Ինչ ֆինանսական միջոցներով է կառուցվելու ոռոգման համակարգը
Որքան կտևի և քանի փուլով կընթանա «Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հողերի ոռոգումը Թարթառի հոսքով» ծրագրով նախատեսվող «Ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում» ծրագիրը, որով նախատեսվում է հանրապետության ոռոգելի հողատարածքները ընդլայնել շուրջ 30 հազար հեկտարով: Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում, այս մասին հարցրել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ միաժամանակ հետաքրքրվելով՝ արդյոք, 25 միլիարդ դրամ արժողությամբ ծրագրի իրագործումը ամբողջությամբ՝ պետական կամ փոխառու վարկային միջոցներով է նախատեսված, թե կան նաև ներդրողներ:
ԱՀ ֆինանսերի նախարար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ջրանցքների կառուցման ծրագրի առաջին փուլով 2,5 միլիարդ դրամ է նախատեսվել՝ որպես խողովակների ձեռքբերման կանխավճար: Նրա հաղորդմամբ ՝ ծրագրի հիմնական մասը իրականացվելու է փոխառու միջոցներով՝ ջրային տնտեսության և համապատասխան առևտրային բանկերի հետ: Ինչ վերաբերում է բյուջետային հատկացումների անհրաժեշտությանը, ապա այն կքննարկվի գալիք տարվա պետբյուջեի ծրագրավորման շրջանակներում:
Վ. Բաղդասարյանը տեղեկացրել է, որ միաժամանակ աշխատանքեր ու բանակցություններ են տարվում ներդրումներ ընդգրկելու համար:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականի վերջին: