Ինչո՞ւ չենթադրել, որ արդար ահաբեկություններն էլ կարող են համակրելի լինել

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս, պ.գ.թ. Կարեն Խանլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էդուարդ Հովհաննիսյանի հիմնարար ասույթը, 1977 թվականին․
«Պետք է ասել, որ ահաբեկությունը որպես պայքարի միջոց, քաղաքական ու պատմական իրականություն դառնալուն պես նմանվեց պատերազմների, որոնք, ինչպես հայտնի է, լինում են արդար և անարդար։ Մենք բոլորս արդարացնում ենք բոլոր ազատագրական շարժումները և պաշտպանողական պատերազմները և ոչ ոքի մտքով չի անցնում դատապարտել, օրինակ, ռուսներին, որ Ստալինգրադի տակ սպանում էին գերմանացիներին, կամ հայերին, որ Սարդարաբադում ոչնչացնում էին թուրքական բանակը։ Եւ եթե արդար պատերազմները համակրանք են առաջացնում, ապա ինչո՞ւ չենթադրել, որ արդար ահաբեկություններն էլ կարող են համակրելի լինել։ Չէ՞ որ ոչ ոք չդատապարտեց հրեաներին, երբ նրանք առևանգեցին ցեղասպան Ադոլֆ Այխմանին և դատելուց հետո գնդակահարեցին։ Չդատապարտվեցին այդ նույն հրեաները և ա՛յն ժամանակ, երբ խախտելով բոլոր միջազգային օրենքները՝ հարձակվեցին Ուգանդայի օդանավակայանի վրա և փրկեցին առևանգված օդանավը»։
(Յովհաննիսեան Է․, Ազգային միասնութեան ճանապարհի վրայ — «Դրօշակ» — 1977, Յօդուածների ժողովածու, Երեւան, 2009, էջ 117)
Արդ, ինչ խոսք, փոխվել են պայմանները․․․ Բայց փոխվե՞լ են արդյոք հայության նկատմամբ դարավոր թշնամանքի սկզբունքային մոտեցումներն ու ցեղասպանական եղանակները․․․»