Իմ ասելիքն իմ ծննդով է պայմանավորված
Գլխավոր » Գաղափարական » Իմ ասելիքն իմ ծննդով է պայմանավորված

Իմ ասելիքն իմ ծննդով է պայմանավորված

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյանը կդառնար 75 տարեկան։ 2023թ. գարունը դեռ չապրած՝ փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է Արցախի գրողների միության նախագահը։

Վարդան Հակոբյանը Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակն է։ Հեղինակել է մոտ յոթ տասնյակից ավել գրքեր, բազում գիտական հոդվածներ։
Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում։

Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի N152 եւ հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։ Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից։ Դպրոցական տարիներին զգաղվում էր նաեւ գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել)։
Բաքվի N 152 դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում, կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգամոլության» մեջ: Ազերական հավատաքննիչների ճնշման տակ Վ. Հակոբյանը ստիպված տեղափոխվում եւ ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում։
1965թ. բանաստեղծություններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը եւ կնքվում Վարդան Հակոբյան (անձնագրային անունը՝ Սլավիկ) գրական անվամբ։
Բաքու քաղաքում 60-ական թվականներին, դեռեւս ուսանող ժամանակ աշխատում է (երկու տարի) Բաքվի 26 կոմիսարների անվան մշակույթի հայկական տանը՝ որպես ասմունքող։
1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը եւ աշխատանքի անցնում Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։
1983-ից մինչև կյանքի վերջը նա աշխատել է Արցախի գրողների միությունում՝ որպես կազմակերպության ղեկավար։
Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Հարություն», «Նարեկ», «Դպրատուն» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը։
Յոթ տասնյակից ավելի բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական ժողովածուների հեղինակ է, որոնք տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Բաքվում և այլուր։
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում։
Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, վրացերեն, բուլղարերեն, անգլերեն և այլ լեզուներով:
ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է։
Վ. Հակոբյանի ստեղծագործությունների մասին տպագրվել են մենագրական մի շարք աշխատանքներ (Ս. Սարինյան, «Բանաստեղծի հայտնությունը», Ս. Խանյան, «Ցավի և սիրո պոեզիան», Տ. Սողմոնյան, «Վարդան Հակոբյանի պոեզիայի գեղագիտական համակարգը», «Տաճարի ճանապարհին կամ մենարանի ուխտավորը» և այլն)։
Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման՝ «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները»), պրոֆեսոր։
Վ. Հակոբյանը ԼՂՀ ԳՄ վարչության նախագահն էր։ Երկար տարիների բուհական-մանկավարժական աշխատանքի փորձ ուներ, հայ գրականության և մշակույթի պատմություն, գրականության տեսություն է դասավանդել Արցախի պետական համալսարանում։
Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի (1988թ.) պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։
Ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի անդամ։
Արցախյան թեմի կողմից հայոց ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր է ընտրվել և 1995թ. Սուրբ Էջմիածնում մասնակցել կաթողիկոսական ընտրություններին։
Արցախյան համազգային շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկի» ստեղծման օրից նախագահի տեղակալն էր։
Արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ էր։ Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն էր, նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը։ Ղեկավարել էր Արցախը մայր Հայաստանին միացնելու համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀՀ նախագահի, ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակյանի անվան, ԼՂՀ Եղիշեի անվան, համահայկական «Վահագն» և այլ մրցանակների։
Վ. Հակոբյանը պարգեւատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց», «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», ինչպես նաև միջազգային մեդալներով` Ֆ. Նանսենի, Մ. Շոլոխովի և այլն, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհավորագրերի։
Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։


Վարդան Հակոբյանի վերջին խոսքը ընթերցողին
Մի քանի նկատառումներ կամ զրույց ընթերցողի հետ 


Բանաստեղծական ներքին տրամադրությունների հոգեբանական շարժառիթներում պիտի փնտրել ապրումային այն  խորքը, որը ներկայացվում է ասելիքում՝ առանց բառերի միջամտության, այլապես ճակատային կոտորակներում ներշնչումը վերածվում է հանգով չափավորված (կամ գուցե՝ անչափ) մի  սովորական խոսակցության, ոնց որ ծառի ջարդված ճյուղերը քամու տակ զարկվեն իրար ու միալար ձայներ արձակեն։ Ոչ մի պատկերային միջոց, որքան էլ տեղին լինի ու գեղեցիկ, չի կարող դադարած մտքին, որը պոկված նույն  շյուղն է, շնչառություն տալ։
Իմ փիլիսոփայությունը մարդն է, ով նման չէ բացարձակապես ոչ ոքի։ Եվ նրա ներսում թեև նույն տիեզերքն է, ինչ բոլորի մեջ, բայց այդ «նույնը» մերձության  աղերս  անգամ չունի ընդհանուր շարժման հետ, որքան էլ ընդգրկումների համաչափում մնա։ Պոետական խոսքը պիտի այնքան սովորական լինի, որ սովորական խոսքից տարբերվի։ «Հավքն իր թռչելու շնորհը նվիրել է այն ծառին, որի տակ հանդիպել ենք»։ Ահա ես այստեղ եմ ինձ տեսնում։ «Գրականացվող» խոսությունն արվեստում բացարձակ անլրջություն է բոլոր տարբերակներում՝ թե բովանդակությամբ, թե ձևով։
Իմ նկատառումները, մտային ու զգացական կառուցակարգերի ձևավորումները, հավատարիմ մնալով գեղագիտական  իմ սկզբունքին ուզում եմ շարադրել այսպես՝ բնութագրական գծերի հնարավոր ընդգրկումներով.
Ա. Անսպասելիության տրամաբանությունը գործողությունների զարգացման հաջորդականության մեջ։ Անսովորի թիրախավորում։
Բ. Ասելիքի խորքային «անհավաքելիությունը» տողատակերում։
Գ. Երևույթների որակական կերպարանափոխությունը և հայտնության տիեզերական խորհուրդը։
Դ. Ժողովրդական ոճի իմաստասիրությունը՝ անհայտի ընկալման բանալի։ Առեղծվածայինը պարզի համապատկերում։
Ե. Ժամանակի և տարածության համադրությունը՝ հակադրամիասնության ձև։
Զ. Մտածողության ինքնությունն ու ինքնատիպությունը բառում և բառից դուրս ծավալվող իրադարձություններում։
Է. Մտքի  տարօրինակությունը /պարադոքսալությունը/։
Ը. Քնարականն ու էպիկականը «հոգեզգացական»  դրսևորումներում:
Թ. Հակադիր գաղափարների ներհոսքը  խոսքի մեջ և ասելիքի ներդաշնակությունը։
Ժ. Իրականություն և հակաիրականություն:  
Ի. Ցնցումային, արտառոց իրավիճակների մարմնավորումը  փոխաբերության (մետաֆորի) տիրույթում, ուր չկա երևույթի  սահմանափակում։
Ես ծնվել եմ, որ կարդամ այն, ինչը դեռ  չեմ գրել։ Եվ միայն ու միայն ես պիտի գրեմ, քանի որ իմ ասելիքն իմ ծննդով է պայմանավորված։ Իմ առաքելությունն է՝ լինելով Վարդան Հակոբյան, հավասարապես գնալ դեպի բոլոր մարդիկ, բայց հասնել  ինքս ինձ՝ Վարդան Հակոբյանին, իմ մեջ՝ ամենեցուն։ Իսկ ստեղծությունն, իմ խորին համոզմամբ, անհասանելի գերնպատակ է։
Այս խոսքն ընդունեցեք, խնդրում եմ, որպես իմ բանաստեղծությունների ներսից կատարված ինքնանկար։ Ու ներեցեք, եթե ինչ որ խազի կամ մեղեդու վրիպում կա։
Իմ ներկապնակն ամեն ինչն է և ոչինչը։

Մեծերը՝ Վարդան Հակոբյանի մասին


Վարդան Հակոբյանը տաղանդավոր բանաստեղծ է: Տաղանդավոր բառը օգտագործեցի ոչ պատահական կերպով: Իսկապես, նրա մեջ խոսում է հայկական հավիտենական Արցախը…

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
Ամենայն Հայոց կաթողիկոս


Ուրախ եմ, որ օտար ափերուց անունդ դեն ես ձգում, հագնելով հայկական արծվենի անունը՝ Վարդան, այն, որ Ավարայրն է հիշեցնում եւ սաստում է ազգի դավաճաններին…
Ապրես, որ միշտ ստեղծագործում ես… Հուսանք…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
Բանաստեղծ


Մեր բանաստեղծական հարուստ աշխարհում իր հոգու աշխարհն ունի բանաստեղծ Վարդան Հակոբյանը: Ֆիդայի է նա էությամբ, իր պոեզիան էլ՝ ֆիդայական:

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
Արձակագիր


Խոսքս ուզում եմ սկսել Եվգենի Եվտուշենկոյի հրապարակախոսական հոդվածներից մեկում վերջին տարիներս հաճախակի հիշվող այսպիսի մի արտահայտությամբ. «Պոետը Ռուսաստանում միայն պոետ չէ»: Ես կասեի, որ հայ բանաստեղծը կրկնապես ավելին է: Եվ այսօրվա առիթով ուզում եմ ընդգծել՝ Ղարաբաղի բանաստեղծը եռակի բանաստեղծ է, շատ ավելին է, քան բանաստեղծը: Այն հանգամանքը, որ տաղանդավոր բանաստեղծ Վարդան Հակոբյանը ձեռնարկել է նաեւ գրականության ընթացքը պատկերող աշխատություն, զուտ բազմաժանրության արտահայտություն չէ. ես այդ գիրքը («Հայ նորագույն բանաստեղծության զարգացման ուղիները, 1950-1980թթ.») դիտում եմ որպես կենդանի կապ մայր հայրենիքի ու Ղարաբաղի միջեւ: Ես նրա հեղինակին համարում եմ մեծ գործիչ: Մի երկու տարի առաջ ես այնտեղ էի՝ Ղարաբաղում, եւ բազմաթիվ հանդիպումների ժամանակ զգացի, թե ինչպիսի մեծ կազմակերպչական ջիղ ունի Վարդանը, թե ժողովուրդը ինչպես է նրան սիրում: Վարդան Հակոբյանը նաեւ համալսարանի դասախոս է: Ուրեմն՝ նա իսկական հայ գրողի կերպար է, իսկական հայ բանաստեղծի կերպար: Ուրեմն՝ Վարդանը ամեն տեղ է. բացի իր գրասեղանի մոտ լինելուց՝ խրամատներում է, համալսարաններում է, զանազան գյուղական համայնքներում է: Մի խոսքով, այս ծանր տարիներին նա շատ ավելի ավելին է, քան բանաստեղծը: Այս գիրքը գրվել է դժվարին պայմաններում, երբ որ Ստեփանակերտն իր վրա կրում էր գրադի հարվածները, երբ որ Ղարաբաղը մաքառում էր թշնամու դեմ, երբ որ միաժամանակ մանուկներ էին ծնվում մոմի լույսի տակ: Ահա նույն այդ մոմի լույսի տակ, փոխաբերական իմաստով, գրված է նաեւ այս գիրքը, որը, հիրավի, արժանի է բարձր գնահատականի: Այստեղ նշվեց, որ մեր պայմաններում հատկապես, հիմա, երբ որ ընդհանուր ժխտական վերաբերմունք կա դեպի անցյալի գրականությունը, պոեզիան, անցյալի գործունեությունը, հատկապես գնահատելի է մեր հարգելի հեղինակի էսպես անաչառ մոտեցումը, խոր մոտեցումը, իմաստուն մոտեցումը դեպի մեր դժվարին, բայց բազմահարուստ անցյալը:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ


Վարդան Հակոբյանը հայ բանաստեղծների պայծառ համաստեղծության մեջ ունի իր հաստատուն տեղը: Բնությունից շռայլորեն նրան տրված տաղանդը նոր փայլատակումներ, նոր գույներ ու երանգներ բերեց հայ բանաստեղծական բարձր արվեստին՝ այն հարստացնելով մնայուն արժեքներով:

ՍԵՐԳԵՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀԳԱԱ ակադեմիկոս


Վ. Հակոբյանի տարերքը, անշուշտ, մեղմօրոր նվագները չեն: Նրա պոեզիան ավելի շուտ ջղուտ, առնական, քաղաքացիական պաթոսի ուղղվածությանն է դավանում: Սակայն նրա երգերում հաճախ հուզականն այնքան ընդգծված է հանդես գալիս, զգացմունքայինն այնպիսի վարար հորձանք է տալիս, կարծես գործ ունես քնարական նուրբ բանաստեղծի հետ:
Առանձնապես դա երեւում է սիրո, մայրական թեմայի, հուշային մեղեդիների մեջ: Այստեղ էլ Վ. Հակոբյանը խորապես զգում է իր նյութը, զգում է ամբողջ շնչառությամբ, որի շնորհիվ քնարական անձնավորումները կենդանի ու բնական գույներ են առնում, ընթերցողին ողողում ջերմ ու անկեղծ զգացումներով:
Աստվածառաք բանաստեղծը բնածին շնորհներ ու զարմանալի բնազդ ունի նյութի կամ երեւույթի խորքը թափանցելու, դրանց բյուրատեսք ու բյուրաձեւ էությունը կռահելու եւ իմաստային ծալքերը բացելու համար: Վ. Հակոբյանը անպայման այդպիսի բանաստեղծ է՝ օժտված մեծ տաղանդով: Նրա քնարական ու քաղաքացիական նվագները օրհներգություններ են, աղոթախառը երկրպագություններ բնությանը, սիրուն, մարդուն, հայրենի Արցախին: Իր չափածոյի փոքր ձեւերում՝ էտյուդներում, ճեպանկարներում, գեղեցիկ ու խորքային ծփանքներով լեցուն տրիոլետներում այդ կռահումները առավելապես մարդկայինի բարդ ու բազմաշերտ էության բացահայտման, կենսական հավատի հաստատման նպատակայնությամբ են հղացված:
Իմ համոզմամբ՝ այդ ավանդույթներից ամենագլխավորը ազգային ոգու պահպանման գեղագիտական սկզբունքն է, որը Վ. Հակոբյանի պոեզիային տալիս է առանձնակի փայլ ու հմայք: Այս առումով՝ նա իր սերնդակիցների մեջ չունի հավասարը, իսկ դա այն չափանիշն է, որով բանաստեղծը երկարակեցություն է ապահովում իր համար մայրենի գրականության անդաստանում:


ՍԵՎԱԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


«Երամականչ» պոեմը իր ինքնաբուխ անմիջականությամբ, ներքին այրումներով ժողովածուի հանրագումարն է, բարձրակետը: Մայր լեռնաշխարհի հարազատ ու լավատես որդին է, «Արցախա ծուռ» Արշակ քեռին: Պոեմը վիպերգ է, ասք մարդու մասին: Պատմել նրա բովանդակությունը, նշանակում է գրեթե ոչինչ չասել. այն գրվել է միայն կարդալու համար: Արշակի կերպարը նորություն է սովետահայ պոեզիայում՝ նորություն էությամբ, խորքով, մեկնաբանությամբ, որքան ժամանակակից, նույնքան ավանդական, եւ դրա համար էլ՝ մնայուն եւ սերունդներին ուղեկցող հոգեսնունդ աղբյուր:


ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բանաստեղծ, ՀԳՄ նախագահ

1