոնշյալ առցանց  հարթակներում, որպեսզի մատուցվող  նյութը տեսանելի  լինի յուրաքանչյուր ուսանողի:   

1