Ի՞նչ կատարվեց 1921 մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի նախօրյակին
Գլխավոր » Լրահոս » Ի՞նչ կատարվեց 1921 մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի նախօրյակին

Ի՞նչ կատարվեց 1921 մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի նախօրյակին

Հեղինակ ` Արմեն Սարգսյան Աբրահամ Գասպարյան

Մոսկվայի պայմանագրի նախօրյակին

Ռուսաստանում և Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխությունները թեև գաղափարական առումով զգալի տարբերություններ ունեին, սակայն  երկու երկրների աշխարհաքաղաքական շահերի համընկնման պատճառով  արմատական ազդեցություն ունեցան 1920-1921թթ․ ռազմաքաղաքական իրադարձությունների վրա։ Ընդհանրապես, անդրադառնալով  1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրին, հիմնականում տարածված է թեզը, որ Մոսկվայինը Կարսի պայմանագրի հիմքն էր, սակայն անտեսվում է փաստը, որ Մոսկվայի պայմանագրի հիմքում էլ ընկած էր 1920թ. օգոստոսի 24-ին Մոսկվայում քեմալաբոլշևիկյան առաջին կոնֆերանսի արդյունքում պատրաստված բարեկամության պայմանագրի նախագիծը, որը  հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորումներից էր։ Պայմանագրի նախագծում  բոլշևիկյան Ռուսաստանը ոչ միայն պարտավորվում էր  ֆինանսկան ու  ռազմական օգնություն ցուցաբերել  քեմալական Թուրքիային,  այլև  փաստորեն ճանաչում էր Թուրքիայի «Ազգային ուխտը», այլ խոսքով՝ այն տարածքը, որ 1918թ․ մարտի 3-ի Բրեստ- Լիտովսկի պայմանագրով հայտնվում էր Օսմանյան կայսրության վերահսկողության ներքո։ Քեմալական շարժման հիմնական նպատակը՝ Թուրքիայի ամբողջականության վերականգնումը, կյանքի պիտի կոչվեր «հայկական սեպը» վերացնելու միջոցով։ 1920թ․ հունվարի 28-ին Ստամբուլում  սուլթանական (օսմանյան) խորհրդարանն ընդունեց «Ազգային ուխտ» կոչված ծրագրային փաստաթուղթը, որում արձանագրվում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ հայկական հարցի բացառման սկզբունքով։ Թուրքիայի տարածք էր հռչակվում ՀՀ-ին պատկանող Կարսի մարզը մինչև Արփաչայ (Ախուրյան),  Երասխ (Արաքս) գետերը։  Հետաքրքիր էր, որ վերոհիշյալ նախագծին  դեմ էր  ռուսական պատվիրակության ղեկավար, Խորհրդային Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ Գ. Չեչերինը՝ պահանջ դնելով, որ Մուշը, Վանը և Բիթլիսը վերադարձվի Հայաստանին։ Բանակցություններում հակասությունների պատճառով  ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը չստորագրվեց,  բայց  քանի որ քեմալա- բոլշևիկյան  հարաբերությունները նախագծվել էին Վ. Ի. Լենինի և Քեմալ Աթաթուրքի միջև, իսկ մնացած հանդիպումները  ձևական բնույթ  էին  կրում, Գ․Չիչերինի բոլոր  դիրքորոշումներն ապարդյուն անցան։  1920թ․ դեկտեմբերի 2-ին իրավիճակը փոխվեց,  երբ  Հայաստանում հաստատվեցին  խորհրդային կարգեր։  Առաջնահերթ դարձավ   Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, նաև մի կողմից Հայաստանի, Վրաստանի, իսկ մյուս կողմից Թուրքիայի հետ սահմանների ճշգրտումը, և բնական է, որ հայ թուրքական հարաբերությունները պետք է դրվեին նոր հիմքերի վրա։ 

1920թ․ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը՝  Ն․ Նարիմանովի գլխավորությամբ, նաև դեկտեմբերի 4-ին Ազգությունների ժողկոմ  Ի․Վ․Ստալինը  իր «Կեցցե՛ Սովետական Հայաստանը» հոդվածի մեջ, հստակ դիրքորոշում  հայտնեցին, որ Նախիջևանը, Զանգեզուրը և Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն են։

Անհրաժեշտություն առաջացավ նաև  առաջին հերթին չեղյալ համարել  Ալեքսանդրապոլի ոչ  իրավական պայմանագիրը։ Քաղաքական նոր իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունները հստակեցնելու, Ալեքսանդրապոլի պայմանագիրը չեղյալ հայտարարելու  և սահմանները ճշտելու ուղղությամբ Խորհրդային Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները ձեռնարկեցին առաջին քայլերը։ Դեկտեմբերի 5-ին ՀՍԽՀ հեղկոմի նախագահ Ս․ Կասյանը և Բ․ Լեգրանը Պ․ Մդիվանու և Գ․ Օրջոնոգիձեի միջոցով թուրքերին տեղեկացրին Ալեքսանդրապոլի պայմանագիրը «չեղյալ  հայտարարելու վերաբերյալ Խորհրդային Ռուսաստանի միջնորդության ճանաչման անհրաժեշտության» մասին։ Մի կողմից՝ Ռուսաստանի և Հայաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև ծավալվեց բանակցությունների լուրջ գործընթաց։ Թուրքիան հրաժարվում էր ուղիղ բանակցություններ վարել Խորհրդային Հայաստանի հետ, քանի որ պնդում էր, որ հարցը փակված է Ալեքսանդրապոլի պայմանագրով, և դրա վերանայումը «բոլորովին անհնար է»։ 

Վերոհիշյալ հարցերը կարգավորելու համար որոշվեց հրավիրել խորհրդա-թուրքական նոր կոնֆերանս, որին  մասնակցելու համար կազմվեց պատվիրակություն՝ ՀՍԽՀ արտգործժողկոմ Ալ․ Բեկզադյանի գլխավորությամբ։ Վերջինս  ստանալով Գ․ Չիչերինի հրավերը՝  մեկնեց Մոսկվա։ Այստեղ պատվիրակությունը ՌԽՖՍՀ արտգործժողկոմատ է ներկայացնում փաստաթղթերի, քարտեզների, փաստագրական և այլ նյութերի ընդգրկուն փաթեթ, որի մեջ նշվում է հայկական տարածքների՝  Կարսի, Արդահանի, Բայազետի, Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի ռազմավարական մեծ նշանակության մասին,  և առաջարկում է այդ տարածքները ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմում։ 

Սակայն իրադարձությունները փոխեցին դեպքերի ընթացքը։ 1921թ․-ից Քեմալ Աթաթուրքը սկսեց փոխել իր քաղաքական ռազմավարությունը՝  թեքվելով դեպի Արևմուտք։ 1921թ․ հունվարի 15-ին նա ձերբակալեց թուրք կոմունիստներին և պարանոցներից  քարեր կապելով՝ նետեց ծովը։ Փաստորեն, այն Թուրքիայում, որտեղ Վ․ Ի․ Լենինին հավաստիացրել էին, որ Արևելքում տարածելու են սոցիալիզմ,  ոչնչացրին թուրք կոմունիստներին։ Շատերը «ուրախացան»՝ մտածելով, որ դա ծանր կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա՝  հօգուտ  հայերի,  բայց սխալվեցին։ Վ․ Ի․ Լենինը, զրկվելով Թուրքիայում իր քաղաքական հենարանից,  ավելի վատ վիճակում   էր  բանակցություններ վարում Քեմալ Աթաթուրքի հետ։ Քեմալաբոլշևիկյան երկրորդ կոնֆերանսը ընթացավ 1921թ․ փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում, որի  հիմքում դրված էին ռուս-թուրքական (1920թ․ հուլիս-օգոստոս) առաջին կոնֆերանսի նյութերը։   Թուրքիան շարունակեց դեռ առաջին կոնֆերանսում Գ․ Չիչերինի կողմից բարձրացված հայկական հողերի պահանջի մերժումը։

Տեղին է հիշել, որ դեռևս 1920 թվականի դեկտեմբերի 26-ին Վ․ Լենինը ՀՍԽՀ ներկայացուցիչներ Ա․ Բեկզադյանին, Ա․ Մռավյանին և Գ․ Աթարբեկյանին ընդունելության  ժամանակ, ի պատասխան «հայ ժողովրդի սարսափելի դրության» մասին նրանց հարցադրմանը, պատասծանել  է․ «Մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի։ Այդպիսի ճակատագիր են բաժանել նաև Էստոնիան, Լատվիան և Լիտվան»։ Դրա փոխարեն տվյալ պահի համար Վ․ Լենինը հնարավոր էր համարում Հայաստանին օգնելը պարենով ու փողով, նաև  հնարավորության սահմաններում այնքան զորք տրամադրելը, որը Անգորային կդարձներ «ավելի զիջող»։ Այնուհետև Լենինը շարունակում է․  «մենք չենք պատրաստվում Հայաստանի համար պատերազմել որևէ մեկի, հատկապես Քեմալի հետ»։ Այդպիսի պայմաններում բնական է, որ քեմալական Թուրքիան, այդ թվում Հայկական հարցը դարձրեց առևտրի առարկա Ռուսաստանի ու Անտանտի միջև։ 

Հետաքրքրական է, որ նշյալ կոնֆերանսի ժամանակ թուրքական կողմը գտնում էր, որ Ադրբեջանի Հեղկոմը սխալ է թույլ տվել և շտապել է՝ Նախիջևանը, Ղարաբաղը և Զանգեզուրը ճանաչել Հայաստանի անբաժանելի  մաս։ Հետաքրքիր է նաև Բ․ Լեգրանի  գրած նամակը Գ․ Չիչերինին, որտեղ նա խոստովանում է․ «Քանի որ մենք շահագրգռված ենք քեմալականներին օգնելու խնդրում, ուստի չենք կարող հայկական հարցը դնել սուր կերպով»։

Վերոհիշյալ ոգով ընթացան ռուս-թուրքական բանակցությունները Մոսկվայի պայմանագրից առաջ։ Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը պարզապես դրվեցին մի կողմ։ 

1921թ․ մարտի 16-ին Մոսկվայում երկու միջազգայնորեն չճանաչված պետությունների՝ Խորհրդային Ոուսաստանի և Քեմալական Թուրքիայի (ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարություն) միջև կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը, որով լուծեցին բացակա պետությունների՝  Հայաստանին և Վրաստանին պատկանող տարածքների հարցը՝ այդպիսով ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը։ Հայկական պատվիրակությունը չմասնակցեց թուրքական պատվիրակության պահանջով։ Թուրքական պատվիրակության պահանջով կոնֆերանսին չմասնակցեց նաև ՌԽՖՍՀ  Արտաքին գործերի ժողկոմի  տեղակալ հայազգի Լ․ Կարախանը։  Պայմանագիրը  կոչվեց «բարեկամության և եղբայրության պայմանագիր», բայց իրականում այն ռուս-թուրքական ռազմավարական դաշինք էր, որով կատարվեց  Հայաստանի նոր բաժանում։ Պայմանագիրը բաղկացած է նախաբանից, 16 հոդվածներից և  հավելվածից։  Առաջին հոդվածն իր մեջ ընդգրկում է երեք բաղադրիչ։ Առաջին մասում պայմանավորվող կողմերը հրաժարվում են ճանաչել որևէ խաղաղության պայմանագիր կամ այլ     միջազգային ակտ, որը անընդունելի կլինի կողմերից յուրաքանչյուրի համար։  Ակնհայտ է, որ սա առաջին հերթին  վերաբերում էր Սևրի պայմանագրին։ Սևրի պայմանագիրը ընդունելի չէր Ռուսաստանի համար ոչ այնքան Հայկական հարցի, որքան նեղուցների, Սև ծովի կարգավիճակի տեսակետից։ Երկրորդ պարբերությունում ամրագրվում է, որ «Թուրքիա հասկացության տակ ճանաչում էին Կ․Պոլսի օսմանյան խորհրդարանի կողմից մշակված և հռչակված 1920թ․ հունվարի 28-ի Թուրքական Ազգային ուխտի մեջ մտնող տարածքները»։ Երրորդ հատվածը  նշում է Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը, որը նկարագրված էր հավելված «ա» և «բ»-ում  և գործում է առ այսօր։

Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն  անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը, Արդահանը, Արդվինը, նաև Սուրմալուի գավառը, որը երբևէ Թուրքիայի կազմում չի եղել և նույնիսկ ընդգրկված չէ Թուրքիայի «Ազգային ուխտի»  մեջ։  Սուրմալուի գավառը 3750 քառ․ կմ է, իսկ Բաթումի տարածքը, որը միացվեց Վրացական ՍԽՀ–ին՝ 3000 քառ․ կմ:

Երկրորդ հոդվածով Բաթումի խնդիրը լուծվեց Վրաստանի օգտին, չնայած «Ազգային ուխտով» Բաթումը մտնում էր թուրքական պահանջների ցանկում։ Թուրքիան համաձայնվում էր Վրաստանին «զիջել» Բաթումի քաղաքն ու նավահանգիստն այն պայմանով, որ ստեղծվի մարզի լայն ինքնավարություն։ Նավահանգստից Թուրքիան օգտվելու էր ազատ և անմաքս տարանցման իրավունքով։ Փաստորեն,  Խորհրդային Ռուսաստանը Բաթումին ստացավ  դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող և երբեք Թուրքիայի մաս չհանդիսացող  Սուրմալու գավառը  Արարատ լեռով  զիջելով։ Ի դեպ Գ․Չիչերինը, որը  ռուս  բացառիկ  քաղաքական գործիչներից էր, որ որպես կանոն, ռուսական շահը որոնում էր հայերի մեջ և ոչ թե թուրքերի, տեղի տվեց Վ․Լենինի, Ի․Ստալինի, Գ․ Օրջոնոգիձեի,  Պ․ Մդիվանու ճնշումներին, Մոսկվայի բանակցությունների ժամանակ  վերջնականապես հրաժարվեց մինչ այդ ունեցած իր հայանպաստ դիրքորուշումից ու հայտարարեց, որ իրենք չեն պնդի սահմանն անցկացնել Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ:

Երրորդ հոդվածը ամբողջությամբ վերաբերում է Նախիջևանի մարզի կարգավիճակի և սահմանագծի հարցերի կարգավորմանը։ «Նախիջևանի մարզը սույն պայմանագրի 1 (գ) հավելվածում նշված սահմաններում կկազմի ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակաիությունը չի զիջի մի երրորդ պետության»։ Երրորդ պետություն ասելով բնական է նկատի է առնվում Հայաստանը։ Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին Հայաստանի համար շոշափելի կորուստ ունենալուց բացի (5500 քառ. կմ), վտանգավոր  էր նաև ռազմավարական տեսակետից։ Փաստորեն, Հայաստանի թիկունքում` Արաքսի ձախ ափին, ստեղծվում էր թշնամական մի հենակետ, որը կապող օղակ է դառնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև և պոտենցիալ սպառնալիք ստեղծում առանձնապես Զանգեզուրի  համար։ Քանի որ Նախիջևանում էին գտնվում Թուրքական զորքերը, նրանք Մոսկվայի պայմանագրի համաձայն՝  1921թ․ ապրիլին  դուրս բերեցին Նախիջևանի մարզից, որը թուրքերը ռազմակալել էին իբր տեղի իսլամ ժողովրդի խնդրանքով՝  1920թ․ աշնանը։

Այսպիսով, Մոսկվայի պայմանագրի առաջին երեք հոդվածներով  և հավելվածով որոշվում էր թուրք-անդրկովկասյան սահմանագիծը։  Հստակեցվում էին Բաթումի ու Նախիջևանի կարգավիճակները և սահմանագիծը՝  համապատասխանաբար Վրաստանի, Հայաստանի  ու Թուրքիայի և Հայաստանի ու Նախիջևանի մարզի միջև։ Հոդված 6-րդում կողմերը փոխադարձաբար ուժը կորցրած են ճանաչում մինչ այդ պահը կնքված բոլոր պայմանագրերը, որոնք  չէին համապատասխանում երկու երկրների  շահերին։

8-րդ հոդվածում նշվում է, որ Թուրքիայի տերիտորիա ասելով  հասկացվում են այն տարածքները, որոնք գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության վերահսկողության ներքո։ Նաև Թուրքիան ազատվում էր ցարական Ռուսաստանի նկատմամբ ունեցած դրամական կամ այլ պարտավորությունից։

Պայմանագրի 15-րդ հոդվածով Ռուսաստանը պարտավորվում էր Անդրկովկասի հանրապետությունների նկատմամբ դիմել այնպիսի քայլերի, որպեսզի նրանք ճանաչեն Մոսկվայի պայմանագրի՝ իրենց վերաբերող հոդվածները։ «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում  անպատճառ ճանաչեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց»։ (Զուգահեռներ անցկացնենք այսօրվա կնքվելիք խաղաղության պայմանագրի և Արցախի ճակատագրի միջև)։

Մոսկվայի պայմանագիրը քեմալական Թուրքիայի մեծագույն դիվանագիտական հաղթանակն էր։ Այն իրավամբ համարում են «Բրեստ երկրորդ»։ Միջազգային հարաբերությունների  և դիվանագիտության պատմության  մեջ չկա նախադեպ, երբ պարտված ու ջախջախված երկրի  նոր կազմավորված և իր գոյության համար կենաց ու մահու պայքար մղող  մի կառավարություն իր կամքը թելադրի այն պետությանը, որից օգնություն և աջակցություն էր խնդրում։ Դա իրականում դավադիր գործարք էր Հայաստանի, ինչու չէ,  նաև  Վրաստանի թիկունքում։ 

Մոսկվայի պայմանագիրը, ինչպես նշել է պատմաբան  Ա․Հակոբյանը, ռազմաքաղաքական դաշինք էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Մոսկվայի պայմանագիրը միջազգային տեսանկյունից անօրինական էր ոչ միայն նրա համար, որ  այն  կնքվեց  առանց Հայաստանի  մասնակցության, այլ նաև նրա համար, որ այն կնքելու ժամանակ ոչ բոլշևիկյան Ռուսաստանը և ոչ էլ քեմալական Թուրքիան միջազգայնորեն ճանաչված սուբյեկտներ չէին։ Միջազգային տեսակետից որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է միջազգայնորեն ճանաչված պետությունների օրինական իշխանության կողմից։ Ուրեմն, Մոսկվայի պայմանագիրը, միանշանակ,  անօրինական է ու անվավեր։ Բնական է,  Հայաստանի մասով ևս անվավեր է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել  միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրի մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Միջազգային վերոհիշյալ օրենքի մասին 2025թ․ փետրվարի 13-ին  խոսեց նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝  կապված ԱՄ-ի  և Ռուսաստանի միջև  նախատեսվելիք` առանց Ուկրաինայի բանակցությունների մասին։ Այսպիսով,  Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել ՀԽՍՀ-ի համար, առավել ևս որոշել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները (առանձնապես Նախիջևանի մասով)։ Շեշտենք նաև` Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածը, որում ամրագրված է պայմանագրերի իրավունքի մասին հետևյալը․ «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»։ 

Արդարությունը պահանջում է ասել, որ համակարգային դավաճանություն կատարելուց հետո հայ կոմունիստները փորձեցին բողոքել Մոսկվայի պայմանագրի դեմ, մասնավորապես  Ա․ Բեկզադյանը, Ս․ Տեր-Գաբրիելյանը, Վ․ Տեր-Վահանյանը։ Օր․ Խորհրդային Հայաստանի Արտաքին գործերի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանը ՌԿ(բ)Կ կենտկոմին, Ազգությունների ժողկոմ Ի․Ստալինին, Արտաքին գործերի ժողկոմ Գ․Չիչերինին ուղված նամակում բողոքել է Մոսկվայի պայմանագրից և նշել դրա վտանգավոր հետևանքները։ Սակայն այդ բողոքները մնացին անպատասխան, բայց  շեշտենք նաև, որ չնայած բողոքներին,  ՀԿ(բ)Կ կենտկոմը և ՀՍԽՀ ղեկավար իշխանությունը չպայքարեցին Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային, կենսական շահերի պաշտպանության համար։

Եթե մեկ նախադասությամբ բնութագրենք Մոսկվայի պայմանագիրը, ապա այն ոչ միայն միջազգայնորեն անօրեն էր, այլև`  դժբախտություն   հայ ժողովրդի համար։

2021թ․ մարտի 16-ին` պայմանագրի 100-ամյակի  նախօրյակին, ՌԴ ԱԳՆ-ի  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Անցած հարյուր տարիների ընթացքում իր քաղաքական, պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության  և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է»։ Իսկ 100 ամյակի կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը նշել է․ «երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրվել է 100 տարի առաջ, հատկապես կարևոր են մեր օրերում, երբ դրանից մեծապես կախված է տարածաշրջանի անվտանգությունը»։

Մոսկվայի պայմանագրի կնքումից անմիջապես հետո Թուրքերը խախտեցին այն և հրաժարվեցին զորքերը դուրս բերել Ալեքսանդրապոլից։ Գ․ Չիչերինը բողոքի նոտա հղեց Մոսկվայում Թուրքիայի դեսպանին  և պահանջեց, որ թուրքերն անհապաղ դուրս գան Ալեքսանդրապոլից։ Նոտայում  ասվում էր․ «Թույլ եմ տալիս ձեզ հիշեցնել, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվել է դաշնակցական կառավարության կողմից այն պահին, երբ արդեն հռչակված էր Հայաստանի սովետական կառավարությունը, և որ դա վավերացված չէ, և ըստ այդ պայմանագրի, դրա գործողության մեջ դնելու պայմանը մեկ ամսում վավերացնելն էր»։ Շեշտենք, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրն այդպես էլ չի վավերացրել նաև Թուրքիան:  Թուրքերը ստիպված 1921թ․ ապրիլի  22-ին, այս անգամ ռուսների վճռական ճնշումով,  հեռացան Ալեքսանդրապոլից՝ ավերելով այն։

Մոսկվայի պայմանագրի կնքումից հետո սա թուրքերի միակ խախտումը չէր: Այսպես,  պայմանագրի կնքումից մի քանի օր անց՝ 1924թ․ մարտի 24-ին,  Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ․Չիչերինը ՌԿ(բ)Կ կենտկոմին  զգուշացրեց, որ թուրքերը կարող են հավելյալ զիջումներ կորզել հանրապետություններից, նշելով` «Մոսկվայում թուրքական պատվիրակությունը կտրականապես մերժեց մեր առաջարկը կովկասյան պատվիրակությունների հետ ընդհանուր կոնֆերանս գումարելու վերաբերյալ։ Ակնհայտ է, որ թուրքերը ցանկանում են Թիֆլիսում՝ մեր անմիջական ազդեցությունից դուրս, հասնել լրացուցիչ արդյունքների»։ Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ալ․ Բեկզադյանի կարծիքը համընկնում էր Գ․Չիչերինի կարծիքին, որ թուրքերը չպիտի անդրկովկասյան երեք հանրապետությունների հետ առանձին-առանձին պայմանագիր կնքեն, այլ պետք է ընդհանուր խորհրդաժողով հրավիրել և կնքել պայմանագիր։ Այսօր կարծես նույն իրավիճակն է ստեղծված Հայաստանի համար։  Ադրբեջանը պահանջում է  Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագիրը կնքել  առանձին` առանց միջնորդների, այնպես, ինչպես Թուրքիան Մոսկվայի պայմանագրից հետո, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունն  իր թույլ կեցվածքով  կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, և զարմանալիորեն համաձայն է առանց միջնորդության կնքել խաղաղության պայմանագիր։

Ինչևէ, 1921թ․ մայիսին Խորհրդային Հայաստանի կառավարությունը փոխվեց, նոր կառավարության Արտաքին  գործերի ժողկոմ նշանակվեց Ասքանազ Մռավյանը։ Տեսակետ կա, որ այս փոփոխության հիմնական պատճառը Ա․ Բեկզադյանի վերաբերմունքն էր Մոսկվայի պայմանագրին։

 Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածում  նախատեսված  Թուրքիայի և անդրկովկասյան խորհրդային հանրապետությունների միջև   պայմանագրեր  կնքելու անհրաժեշտությունը,  թե Ռուսաստանը և թե Թուրքիան հասկանում էին, որ առանց դրա չի բացառվում հետագայում միջազգայնորեն  Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարելը։ Անդրկովկասյան հանրապետությունների հետ կնքված այդ պայմանագիրը հայտնի դարձավ Կարսի պայմանագիր անունով։

Արդարությունը պահանջում է ասել, որ մինչ Կարսի պայմանագիրը ՀԽՍՀ իշխանությունները ձեռնամուխ եղան նախապատրաստական աշխատանքների: 1921թ․ օգոստոսի 21-ին  Երևանում գումարվում է Հայաստանի Կոմկուսի ԿԿ նիստը, որը քննարկում և ամփոփում է հայկական կողմի պահանջները և ընդհանրացնում առանձին հուշագրով։ Հուշագրի քաղաքական բաժնում նշված է, որ անհրաժեշտ է սահմանային շտկումներ անել Սուրմալուի հատվածում՝ նկատի ունենալով հիմնականում Կողբի աղահանքերով հարուստ շրջանը։ Հայկական կողմը հույս ուներ, որ այդ հատվածը կանցնի Խորհրդային Հայաստանին։  «Կողբը միակ վայրն է, որտեղից Հայաստանը կարող է աղ ստանալ՝ առանց շահագործման համար անհրաժեշտ հատուկ միջոցների։ Աղը Հայաստանի տարածքի միակ վալյուտային ապրանքն է, որը կարող է արտասահմանյան ապրանքափոխանակության հնարավորություն տալ»։ Հուշագրում արձանագրվում է, որ  Նախիջևանի մարզի ստեղծումով և այն Ադրբեջանին հանձնելով Հայաստանը կորցնում է ցամաքային կապը Սյունիքի, Վայոց ձորի,  նաև Իրանի հետ։

Տարածքային մյուս պահանջը վերաբերում է Արփայի չեզոք գոտուն, որը հայերը հույս ունեին «ընդլայնել և այնտեղ ներդնել հայ-թուրքական խառը վարչարարություն»։ Հավանաբար, հայկական կողմը նկատի ուներ Անի քաղաքի ավերակները, որը քննարկվեց Կարսի պայմանագրի ժամանակ, բայց հուշագրում կոնկրետ չէր նշվում։

Տնտեսական բաժնում հայկական կողմը հույս ուներ, որ իրավունք կստանա  շահագործելու Օլթիի քարածխի և Կաղզվանի մկնդեղի հանքերը՝ Թուրքիային համապատասխան վճարումներ անելով։ Հայաստանի համար մեծ նշանակություն ուներ նաև Սուրմալուի անտառների տնօրինումը, քանի որ «այն միակ շինանյութն էր Հայաստանի համար»։ Հայկական կողմը առաջարկում էր անտառների պահպանությունը կազմակերպել  համատեղ ուժերով։

Կարսի պայմանագիրը։ 1921թ․ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 13-ը Կարսում, մի կողմից՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ներկայացուչիցների և մյուս կողմից՝  Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի ներկայացուցիչների միջև  ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդաժողով, որտեղ Թուրքիան վերստին պահանջեց  առանձին պայմանագրեր կնքել անդրկովկասյան հանրապետությունների հետ։ Հասկանալի է, որ այդ պահանջը ուղղված էր հիմնականում Հայաստանի դեմ։ Բայց Անդրկովկասյան հանրապետությունները Մոսկվայի հրահանգով մերժեցին թուրքերի առաջարկը։ 

1921թ․ հոկտեմբերի 13-ին մի կողմից՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև Կարսում կնքվեց «բարեկամության պայմանագիր», որտեղ հիմնականում կրկնվում էին ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի հիմնական դրույթները։ Կողմերը չեղյալ հայտարարեցին միմյանց միջև կնքված բոլոր պայմանագրերը, բացի Մոսկվայի պայմանագրից։ Կարսի պայմանագրով պատմության գիրկն անցավ նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ 

Կարսի բանակցություններում քննարկվեց նաև Անիի ավերակների տարածքը Հայաստանին անցնելու հարցը,  բայց ձևակերպման մեջ կողմերը համաձայնության  չգալով՝ որոշեցին թողնել Մոսկվայի պայմանագրի դրույթները։

5-րդ հոդվածով դուրս էր թողնվում Մոսկվայի պայմանագրի այն ենթակետը, որ Ադրբեջանը Նախիջևանի «խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության»։ Սա հույս ներշնչեց, որ հետագայում հնարավոր կլինի Նախիջևանը վերադարձնել Հայաստանին, մանավանդ, որ խնդիրը դառնում էր Խորհրդային Հանրապետության ներքին վարչատարածքային փոփոխության հարց, և Թուրքիան այլևս իրավասու չէր որևէ կերպ միջամտելու Նախիջևանի հետագա ճակատագրին։

Սակայն, ցավոք, 1924թ․ փետրվարի 9-ին ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի խորհուրդների Կենտգործկոմը որոշում կայացրեց, որով Նախիջևանը ներառվեց Ադրբեջանի ԽՍՀ կազմում։

Կարսի պայմանագրով վավերացվեց մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու ակտը։ Կարսի կոնֆերանսում  Հայաստանի համար որևէ հարց չլուծվեց, այն գրեթե կրկնեց Մոսկվայի մարտի 16-ի որոշումները, միայն ավելացավ Հայաստանի ներկայացուցչի ստորագրությունը: Կա նաև մի նրբություն, որին  շատերը ուշադրություն չեն դարձնում: Կարսի պայամանագրի անմիջական արդյունքներից էր հայ ռազմագերիների հարցի լուծումը (հոդված 16), որոնք ենթակա էին վերադարձման, և շուտով ՀՍԽՀ արտգործժողկոմատը հայտնեց 688 գերիի վերադարձի մասին, իսկ հիմա դա չի դրվում նախատեսվող «խաղաղության» պայմանագրի հիմքում։  Կարսի պայմանագրով, ի տարբերություն Մոսկվայի պայմանագրի, Հայաստանի ԽՍՀ-ին է անցնում նաև Նախիջևանի ինքնավար շրջանի հատվածում  մի փոքր տարածք։

Կարսի պայմանագիրն ունեցավ միայն բացասական նշանակություն: Հայաստանին պարտադրվեց ստորագրել մի պայմանագիր, որը նրանից խլում էր սեփական տարածքները: Խորհրդային Ռուսաստանը հայ ժողովրդի շահերը զոհաբերեց հանուն իր արևելյան քաղաքականության ու սին համաշխարհային  սոցիալիստական հեղափոխության: Ս. Լուկաշինը նշել է, որ Կարսի պայմանագիրը՝ «դա գրեթե նույն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է»: Խորհրդային Հայաստանը Կարսի պայմանագիրը վավերացրեց 1922թ. մարտի 20-ին:  Մուստաֆա Քեմալը այդ առիթով հայտարարեց, որ «այսպես կոչված Հայկական հարցը Կարսի պայմանագրով գտավ իր ամենաճիշտ լուծումը»։  

շարունակելի

1