Արցախի բանակցությունների մանրամասներում կան տարբեր մոտեցումներ
Գլխավոր » Լրահոս » Արցախի բանակցությունների մանրամասներում կան տարբեր մոտեցումներ

Արցախի բանակցությունների մանրամասներում կան տարբեր մոտեցումներ

Բնական է, որ Արցախի բանակցությունների մանրամասներում կան տարբեր մոտեցումներ, չեմ կարող ասել՝ մեծ տարաձայնություններ, որովհետեւ մեր կեցվածքը բավական արմատական է: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Բայց նաեւ հասկանում ենք, որ որպեսզի բանակցությունները տեղի ունենան, ՀՀ կառավարության համար անհրաժեշտ է տարբեր այլընտրանքների շուրջ բանակցել: Դա չի նշանակում, որ այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հսկողության ներքո այդ բանակցությունները պետք է ընթանան: Բնականաբար երեք երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, իրենք ունեն ակնկալիքներ եւ այսպես կոչված շրջանակ:

Այդ շրջանակի մեջ են տեղի ունենում բանակցությունները եւ այդ շրջանակում է, որ մենք աջակցում ենք այն հարցերում, որտեղ դրանք համընկնում են ՀՅԴ-ի դիրքորոշումների հետ»,-ասաց Խաչատուրյանը:

Անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հրապարակային բանավեճին, նաեւ ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, նա ընդգծեց. «Մյունխենում ընդհանրական հասկացողություններ էին. բնականաբար, այնտեղ հնչեցին մի քանի հասկացողություններ, որոնց մանրամասնությունների պարագայում մենք ունենք անհամաձայնությունների, բայց երբ համաշխարհային ֆորումի մեջ ես բանակցում, բնական է, որ վերջիվերջո, եթե որեւէ լուծման պետք է հանգես, այդ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: հակառակ դեպքում դա լուծում չէ: Կամ էլ պարտադրված լուծում պետք է լինի, որը նշանակում է, որ հստակորեն միայն մեկ կողմի մոտեցումներն են պարտադրվում: Այդ իմաստով էլ ենթադրում եմ՝ պարոն վարչապետի բաղձանքն է, որ վերջիվերջո կարողանանք հասնել այնպիսի լուծման, որ երեք ժողովուրդներն էլ ընդունեն: Ակնկալում ենք, որ ինչ արդյունք էլ լինի այդ բանակցություններում, այդ բանակցությունները պետք է դրվեն ժողովրդական հանրաքվեի, որպեսզի թե Հայաստանի, թե Արցախի, ենթադրում եմ՝ նաեւ Ադրբեջանի ժողովուրդը տան իրենց օրհնությունը»:

Խաչատուրյանն ընդգծեց, որ բանակցության ընդհանուր ձեւի մեջ կա շարունակական պրոցես, այնպես չէ, որ բեկումնային նորություններ են մտցվել: «Մոտեցումների տարբերություններ կարող են լինել, թույլ տվեք չմխրճվել այդ մանրամասների մեջ, բայց առհասարակ ՀՅԴ-ի կեցվածքն այն է, որ ինչ լուծում էլ լինի, դրա մեջ չլինեն որեւէ տեսակի հիմնական զիջումներ:

Մեզ հետաքրքրողը Հայաստանի եւ Արցախի ժողովրդի որոշումն է. մենք անկեղծորեն պայման չենք տեսնում Ադրբեջանի ընդունման հարցում: Եթե կան ձեւեր, որ կարողանանք մեր ժողովրդին ի նպաստ լուծման հասնել, դա մեզ ավելի քան կհոգացնի: Մենք Ադրբեջանի շահերը հաշվի առնելու պարտավորության տակ չենք»,-ընդգծեց նա:

news.am

1