Ինչ էր կանխորոշված Արցախի համար եւ ինչպես 44 օր դիմադրեց Արցախը, որ չհանձնվի
Գլխավոր » Լրահոս » Ինչ էր կանխորոշված Արցախի համար եւ ինչպես 44 օր դիմադրեց Արցախը, որ չհանձնվի

Ինչ էր կանխորոշված Արցախի համար եւ ինչպես 44 օր դիմադրեց Արցախը, որ չհանձնվի

Պատերազմից չորս տարի անց՝ մարդիկ չեն հաշտվում իրականության հետ, հաճախ են իրենց հարցնում․ ինչու այդպես եղավ, ինչ էր կանխորոշված Արցախի համար եւ ինչպես 44 օր դիմադրելուց հետո՝ հանձնվեց Արցախի զգալի մասը, թշնամին հայտնվեց Շուշիում, ունեցանք փաստաթուղթ, որը ո՛չ խաղաղություն էր ամրագրում, ո՛չ ապագա խոստանում։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով, փուլ առ փուլ, հանձնվեց Արցախը՝  Քարվաճառը, Ակնան, ապա՝ Բերձորը, թշնամու վերահսկողությանը հանձնվեցին կարեւոր ճանապարհները՝  Արցախը Հայաստանին կապող  բոլոր ուղիները, Արցախը սնուցող կարեւոր ենթակառուցվածքները։

2016-ի պատերազմից հետո ակնհայտ էր՝ Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացը մտել էր փակուղի, փոխարենը Ադրբեջանի  ռազմատենչ հայտարարություններն էին շատացել։ 2018-ի Հայաստանյան իշխանափոխությունից հետո՝  ՀՀ նոր իշխանությունները զրոյացրեցին բանակցային գործընթացը,  նոր կետից են սկսում,- հնչեցնում ենք նրանք։  Հայաստանի ներկա իշխանությունները մեկ հայտարարում են՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, մեկ՝ առանց ամաչելու՝  խոստովանում, որ ի սկզբանե իրենց համար Արցախը Ադրբեջան էր։

Քաղաքագետ, պատմաբան Արմեն Սարգսյանը խոսելով 44-օրյա պատերազմի  մասին ասում է․ «Ակնհայտ էր, որ նախապես ծրագրված էր իրագործել, այսպես ասած,  «Լավրովյան պլան»-ը, համաձայն որի՝ պետք է Ադրբեջանին հանձնվեր Արցախի ազատագրված տարածքները, ունենանք զոհեր, կորուստներ եւ այդպես ցույց տրվեր, որ հնարավոր չէ շարունակել զինված պայքարը, այդ մտայնությամբ պարտության մատնել, ստիպել համաձայնվել այդ տարածքները Ադրբեջանին զիջելու, այնուհետեւ ռուսական կողմը զորք մտցնի Արցախ եւ Ռուսաստանը՝ խաղապահների անվան տակ ունենա իր ստորաբաժանումներն այդտեղ»։

Ըստ Արմեն Սարգսյանի, եթե վերլուծելու լինենք, թե  ինչու այդ ընթացքը եղավ, պետք է դիտարկենք մինչեւ պատերազմը եւ պատերազմի ժամանակ իրողությունները, ինչպես նաեւ ընդունենք դիվանագիտական պարտությունը։

«Պետք է նայենք մինչեւ պատերազմը  ռազմական ինչ պայմանագրեր էր նախատեսված, որ Հայաստանը պետք է կնքեր եւ ինչպես   Հայաստանի իշխանությունները բեկանեցին դրանք։ Արցախյան հիմնախնդրի լուծման մինչ այդ բոլոր դիվանագիտական ջանքերը զրոյացվեց, երբ Հայաստանի Վարչապետն ասաց,- ․․․Ես սկսում եմ իմ կետից»,- նշեց մեր զրուցակիցը։

Արմեն Սարգսյանի պնդմամբ՝ ռազմական գործոնը մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո, պարտության համար դիվանագիտական մտածված քայլերը եւ զորահավաք անվան տակ՝ ժողովրդի նման անփույթ ձեւով ներգրավումը պատերազմին փաստում են, որ Հայաստանը միացել էր «Լավրովյան պլան»-ի իրագործմանը։

«Հայաստանը միացել էր այդ ծրագրի իրագործմանը, որովհետեւ, ի սկզբանե, ՀՀ իշխանություններն Արցախը դիտում էին բեռ՝ Հայաստանի Հանրապետության համար, եւ, ի սկզբանե, Արցախը չէին համարում Հայաստանի անբաժենելի մաս»,- նշեց նա։

Արմեն Սարգսյանի դիտարկմամբ հակառակ կողմն էլ կա․ «Եթե Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակով խաղաղությունն ամրապնդվեց տարածաշրջանում, ապա՝ այսօր, Ադրբեջանի հաղթանակով  խախուտ դարձավ այն եւ ամեն պահի կարող է պայթել։ Հայկական կողմի պարտությամբ ամրապնդվեց Ալիեւի ահաբեկչական իշխանությունը անդրկովկասում, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար»,- նշել է նա։

Հասմիկ ՇԻՆԴՅԱՆ

Ապառաժ

1