Իմ հիմնական նպատակը միշտ եղել է հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելը․ Երազիկ Լեւոնի Հարությունյան
Երազիկ Հարությունյանը ծնվել ու մեծացել է Արցախի ամենահին եւ բնիկ ավանդական գյուղերից մեկում՝ Աշանում, ոչ միայն մանկավարժների ընտանիքում, այլ՝ մանկավարժների գերդաստանում:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Երազիկ Հարությունյանը հպարտությամբ է խոսում իր գերդաստանի մասին. «Հորական եւ մորական կողմից բոլոր հարազատներս կրթության մշակներ էին, եւ դա պարտավորեցնող էր։ Տարբեր նախասիրություններ ունեի, սակայն, կարծես թե ամեն ինչ գեներով ուղղորդված էր։ Գերազանց ավարտելով Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը․ մանկավարժական աշխատանքիս մեկնարկը տվեցի հարազատ գյուղի դպրոցից: Անկեղծ ասած, առաջին տարիներին այդքան էլ չէի սիրում այդ ոլորտը, սակայն, քանի որ իմ հայրս իմ պաշտամունքն է եղել․ հասկացա, որ չեմ կարող հեռանալ նրա կյանքից, նրա դավանած արժեքներից, սկզբունքներից, որոնք չափից դուրս իմն էին: Որքան հիշում եմ, չկար այնպիսի մի բան իմ հոր մտածողության մեջ, որին ես համախոհ չլինեի։ Եվ, եթե նա իր ամբողջ կյանքը նվիրել էր իր հայրենի գյուղին, ես այլընտրանք չունեի՝ չշարունակելու նրա գործը, չառաջնորդվելու նրա թողած արժեքներով: Բազմաթիվ գործնական առաջարկություններ է ունեցել տարբեր վայրերում աշխատելու, մասնագիտորեն բարձրանալու, սակայն մերժել է՝ նվիրվելով իր հայրենի գյուղին եւ դպրոցին:
Երազիկ Հարությունյանն Արցախի վաստակավոր ուսուցիչ, Արցախի բանահյուսության գոհարները փրկած, բանահավաք Լեւոն Հարությունյանի դուստրն է, իր հոր արժանի զավակը:
Հարցազրույցներից մեկում արցախցի բանահավաքն ասել է. «Ինչ ասեմ իմ մասին․ ծնվեցի այն ժամանակ, երբ հորս թթաստանը կոլտնտեսություն էին դարձնում, տխուր էր թթայգին, տխուր էր հայրս, տխրեցի եւ ես։ Տխրության այդ զգացողությունն ինձ հետ մնաց և տասնապատկվեց։ Հին սովորույթով՝ իմ ծնված տարին հայրս մի թթենի տնկեց մեր տան բակում։ Միասին մեծանաք, միասին ծերանաք․ այս էր օրհնանքը: Հորս օրհնանքն իմ ճակատագիրն էր, եւ ես մնացի իմ թթենու հետ՝ ամբողջ կյանքս մաքառելով անարդարության դեմ, լավի համար, իմ Արցախի համար․․․»։
Բանահավաք Լեւոն Հարությունյանը շրջագայել է նաեւ Ադրբեջանի հայաշատ շրջաններում, գրի առել նրանց զրույցները, վեր հանել հին սովորույթները։ Ազգագրական աշխատանքով զբաղվել է շուրջ հիսուն տարի, կրթել եւ դաստիարակել սերունդներ: Հինգ բանահյուսական, երեք հրապարակախոսական և երեք գեղարվեստական ժողովածուների հեղինակ է։ «Հացը օտումն շտահավ, գործն էլ անումըն սիրով։ Ինձ այդ գործին մղել է սերը, սերը ժողովրդիս, ազգիս նկատմամբ»,- մի առիթով նշել է նա: Եւ նույն սիրով իր աշխատանքն է շարունակում նաեւ դուստրը՝ Երազիկ Հարությունյանը:
Մեծ ժառանգություն է թողել Լեւոն Հարությունյանը։ Մի առիթով ասել է՝ հանգիստ եմ, որովհետեւ արժանի ժառանգորդ ունեմ․ դուստրս կշարունակի իմ գործը:
Մարդկային ճակատագիրը միշտ չէ, որ մեր ձեռքերում է, հատկապես՝ հայ կնոջ ճակատագիրը։ Եւ այնպես է ստացվել, որ Երազիկ Հարությունյանը 2005-ին տեղափոխվել է մշտական բնակության Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար համայնք։ «Մինչ այդ հասցրել էի գիտական աշխատանքս ավարտել, թեկնածուական պաշտպանել եւ բավականին գիտական աշխատանքի փորձ ձեռք բերել։ Սակայն, երբ հայտնվեցի Ռուսաստանում եւ սկսեցի հասարակական տարբեր կազմակերպությունների հետ համագործակցաբար հայապահպանմանն ուղղված որոշակի աշխատանքներ կատարել, հասկացա, որ պարտավոր եմ զբաղվել սերունդների հայեցի դաստիարակությամբ, որը երեւի պետք է լինի իմ առաքելությունը։ Միայն այդ ճանապարհով կարող էի օգտակար լինել այն պաշտելի հայրենիքին, որը ժառանգել էի իմ հորից։
Եւ ես հասկացա, որ կամքիդ հակառակ հայտնվելով օտար երկրում, պետք է զբաղվես հայեցի կրթությամբ ու դաստիարակությամբ։
Եւ այսպես ճանապարհը տարավ ինձ, եւ 2005-ին հենց առաջին գործը, որ ես սկսեցի, Կուբանի պետական համալսարանում բացված հայոց լեզվի դասընթացների վարումն էր։ Հինգ տարի փոքր թվով ուսանողներ էի ունենում, բայց ամեն դեպքում՝ այն կայծը, որը կարողանում էի վառել այդ երիտասարդների սրտերում հայրենիքի նկատմամբ, այլեւս չէր մարում։ Մինչեւ հիմա իմ առաջին աշակերտների հետ կապը պահում եմ, եւ հասկանում եմ, որ նրանք հավատարիմ են մնացել այն դավանանքներին, որոնց ուղղել եմ նրանց հայացքները։
Այսպես սկսվեց իմ կրթական գործունեությունը, եւ այն հեղինակային նյութերը, որոնցով համալսարանում էի դասավանդում, երիտասարդների եւ պատանիների համար դարձան ուսումնական ձեռնարկներ։ Այսպես, մեկը մյուսի հետեւից ծնվեցին դասագրքեր Սփյուռքի բոլոր տարիքի երեխաների համար։ Այդ ձեռնարկները հայոց լեզու եւ հայրենագիտություն են սովորեցնում օտարախոս, հատկապես՝ ռուսախոս երեխաներին և երիտասարդներին»:
Երազիկ Հարությունյանը կարեւոր ներդրում է ունեցել Կրասնոդար քաղաքի երկու հայկական դպրոցների կայացման գործում։
Երազիկ Հարությունյանը տասնչորս տարի աշխատել է Հայ Առաքելական Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի «Արմատ» դպրոցում՝ որպես ուսմասվար, եւ մեծ ներդրում է ունեցել դպրոցի կայացմանը։ Չորս տարի աշխատել է նաեւ Կրասնոդարի Հայկական ազգային մշակութային ինքնավարության «Թումանյան» դպրոցում։
Հինգ տարի շարունակ ռուսերեն լեզվով հրատարակվող, Հայաստանի եւ հայ մշակույթի մասին պատմող «Խաչքար» մշակութային ամսագրի հայկական էջերի խմբագիրն էր, որը լայն տեղեկատվական- լուսավորչական աշխատանք է ծավալել՝ մեծ հետք թողնելով Ռուսաստանի հայերի կյանքում։
Աջակցել է «Հայք Մեդիա» մեդիահարթակին, որի միջոցով ռուսախոսների համար հայոց լեզու դասավանդելու տեսադասեր են նկարահանվել։ Այն այսօր արդեն ունի 600 հազարից ավելի դիտումներ և հազարավոր երիտասարդներ այդ դասընթացներով ձեռք են բերում հայոց լեզվի բազային գիտելիքներ։ Նաեւ ունեցել է կառուցողական հարցազրույցների շարք ՀՀ առաջնակարգ մտավորականների հետ, բարձրաձայնել հայկական աշխարհին հուզող հրատապ հարցեր և մասնակցել «Արցախ» հաղորդաշարի հիմնադրմանը։ Երազիկ Հարությունյանը ծրագրային զեկուցումներով հանդես է գալիս հայրենիքում և Սփյուռքում կազմակերպվող հայեցի կրթության ոլորտին վերաբերող բազմաթիվ համահայկական գիտաժողովների։
Անելիքները շատ են․ իմ հիմնական նպատակը միշտ եղել է Հայաստանի, հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելը։
«Անելիքները շատ են․ իմ հիմնական նպատակը միշտ եղել է հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելը, կամ այն կայծը բորբոքելը, որը հետագայում կդառնա կրակ։ Բնականաբար, Սփյուռքում հայապահպանման խնդիրը բարդ է, ձուլման վտանգը՝ մեծ, եւ դա կարող է կանխել միայն հայրենադարձությունը։ Եւ եթե կարողանում ենք հարյուրներից մեկին փրկել, ապա աշխատանքը կատարված է։ Իսկ իմ կյանքում շատ են եղել երիտասարդներ, որոնք նաեւ իմ աջակցությամբ ընտրել են հայրենադարձության ուղին»։
Հեղինակած աշխատանքները
Երազիկ Հարությունյանը հեղինակել և «Զանգակ» հեղինակավոր հրատարակչության աջակցությամբ հրատարակել է ուսումնական երկու փաթեթ․ «Փոքր Մհեր»՝ 5-14 տարեկան երեխաների համար եւ «Մեծ Մհեր»՝ 15 եւ բարձր տարիքի պատանիների ու երիտասարդների համար։ Դրանք ներառում են․ դասագրքեր, տարբեր տարիքի եւ մակարդակի աշխատանքային տետրեր եւ լսագրքեր։
«Հիմա ստեղծվում է երրորդ օղակը այս ուսումնական փաթեթների, որը շուտով կհրատարակվի, եւ ավելի արդյունավետ ձեւով, միջազգային ստանդարտներին համապասխան, կուռ և ամփոփ գիտելիքներ կփոխանցի հայոց լեզվի մասին։ Այս դասընթացը վերջացնելուց հետո հասուն մարդը, երիտասարդը եւ պատանին կարող են ինքնուրույն զարգացնել իրենց լեզվական գիտելիքները։ Այս բոլոր ուսումնական ձեռնարկների մեջ շատ կարեւոր ներկայություն ունի Հայաստանի, հայրենիքի դրական, բաղձալի կերպարը, որին ձգտում, տենչում է ցանկացած ուսանող՝ հենց առաջին դասից սկսած, երբ իր ձեռքն է վերցնում այս գրքերը։ Շատ կարեւոր է ազգային հստակ գաղափարախոսության տարածումը, հայրենիքի ապագայի տեսլականի ձևավորումը սերունդների մոտ։ Այսօր կրթության դաշտում կան ուղղություններ, որոնք համարում են այս եզրույթները հնացած, եւ գտնում են, որ կրթության հիմքում դնելով ազգայինը, խոչընդոտում ենք մրցունակ համաշխարհային քաղաքացի ձեւավորելու ընթացքը։ Ես, բնականաբար, այլ կարծիքի եմ․ գտնում եմ, որ ազգայինը, ավանդականը, գեներով ուղղորդվածը, արմատով սնուցվածը եւ ճյուղերին միտվածը այն շաղախն է, որը պիտի պահի մեր ազգային կերպը, մեր ազգային տեսակը և ապահովի մեր հայրենիքի անսասանությունը։
Հայրենի տան կորստի ցավը Երազիկ Հարությունյանի համար մեծ հարված էր, սակայն նա հայրենի Արցախի կորուստը ժամանակավոր է համարում։
«Իհարկե, ահավոր մեծ հարված է։ Մեկ տարի է՝ հարազատ Արցախի կորստի ցավը չի ամոքվում ոչնչով, սակայն հավատանք բանաստեղծին, որ «Ցավն է հաճախ առաջ մղում»։ Պետք է աշխատենք ավելի համառ, ավելի անզիջում և ավելի նպատակասլաց։ Իմ խորին համոզմամբ՝ Արցախի կորուստը ժամանակավոր է։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ հայի նախաստեղծ էությունը վերադառնալու է։ Այս բոլոր ձախորդությունների պատճառն այն է, որ մենք շեղվել ենք մեր արմատներից, որ մենք կորցնում ենք մեր ինքնության ավանդական կերպը։ Անկասկած վերադարձ լինելու է դրան, եւ այդ վերադարձն է միայն հարթելու ճանապարհը մեր գալիք հաղթանակների։ Ես գուցե չտեսնեմ, բայց կգան սերունդներ ավելի պայծառ, ավելի հեռատես, շրջահայաց և հայրենասեր և տերը կլինեն այն ամենի, ինչ տրված էր մեզ ի Վերուստ։
Ամբողջ աշխարհն անբարոյական է, ամբողջ աշխարհը, սակայն, խոսում է բարոյականության անունից։ Ուրեմն՝ դա է ճիշտը, ընդունելին, ուրեմն՝ դա պետք է հաղթի։ Չէ, հեքիաթների մասին չեմ խոսում, խոսում եմ իրական կյանքի մասին, որտեղ բարձր արժեքներին չդավանողները զգուշանում են եւ վախենում են Աստծո ճշմարտությունից։ Ես շատ սկզբունքային մարդ եմ, դա էլ եմ ժառանգել հորիցս, եւ մեկ-մեկ այդ ծայրահեղ սկզբունքայնությունը ինձ խանգարում է հասնել իմ նպատակներին․ սակայն արդեն չեմ փոխի իմ բնույթը եւ չեմ էլ ուզում փոխել։
Այժմ ստեղծել եմ իմ «Սասնա տուն» առցանց դպրոցը եւ աշխատում եմ հիմնականում իմ համակարգչի դիմաց աշխարհի տարբեր ծայրերում գտնվող, Հայաստանը սիրող, հայոց լեզուն սովորել ցանկացող աշակերտների հետ։ Սա ինձ տալիս է անսահմանափակ հնարավորություններ՝ իմ դավանած հայրենանվեր արժեքները սփռելու աշխարհով մեկ։ Ամեն օր երկրագնդի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, որոնց մի մասը հայ չէ անգամ, Հայաստանի սիրով եմ վարակում, պատմում հայ մշակույթի, հայոց պատմության և հայոց լեզվին անհատնում գանձերի մասին։ Այսօր իմ դպրոցը 110 տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ տարբեր աշխարհամասերից միավորված են հայոց աշխարհի նկատմամբ սիրո շուրջ։ Ահա այս շատ հետաքրքիր աշխատանքն է, որ ինձ ուժ է տալիս դիմանալու իմ հայրական տան եւ իմ հոր թողած ժառանգության կորստին։ Նրա բոլոր արխիվները մնացին այնտեղ․ ես ինձ համոզում էի՝ դրանք չհանել իր սուրբ օջախից, որովհետեւ հավատում էի նրա հավերժությանը․․․
Իմ մեծագույն նպատակն եմ համարում իմ հոր ավանդների, նրա թողած հոգևոր ժառանգության, ինչ որ ամեն զրույցի, ամեն հանդիպման, ամեն մի խոսքի միջոցով ինձ էր փոխանցում, փոխանցել իմ զավակներին եւ թոռներին, նաեւ իմ աշակերտներին։ Սա եմ համարում իմ առաքելությունը եւ գերագույն անելիքը»։
Զրույցը՝ Հ.Շինդյանի