ի՞նչ հետեւանք կունենա արցախցիների սոցիալական աջակցության չեղարկումը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադրաձավ ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի՝ մարտ ամսից հետո Արցախից բռնի տեղահանված անձինք զրկվելու են 50 հազարական դրամ աջակցության ծրագրից։ Կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի՝ հունվարից աջակցության ծրագիրը փոփոխվում է, իսկ արդեն հաջորդ տարվա ապրիլ ամսից աջակցության ծրագրից օգտվելու հնավարություն կունենան միայն հատուկ խմբերի անձինք։ Կառավարության անդամները սա բացատրում են նրանով, որ արցախցիներն արդեն ինտեգրվել են Հայաստանում, կարող են աշխատել, բացի այդ, իրականացվում է կառավարության բնակապահովման ծրագիրը։ Հարցին, թե արդյո՞ք արցախցիների սոցիալական վիճակը բարելավվել է, մարդիկ աշխատանք ունե՞ն, Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց․ «Իրականում որեւէ խնդիր էլ չեն լուծել, այդ ծրագրերն իրենք սկսեցին իրականացնել այն ժամանակ, երբ արցախցիների շրջանում մեծ բողոքի ալիք կար, ի վերջո մարդկանց տնավեր ու հայրենազուրկ էին դարձրել։
Եվ փորձեցին ինչ-որ չափով սոցիալական խնդիրները լուծել՝ ելնելով նորից իրենց քաղաքական նպատակներից, որ իրենց աթոռը չերերար։ Իսկ հիմա, ցավոք սրտի, արցախցիների մի մասն արտագաղթել է, դժգոհության այդ ալիքը թուլացել է, մի մասն ինչ-որ կերպ իրենց գլխի ճարը գտել է, եւ իշխանություններն արդեն փաստացի գնում են այն ճանապարհով, ինչն իրենց իրական ճանապարհն է։ Այսինքն՝ իրենց որեւէ կերպ չեն հետաքրքրում արցախցիների խնդիրները, իրենց հետաքրքրում է իրենց աթոռի անվտանգությունն ու երկարաձգումը»։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի տնտեսական լուրջ դժվարություններ են սպասվում՝ ե՛ւ հարկային մուտքերի ապահովման, ե՛ւ ծախսերի իրականացման, ե՛ւ պետական պարտքի սպասարկման առումով։ Եվ իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր ծախսերը կրճատել։ «Իսկ այստեղ իրենք որեւէ նեղ քաղաքական, կուսակցական շահ չունեն, եւ բնական է, որ առաջնահերթ կրճատման ուղղություններից մեկը դա էր լինելու։ Ի դեպ, հիշեցնեմ, որ հաջորդ տարի թոշակները, նպաստները եւ նվազագույն աշխատավարձը եւս չեն բարձրանալու։ Այնպես որ՝ խնայողության ռեժիմի են անցել, բայց ոչ թե իրենց պարգեւատրումների, շռայլությունների, պետական մեքենաների ու քարտուղարուհիների աշխատավարձերի հաշվին են խնայում, այլ խնայում են արցախցիների, սոցիալապես անապահով մեր հայրենակիցների հաշվին»,- հավելեց պատգամավորը։
Թադեւոս Ավետիսյանը նաեւ նշեց, որ այս ամենի համատեքստում հաջորդ տարի սպասվում է աղքատության ցուցանիշի աճ։ «Ես արդեն գնահատել եմ՝ այդ տարի եւ հաջորդ տարի գնաճը շարունակաբար լինելու է։ Չնայած այս տարի քիչ էր, բայց հաջորդ տարի առնվազն 4-5 տոկոս գնաճ է կանխատեսվում։ Մեր գնահատմամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող կարեւորագույն պարենային ապրանքներն էլ ավելի բարձր գնաճ կունենան՝ մինչեւ 10-15 տոկոս։ Իսկ այս պայմաններում, եթե չեն փոխվում սոցիալական աջակցության չափերը՝ նպաստ, թոշակ եւ այլն, նշանակում է, որ հաջորդ տարի մեր թոշակառուները, աղքատ ընտանիքները եւ պետական աջակցությամբ ապրող մյուս խմբի քաղաքացիները կապրեն ավելի վատ, քան այս տարի, որովհետեւ գնաճը կխժռի նրանց իրական եկամուտները»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ