Ինձ վրա կարող է միայն մի ճնշում լինել՝ ժողովրդի կողմից
Հունիսի 29-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ընթացում պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք կա ճնշում, որը կարող է ստիպել ՀՀ և Ադրբեջանի առաջարկած ձևաչափով երկխոսության առաջարկն ընդունելու: Պատգամավորը նաև հարց է ուղղել այն մասին, թե այս իրավիճակում ինչպե՞ս է իրացվելու Արցախի ինքնորոշման իրավունքը:
Ի պատասխան՝ ԱՀ նախագահը նշել է, որ իր վրա կարող է միայն մի ճնշում լինել՝ ժողովրդի կողմից: «Այլ ճնշում չկա ու չի էլ կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ քաղաքական ուժերի, խմբերի կամ անձերի կողմից: Մենք պետք է ունենանք նույն նպատակը, ցանկությունը։ Իհարկե, այդ նպատակներին, ցանկություններին հասնելու առումով կարող են տարբեր քայլեր լինել, բայց ստրատեգիան պետք է նույնը լինի ու իրականում ունենանք երկխոսություն: Մենք պետք է աշխատենք, որ հասարակությունը հասկանա՝ որն է կարևորը՝ գարեջուր խմե՞լը, շաքարավազ ունենա՞լը, թե՞ նպատակին հասնելը: Մեր նպատակին հասնելու համար զրկանքներ ենք կրելու: Ադրբեջանն ամեն ինչ անելու է հասարակությունը պառակտելու համար: Շատ են հարցնում՝ վերջն ի՞նչ է լինելու, վերջը լավ է լինելու»,- ասել է նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեր ինքնորոշման իրավունքն իրացնելը կախված է լինելու մեզանից. «Այսօր հաշվի չեն նստում մեզ հետ, քանի որ պատրաստ չենք: Զրկանքներ կրելով՝ ինքնորոշման իրավունքը պիտի հասցնենք ամենաբարձր մակարդակի: Բայց եթե նախընտրեցինք կոմֆորտը, կոմֆորտ չենք ունենալու մի տարի հետո: Ուրախ չեմ այս վիճակից, բայց այլ ելք չունենք: Մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկը, ոչ մի անձ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել, մեր ինքնորոշման իրավունքն է այսօր այստեղ մեզ պահում: Եթե չլիներ մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ես մի օր էլ չեմ մնա իմ պաշտոնում»:
Պատասխանելով Քաշաթաղի միջանցքի բացման համար ընթացող բանակցությունների մասին հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ բանակցություններն ամեն օր ընթանում են ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի հետ: «Բայց քանի որ ադրբեջանական կողմը այդ միակողմանի փակման պատճառներից մեկը համարում է հունիսի 15-ի առավոտյան կատարվածը, այդ առումով կա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև քննարկման անհրաժեշտություն: Հույս ունեմ, որ խաղաղապահներից բացի նաև նման քննարկումներ տեղի կունենան, որպեսզի հանգուցալուծվի այդ հարցը»,- ասել է նա: