Ի՞նչ կարելի էր ակնկալել․․․

Հայությունն ի՞նչ էր կարող ակնկալել, նոյեմբերյան եռակողմ հայտարարության խայտառակ հետևանքները ընդունած ՀՀ իշխանություններից, իհարկե «խաղաղության դարաշրջան»-ի շուրջ դատարկամիտ, անհեթեթ մտամարզանքներից զատ․․․
Ահավասիկ մի պատմական դիսկուրս ընդամենն այն վերաբերյալ, թե պատերազմում պարտված պետության ղեկավար այրն ի՞նչ է կարող տրամադրել իր ժողովուրդին։
Սոցիալիստ քաղաքական գործիչ, Ավգուստ Բեբելին հաջորդող Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, 1919-1925թթ․ Գերմանիայի նախագահ՝ Ֆրիդրիխ Էբերտը (1871-1925թթ․) 1921թ․ մարտին, երբ Ֆրանսիան նորանոր ռազմական գործողություններ էր իրականացնում Գերմանիայի դեմ, հետաքրքրական և խիստ ուսանելի կոչով է հանդես եկել սեփական ժողովուրդին առջև ու շեշտել, որ․
«Մեր հակառակորդները Վէրսայլի դաշնագիրը բացէ ի բաց բռնաբարելով՝ կը յառաջանան գրաւելու համար նորանոր հողամասեր Գերմանիայէ։
Մենք, սակայն, ի վիճակի չենք բիրտ ոյժի դէմ բիրտ ոյժ հանելու։ Մենք անպաշտպան ենք։
Հայրենակիցնե՛ր այս օտար գրաւումին հանդէպ ցոյց տուէք լուրջ արժանապատուութիւն, ի յայտ բերէք ուղիղ ընթացք․․․
Կայսերական կառավարութիւնը հանգիստ պիտի չառնէ, մինչեւ որ՝ օտար պետութիւնը տեղի տայ մեր իրաւունքին առջեւ»։
(Նոր Կեանք-Սիսուան, Պաշտօնաթերթ Ազգային Ռամկավարական Կուսակցութեան, 1921 մարտի 18, Ֆրեզնօ, Խմբագրական՝ էջ 2)
Նախագահ Էբերտի սույն խիզախ հայտարարության մասին սկզբունքային ուշագրավ կարծիք է հայտնել «Ազգային Ռամկավարական Կուսակցութեան» (հետագային միավորված Ռամկավար Ազատական կուսացության, ՌԱԿ-ի հետ) պաշտոնաթերթի խմբագրականը․
«Նախագահ Էպերթի այս յորդորը, արդիւնք զսպուած զգացումներու, յայտարար նշան մը չէ՞ զգաստութեան, որ իր համեստ ու անպաճոյճ արտահայտութեան մէջ լռելեայն կը մատնէ ինքնավստահութիւն, ոյժի գիտակցութիւն, կորով եւ յաղթելու վճռակամութիւն։ Չէ՞ որ ըստ հոգեբանութեան, զսպուած զգացումները, սանձի տակ առնուած կիրքերը աւելի ահեղ պոռթկում մը կունենան երբ պատեհ առիթը ներկայանայ․․․
Ըստ մեզ, Ֆրանսա այժմ աւելի լուրջ պատճառ ունի վախենալու իր անհաշտ թշնամիէն, քան առաջ։ Քանզի կամաւոր եւ զսպուած լռութեան մէջ ահաւոր բան մը կայ, որ իրապէս երկիւղալի է»։
Ահա թե առնվազն ինչպիսի ասույթ կարելի էր ակնկալել ՀՀ իշխանություններից․․․
Կարեն Խանլարյան