Ինչպե՞ս եք շարունակելու նիստը, երբ քաղաքական հետապնդումներով նիստին ներկա չեն մեր գործընկերները՝առանց արդարության վերականգման
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքն ուղղված ԱԺ 8-րդ գումարման նիստը նախագահողին.
«Դիմում եմ նախագահությունում նստած, Կնյազ Հասանովին, ով երկար տարիներ եղել է նաեւ Քուրդիստան կոմիտեի նախագահը։
Havale Knyaz! Zavrazime. (քրդերեն` ընկեր Կնյազ, շնորհակալություն), մենք երկար տարիներ գիտենք իրար։ Երկար տարիներ Ձեզ հետ միասին Երեւանում, հաճախ ՄԱԿ-ի գրասենյակի, այլ պետությունների դեսպանատների դիմաց Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բողոքի ցույցերի ենք մասնակցել՝ պահանջելով քուրդ բազում քաղաքապետերի, խորհրդարանի պատգամավորների դեմ թուրքական իշխանությունների հետանպնդման դադարեցումը։
Իմ ձեռքին է 1991-ին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քուրդ հերոս կին Լելյա Զանայի ինձ ուղարկած երկտողը, նա պատգամավոր էր, բայց տասը տարի թուրքական բանտում էր։
Հիշեք, բազմաթիվ բանտարկված քաղաքապետերի՝ Դիարբեքիրի քաղաքապետերին, իմ ու Ձեր լավ բարեկամ Օսման Բայդեմիրին ու Գյուլթեքին Քըշանաքին։
Հիշու՞մ եք Հայաստան այցից հետո ինչպես բանտարկեցին Վանի քաղաքապետին՝ երկուսիս լավ ընկերոջը Բեքիրին Քայա։ Անուններ շատ կարող եմ տալ՝ Դերսիմի, Սղերթի, Կարսի քաղաքապետերը։
Հիշեք Սելահադդին Դեմիրթաշին, որը երկար բանտարկության մեջ է ու ձերբակալվեց իբրեւ պատգամավոր։
Թուրքիան ինչու՞ է նրանց բանտ նետել, որի համար էլ թուրքական իշխանություններին ասում ենք՝ ֆաշիստական է։ Քանզի այս մարդիկ պայքարում են իրենց ժողովրդի համար, այլ քաղաքական հայացքներ ունեն, քան թուրքական իշխանությունները։
Հիմա ինչպե՞ս կարող եք Հայաստանի Ազգային Ժողովի առաջին նիստը շարունակել վարել, առանց արդարության վերականգման, առանց այն բանի, որ այլ քաղաքական հայացքներ ունեցող մեր պատգամավոր ընկերները ներկա լինեն այս դահլիճում, առանց նրա, որ մեր երկրի ողնաշար Սյունիքը պաշտպանող քաղաքապետերը բանտերում են։
Մենք միասին դրա դեմ ենք պայքարել։ Որպես պայքարի զինակից պահանջում եմ՝ ապահովել օրինականություն Հայաստանում ու խորհրդարանում, եւ նիստը շարունակել, երբ Հայաստան դաշինքը ամբողջ կազմով ներկա կլինի»։
Մենք գործ ունենք մի անձի հետ, որը 44-օրա դավադիր պատերազմի առաջին իսկ օրվանից կանգնած է եղել սահմաններում, կանգնած է եղել Արցախում, կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին գծում։ Այս մասին ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Եվ հիմա ստացվում է որ, հայրենիքի պաշտպանության առաջին գծում կանգնածը անազատության մեջ է, դավադիր պատերազմի մեջ բազմաթիվ դրվագներով մեղադրվողները՝ ազատության, ավելին՝ նրանք են տնօրինում կամ նրանք են որոշում մեր հայրենիքի ապագան ու ճակատագիրը»։
yerkirmedia.am