Ինչ հրամայականներով էր պայմանավորված ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության ստեղծումը
Գլխավոր » Լրահոս » Ինչ հրամայականներով էր պայմանավորված ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության ստեղծումը

Ինչ հրամայականներով էր պայմանավորված ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության ստեղծումը

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության  նախարարության ստեղծման անհրաժեշտության,  նպատակների ու ծրագրերի վերաբերյալ «Ապառաժ»-ի հարցերին  պատասխանել է համեմատաբար նորաստեղծ գերատեսչության ղեկավար Սամվել Շահրամանյանը:

Հանրության շրջանում հաճախ  է հնչում հարցադրում ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության  նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ: Ինչ հրամայականներով էր պայմանավորված գերատեսչության ստեղծումը:

-Իսկապես, հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ նոր նախարարության ստեղծման կապակցությամբ: Կասեմ այսպես. գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է ընտանիքից և շարունակվում  կրթական հաստատություններում: Դեռ մանկապարտեզում թոթովախոս մանուկները հայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր են սերտում, իրենց զինվոր երևակայում:  Դպրոցներում էլ առանձնակի ուշադրություն է հատկացվում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Հետագայում էլ երիտասարդական ճամբարներ, հավաքներ՝  նույն ոգով: Բայց, կարծում ենք, այս ամենն արվում է մի տեսակ տարերայնորեն: Մեր նապատակն է՝ ուղղորդել, համակարգել ամուր ազգային արժեհամակարգ  կրող, լայն աշխարհայացք ունեցող, ֆիզիկապես ուժեղ ու կոփված, մի խոսքով՝ բոլոր  տեսակի մարտահրավերներին  պատրաստ սերունդ դաստիարակելուն միտված ջանքերը: Նախարարությունը մշակում է հստակ քաղաքականություն, որը հնարավորություն է տալու գաղափարական ամուր հիմքի վրա իրականացնել նպատակային գործունեություն:

Ինչպես հայտնի է, նախարարությունը գործունեությունն իրականացնելու  է 4 վարչությունների միջոցով:   Հետաքրքիր է համեմատաբար  նորաստեղծ  ռազմահայրենասիրության  վարչության գործունեության նպատակներն ու ընդգրկման ոլորտները: Մասնավորապես կընդգրկվե՞ն նաև դպրոցները, և՝ ի՞նչ ձևաչափով:

-Հայ ժողովրդի անցած ճանապարհը վկայում է, որ լինելով փոքր ազգ՝ ստիպված ենք մշտապես պայքարել մեր իրավունքները պաշտպանելու, մեզ պարտադրված իրողությունները փոխելու, խաղաղ ապրելու, արարելու համար:  Ցավոք,   այդ պայքարը հաճախ ռազմի դաշտում է լինում: Ռազմահայրենասիրության վարչության կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը միտված են դաստիարակելու ֆիզիկապես առողջ,  հոգեպես  ամուր, գաղափարապես զինված, հայրենի հողին ամուր կառչած, երկրի ապագայով մտահոգ ու գործունյա սերունդ: Այս պահին վարչությունը դեռ ձևավորման ընթացքում է, ծրագրերն էլ՝ մշակման փուլում: Կազմակերպվելու են միանգամյա կամ շարունակական բնույթի ծրագրեր՝ մեր պատանիների ու երիտասարդների ներգրավմամբ. ռազմահայրենասիրական ճամբարներ, արշավներ, հայրենաճանաչողական այցեր, ավանդական ռազմական խաղեր են կազմակերպվելու, նախազորակոչային տարիքի պատանիների հետ տարվելու են զինվորական ծառայության նախապատրաստական աշխատանքներ (ֆիզիկական պատրաստվածությունից մինչև հոգեբանական խորհրդատվություն),  զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին իրազեկման աշխատանքներ, քննարկումներ:

Դպրոցականներն, իհարկե, մեր ծրագրերի թիրախային խնբերից են. նրանց հետ աշխատելու ենք արտադպրոցական, ոչ ֆորմալ ձևաչափով՝ ծրագրերը նախապես համաձայնեցնելով ԱՀ ԿԳՄ նախարարության հետ:

Արդյո՞ք նորաստեղծ նախարարության կազմում գործունեությունն, ընդհանուր առմամբ,  նորություններ է մտցրել մյուս երեքի՝  երիտասարդության,  սպորտի և  զբոսաշրջության  վարչությունների գործունեության օրակարգում և ձևաչափերում:

-Ըստ էության՝ ոչ: Վերոնշյալ վարչությունները շարունակելու են համակարգել համապատասխան ոլորտները՝ որպես հիմք ունենալով հարուստ փորձը և ոլորտների զարգացման հեռանկարը:

Նկատի ունենալով համավարակի պայմանները՝ որո՞նք են նախարարության ներկայիս գործունեության առաջնահերթությունները:

-Առաջիկայում մեր ծրագրերն իրականացվելու են՝ հաշվի առնելով նոր իրողությունները: Այս պահին կենտրոնացած ենք զբոսաշրջության ոլորտում տնտեսվարողների աջակցության վրա։ Արդեն իսկ ընդունվել է աջակցության առաջին փաթեթը, մշակվում է օժանդակության երկրորդ միջոցառումը, որն առավել ընդգրկուն և արդյունավետ է լինելու թե՛ շահառուների ծավալների, թե՛ օժանդակության թիրախավորման առումով։ Չնայած համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ փորձում ենք արդյունավետորեն օգտագործել ժամանակը՝ հետկորոնավիրուսյան ժամանակահատվածին ավելի պատրաստ լինելու համար։  Ըստ այդմ, աշխատում ենք զբոսաշրջության ոլորտում մի շարք ընթացակարգերում ու կարգերում որակական նոր փոփոխություններ կատարելու ուղղությամբ․ հաշվառման և որակավորման կարգեր, զբոսաշրջության զարգացման մեջ համայնքների ավելի լայն ընդգրկվածություն, մարքեթինգային ռազմավարության վերանայում, ենթակառուցվածքների բարելավում և այլն։

Երիտասարդական ծրագրերը հիմնականում մասսայական բնույթ են կրում: Առայժմ  ոչ մի մասսայական ծրագիր չենք իրականացնի՝ խուսափելով համավարակի տարածման վտանգից: Փոխարենը՝ շարունակելու ենք հակահամաճարակային ծրագրերը և հանրային իրազեկման արշավները, դրա հետ համատեղ նախագծեր ենք մշակում առցանց միջոցառումների իրականացման ուղղությամբ և առաջիկայում  նախատեսում ենք կազմակերպել վերապատրաստման առցանց դասընթացներ: 

Ստեղծված իրադրության թելադրանքով մարզական շատ միջոցառումներ անժամկետ հետաձգվել են, շատ դեպքերում՝ դադարեցվել են մարզումները: Բայց կաթվածահար վիճակից աստիճանաբար վերականգնվում ենք: Նախատեսվում է ոչ միայն վերսկսել  կանոնավոր մարզումները, այլ նաև մասնակցել ՀՀ-ում անցկացվող  տարբեր սպորտային մրցումներին, տեղում կազմակերպել մարզական միջոցառումներ, որոնք չեն հակասում Պարետատան պահանջներին (օրինակ՝ շախմատի մեծահասակների կիսաեզրափակչի անցկացումը բացօթյա տարածքում):   Նախատեսում ենք այս ընթացքում  մասսայական սպորտի զարգացման համար նախադրյալների ստեղծում, եղած պայմանների բարելավում: Հանդիպումներ ենք անցկացնում Արցախում գործող մարզական կազմակերպությունների ու ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ արդյունավետ փոխգործակցություն ստեղծելու  նկատառումով:

Վան Նովիկով

1