Իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս․ Տոյվո Կլաար
Գլխավոր » Լրահոս » Իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս․ Տոյվո Կլաար

Իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս․ Տոյվո Կլաար

Տեղահանված արցախահայերի մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր պատկերացումները:

● Ո՞րն է Ձեր վերջնական մոտեցումը այժմ Հայաստանում գտնվող տեղահանված արցախայերի մասին, որոնցից շատերը դեռ հույս ունեն մի օր վերադառնալ տուն։

Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի:

ԵՄ-ն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:

Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում:

Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով: Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս:

Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:

Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը:

Ազատազրկվածների և անհայտ կորածների մասին

● Կարո՞ղ եք մանրամասնել մարդասիրական հարցերի կարևորությունը կայուն խաղաղության համար մինչ այս պահը:

Ինձ համար հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը վերաբերում է մարդկանց և, հետևաբար, մարդասիրական հարցերին: Սակայն, եթե նկատի ունեք գերիների և անհայտ կորածների կոնկրետ հարցը, ապա դրանք, իհարկե, նույնպես առանցքային տարրեր են:

ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում ամենահուզիչ փորձառություններից մեկը 2021 թվականի վերջին Ադրբեջանի գերությունից տասը հայ զինվորների ազատ արձակումն էր: Ես հպարտ էի, որ ԵՄ-ն կարողացավ օգնել այդ ժամանակ և որ ես անձամբ կարողացա ուղեկցել այդ նախկին գերիներին, երբ նրանք 2021 թվականի դեկտեմբերի 19-ին Բաքվից հայրենադարձվեցին Երևան:

Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը անհայտ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման ջանքերի հարցում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամության ու բռնության էջը վերջնականապես փակելու համար:

Եվ ինձ անձամբ տխրեցնում է այն, որ մենք դեռ իսկապես չենք կարողանում առաջընթաց գրանցել այդ հարցերում: Վստահ եմ, որ սա կմնա առանցքային խնդիր իմ աշխատանքը շարունակող հաջորդ պաշտոնյայի համար:

1