Ի՞նչ են ամենից շատ ցանկանում գալիք Նոր տարում Արցախի մեր հայրենակիցիները
Ֆեյսբուքյան տարբեր խմբեր կան, որոնք միավորում են արցախցիներին, որտեղ իրար հետ կիսվում, իրար սփոփում, կամ պարզապես կատակում, բարբառով զրույցներ են անում։
«Արցախի բարբառ» խմբում վերջերս օգտատերերից մեկը բարեմաղթանքների տուփ ստեղծեց՝ Արցախի բարբառով մաղթանքներ, ցանկություններ լցնելու, լավ տարի ունենալու ակնկալիքով։
Արցախի մեր հայրենակիցները ակտիվ սկսեցին արձագանքել։ Ամենից շատ հնչած ցանկությունը տունդարձի ցանկությունն է, Արցախ վերադառնալու և հայրենի օջախներում իրենց կյանքը շարունակելու փափագը։
Մի քանի պատերազմ ապրած, հաղթանակի ոգին սրտներում, թշնամու առջեւ չընկրկած ժողովուրդը փորձում է ամուր լինել, ոմանք դեռ չեն էլ կարողանում ընկալել՝ ինչ ու ինչպես եղավ, ինչպես ընկավ Արցախը կամ դժվարանում են դաժան իրականությանը առերեսվել։
Տեղահանությունից մեկ տարի անց նրանց մեծ մասը 2025-ը դիմավորում է սեփական տանիքներից դուրս՝ մեծ անորոշության ու ցավի մեջ։ Նրանք նաև մեկ այլ կարոտի ցավ ունեն․ զրկված են կորցրած հարազատի եւ նրա սառը հողաթմբին այցի գնալու հնարավորությունից։
«Ապառաժ»-ն արցախցիների յուրահատուկ բարբառով բարեմաղթանքների տուփից առանձնացրել է մի քանիսը, որոնք սիրով իր ընթերցողների հետ է կիսում․
- Զոյա Հովհաննիսյան․ «Օզումում ազգովի ետ տեռնանք Արցախ, ամեն օջախում լուս վառվե, Ձմեռ պապն էլ ինի խաղաղությունը։ Աստվա՜ծ, տու մեր լուխճիս երազանքը կատարիս»։
- Լյուբա Շինդյան․ «Ես ուզում եմ բացվի դրախտի ճամփան ու մեզ տանի մեր դրախտային Արցախ»։
- Էմմա Աբրահամյան․ «Գոնե կյայիս տարում արդարությունը հաղթանակե, ինչքան բարի, անմեղ մարդ կա նեղ տեղ՝ Աստված լուխճու քյոմագ անե»։
- Լարիսա Մելքումյան․ «Մեր հայ ազգը էս կյալիս տարում թող խաղաղ ապրե, կըռեվ չինի։ Հուր սըրտում էլ հինչ կա, թող կատարվե։ Մեր Արցախն էլ մեզ տան, քինանք մեր տըներումը ապրինք»։
- Ռայա Նազարյան․ «Ես շատըմ խնդրում Աստծուց՝ հինչքան քըլլած տռներ կա Արցախում, թող էս տարում լոխ պեց անե, մեզ մեր տըները հըսցնե»։
- Ալիսա Սարգսյան․ «Մեր՝ արցախցիներիս միակ երազանքը Հայրենիք քինալնա, մեր տղերքը մեզըն սպասում։ Աստո՛ւծ, մին հրաշք գործե, սաղըս քյանք մեր տները, մեր հողեն ու ճիրին շատընք կարոտ։ Թող գալիք տարեն հայոց աշխարհքեն խաղաղություն պերի՝ էլ կռեվ չինի, հզոր Հայրենիք ունենանք»։
- Արամ Եսայան․ «Աստվա՛ծ, մեր հակեն կաց, օգնե շուտ տոն քինինք»։
- Գայանե Հովհաննիսյան․ «Ամեն մարդ ուրան օջախումն ապրե, առողջ ու խաղաղ։ Իսկ ամենակարեւորը, եկեք փորձինք կոտրվինք վեչ, հինչքան էլ օզին մեզ կըռըցնին, քըշըցնին, նեղին։ Մեր ցավը մերն ա մինակ, կռքրնես կծինք, մեզ ծիքյ պահինք հանուն եղեռնից փրկված մին հափուռ մնացած մեր խորցը, մեր մեծ ու կուճիրին։ Մեր անունը պեցուր պահինք»։
- Լաուրա Ալթունյան․ «Ես շատում ուզիս, վեր մեր սրտից բխած էս բոլոր ցանկությունները մեր ամենակարող Աստվածը լսե եւ մի հրաշքավ իրականացնե։ Բոլորիդ գալիք տարին շնորհավոր»։
- Լիանետա Իշխանյան․ «Լուս, ջերմություն, մարդկություն տաս քար սերտերեն, Տե՛ր Աստված, մին էլ մեր գերիներին՝ վերադարձ․․․»։
- Արմինե Շինդյան․ «Թե աշխարհում փակ ճամփեք կան, թող որ բացվեն այս տարի, պանդուխտ դարձած Արցախցին էլ՝ թող տուն դառնա այս տարի»։