Ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների՝ հոգեհանգստի կարգ է մատուցել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցների ներկայությամբ մատուցվող հոգեհանգստյան կարգը՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:
Հոգեհանգստի կարգը մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։
Այսօր սգո երթ էին իրականացնում նաեւ 17 կուսակցությունների աջակիցները։ Նրանք հավաքվել էին Ազատության հրապարակում։ Մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը։
Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապանյանը աղոթք հղեց առ Աստված նրանց հոգիների խաղաղության համար: Սրբազանը նշեց, որ 1988 թվականի փետրվարին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինքը կանգնած էր հանրահավաքների վերջին շարքերում որպես սարկավագ և աղոթում էր, որ իրադարձությունները զարգանան երազանքների հունով և երբեք չէր կարող երևակայել, որ 32 տարի հետո նույն հրապարակում կկանգնի՝ հայրենեիքի կորստի գիտակցումով․
«Զիջելու տեղ չի մնացել, ես իմ ապրելու իմաստն եմ կորցրել , իմ հպարտությունն ու երջանկությունն եմ կորցրել և նույնիսկ իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել։ Ինձ միայն Աստված պետք է ուժ տա, որպեսզի շարունակեմ ապրել և պայքարել հանուն հայրենիքի»։
«Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկանծու Վազգեն Մանուկյանը նշեց, որ հավաքվել են հիշատակելու հերոսներին, որոնք նահատակվեցին՝ հայ ժողովրդի պատիվը պահպանելու համար.
«Երբ պատերազմը սկսվեց, մենք կարող էինք հաղթել, եթե մինչև պատերազմը արվեին այն աշխատանքները, որոնք չարվեցին։ Ասում են 2,5 տարին քիչ է, բայց 90-ական թվականներին մենք նույն 2,5 տարում 0-ից ստեղծեցինք այդպիսի բանակ, որը ջախջախիչ պարտության մատնեց Ադրբեջանին»։