Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր կանգնած են նույն խնդրի առաջ

Կինը չցանկացավ բացահայտել իր ինքնությունը․ ամաչում է իր աշակերտներից, ընկերներից։ Ուսուցչուհի էր Արցախում՝ հարգված, ճանաչված։ Երանությամբ է հիշում դպրոցական տարիները և չի կարողանում զսպել հույզերը։ Շուտով ավարտվում է ուսումնականը, ամենուր Վերջին զանգի արարողություններ են լինելու և իր սաների կողքին կանգնելու փոխարեն, արցախցի ուսուցչուհին մտածում է օրախնդիր հարցերի մասին․․․
-Տեղահանվելուց հետո երեք անգամ բնակարան ենք փոխել ու վերջապես գտել ինչ որ չափով հարմար տուն, որի բնակվարձը կազմում է 150 հազար դրամ։ Աղջիկներս ուսանող են և արդեն իսկ պարզ է, թե ինչ դժվարությունների ենք հանդիպում։ Տան միակ աշխատողը ես եմ և, ցավոք, ոչ իմ մասնագիտությամբ եմ աշխատանք գտել։ Երևանի ռեստորաններից մեկում սպասք եմ լվանում։ Ստիպված եմ գնացել այդ աշխատանքին, որպեսզի կարողանամ իմ ու դստրերիս հոգսերը հոգամ,- լացելով պատմում է արցախցի կինը, երկար լռում և շարունակում,- երբեք չեմ կարող մոռանալ այն նվաստացումը, որ զգացի այս օրերին մեր տանտիրոջ կողմից։ Արցախահայությանը տրվող բնակվարձերի ուշացման պատճառով չէի կարողացել տան վարձը վճարել մայիսի 15-ին։ Ըստ պայմանավորվածության այդ օրը պետք է վճարեի։ 4 օր ուշացումով տվեցի վարձը՝ ստացված 120000 դրամ աջակցությանն ավելացնելով իմ աշխատավարձից 30000 դրամ ևս։ Տանտերը, սակայն, իմ առջև պահանջ դրեց՝ հետագայում ուշացում լինելու դեպքում, չեմ հանդուրժելու և կարող եք ուրիշ բնակարան փնտրել։ Վերջում էլ ավելացրեց՝ գնացեք գյուղեր․․․
Այժմ կանգնած եմ մեծ խնդրի առաջ։ Մի ամիս հետո մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը աջակցություն չի ստանալու և, բնականաբար, հայտնվելու ենք դրսում։ Չեմ կարողանում նայել երեխաներիս աչքերին և անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է սպասվում իմ երկու ուսանող աղջիկներին, ովքեր երազում են հմուտ մասնագետներ դառնալ։ Ես, մանկավարժ լինելով, ուզում եմ, որ իմ երեխաները պատշաճ կրթություն ստանան և կարողանան իրենց տեղը գտնել այս դժվար կյանքում։
Առանց սոցիալական աջակցության ես չեմ կարող բնակարանի վարձավճար տալ։ Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր կանգնած են նույն խնդրի առաջ։ Տանտերերը պահանջում են ազատել բնակարանները։ Ես ցանկանում եմ, որ մեր ձայնը լսելի լինի և պատկան մարմինները ըմբռնումով մոտենան արցախցիների սոցիալական խնդիրներին։ Այլապես շատ տխուր իրավիճակ կլինի, թեև արդեն իսկ ակնհայտ է։ Տեղահանությունից հետո արցախցիներից շատերի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել, և զգալի մասը չի դիմում բժշկի՝ գումար չունենալու պատճառով։ Նույնը կարլեի է ասել հանկարծակի մահացությունների մասին։ Մի՞թե ակնհայտ չէ, որ ամեն ինչ ծանր ապրումներից ու դժվար կյանքից է․․․
Արցախցի ուսուցչուհու խնդիրն այսօր շատ—շատերին է ծանոթ։ Նման իրավիճակում է մեր հայրենակիցների մեծ մասը, ովքեր չգիտեն՝ ինչպե՞ս են հաղթահարելու, ինչպե՞ս են դուրս գալու այս դժվարություններից։ Գյուղական բնակավայրեր ոչ բոլորը կարող են տեղափոխվել, որովհետև ունեն ուսանողներ և միայն Երևանում կարող են ապահովվել աշխատանքով։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ