Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները 
Գլխավոր » Լրահոս » Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները 

Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները 

Գեղանուշ Սարգսյանը նկարչուհի է՝ Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից։ Փոքրուց էր սիրում նկարել ու իր վառ երևակայությամբ միշտ զարմացնում էր բոլորին։ Նկարչության հանդեպ անհագ սերը նրան տարել է Շուշիի Հակոբ Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտ, որտեղ ձեռք է բերել հմտություններ ու կատարելագործվել նկարչության մեջ։ Գեղանուշը մասնակցել է Ղրիմում կայացած համառուսական երիտասարդական ֆորումին։

Էկո պայուսակներ ստեղծելու գաղափարը նրա մոտ ծնվել է 2022 թվականին։ Գաղափարը կյանքի է կոչվել, ու հիմք է դրվել ԳեղArt պայուսակների արտադրությանն ու նկարազարդմանը։ Շնորհաշատ աղջիկը սկսել է պայուսակների, շապիկների վրա ձեռքով նկարել հայկական, արտասահմանյան հայտնի նկարիչների,  ինչպես նաև՝ հեղինակային նկարներ, Արցախը բնորոշող պատկերներ։ Մինչև Արցախից տեղահանվելն արդեն ստեղծել էր 30-40 աշխատանք, որոնցից մի մասը վաճառքի է հանել, իսկ մյուս մասը նվիրել ընկերներին։ Շրջափակման հետևանքով առաջացած հումքի պակասի պատճառով դադարել էր բիզնեսի գործունեությունը։ 

Արցախից տեղահանվելուց հետո Գեղանուշի համար մեծ երազանք էր ԳեղArt բիզնեսը վերսկսել Հայաստանում՝ հոգեհարազատ ու ավելի արժեքավոր պատկերներով և ընդլայնված արտադրական քանակով։ Նպատակն իրականացնելու համար նա մասնակցել է մի շարք դասընթացների, իսկ վերջերս էլ՝ «REVIVING DREAMS»-ի կազմակերպած ծրագրին՝ ի աջակցություն տեղահանված արցախցի երիտասարդների բիզնես գաղափարների իրականացման, որտեղ էլ ներկայացրել է իր բիզնես ծրագիրը և արժանացել դրամաշնորհի։

-Ես ցանկանում եմ, որ իմ արտադարնքը գեղեցիկ և յուրօրինակ լինի։ Ամեն մի գործիս մեջ ես առանձնակի սեր եմ դնում, հաշվի եմ առնում պատվիրատուների ցանկությունը, ճաշակը։ Մտադիր եմ իրագործել սեփական արտադրանք ունենալու և տարիների ընթացքում այն զարգացնելու, ընդլայնելու երազանք։ Ունեմ բավականաչափ պատվիրատուներ, սակայն միաժամանակ կփորձեմ մեծացնել պատվիրատուներիս շրջանակը ու կփորձեմ իմ բրենդը ճանաչելի դարձնել, որն, իհարկե,  իմ ընտանիքի համար սոցիալական կայունություն կապահովի։ Պատվիրատուներիս մեծ մասը արվեստագետներ են, ուսանողներ, հայկական ազգային մշակույթի սիրահարներ և էկոակտիվիստներ։ ԳեղArt բիզնես ծրագիրը միաժամանակ ներկայացնում է հայկական մշակութային արժեքների քարոզչություն։ Կարևորագույն հիմնախնդիրները Արցախի պատմամշակութային ժառանգության և հայկական զարդանախշերի մոռացության կանխումն է,-ասում է Գեղանուշը։

Իր արտադրանքի մի մասը Գեղանուշը նախատեսում է վաճառել Սփյուռքում բնակվող բազմաթիվ հայ ընկերների օժանդակությամբ և, իհարկե, տեղի հայկական համայնքների տոնակատարությունների ժամանակ։

ԳեղArt արտադրատեսակների գովազդն ու վաճառքը կիրականացվի օնլայն հարթակում և առևտրային այլ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում՝ խանութներում և ցուցասրահներում։

— Դեռևս Արցախում ապրելու վերջին ամիսներին բազմաթիվ առաջարկներ եմ ստացել ստեղծել Արցախի հուշակոթողների պատկերներով նկարված պայուսակներ։ Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները։ 

Բրենդը կենդանի պահելու համար անընդհատ աշխատանքներ կկատարվեն այլ մոդելի արտադրատեսակներ ավելացնելու ուղղությամբ։ Պատվիրատուների կողմից առաջարկված մոդելները հնարավոր է հետագայում դառնան ԳեղArt բրենդի պայուսակների հիմնական մոդել,- խոսքն է եզրափակում Գեղանուշը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1