Ի՞նչ սպասել Ադրբեջանում հայ գերիների դատավարությունից
Գլխավոր » Լրահոս » Ի՞նչ սպասել Ադրբեջանում հայ գերիների դատավարությունից

Ի՞նչ սպասել Ադրբեջանում հայ գերիների դատավարությունից

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով ասուլիսի ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը նշեց, որ առաջիկայում սպասվում են Ադրբեջանում պահվող հայ գերիների դատավարությունները․ ի՞նչ սպասել գործընթացից․ «Նկատի ունենալով նախորդ տարիների փորձը, թե ինչ դատավարություններ են տեղի ունեցել նախկինում՝ Ադրբեջանի կողմից ազատազրկված հայ գերիների մասով, 2020 թվականից ի վեր, մեր արձանագրություններով կարող ենք փաստել, որ արդարադատաքննության իրավունքի տարրական երաշխիքներ չեն ապահովվել, խոսքը գնում է առաջնահերթ պաշտպանություն կազմակերպելուց։ Գերիների մեծ մասը օգտվել է հանրային պաշտպանի ծառայությունից, այդ իմաստով զրկված են եղել արդյունավետ պաշտպանությունից եւ տեղյակ ենք, որ հանրային պաշտպանների  ներկայությունը ձեւական էր եւ որեւէ միջամտություն՝  ի պաշտպանություն «մեղադրյալների» չեն եղել։ Այս փաստը մայիսին հաստատել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն, արձանագրելով, որ Ադրբեջանում հանրային պաշտպանի գրասենյակը անարդյունավետ է գործում։  Ազատազրկված հայ գերիները նույնիսկ վկաներ ունենալու հնարավորություն չեն ունեցել, ապացույցներ  կամ վկայություններ չեն ներկայացվել, թարգմանության խնդիր է եղել անգամ, թարգմանիչը ապակապատ սենյակից դուրս էր, եւ իբր չեն հասկացել եւ ճիշտ չեն թարգմանել։  Շատ դեպքերում նաեւ ժամանակ չեն տրամադրել պաշտպանությանը պատրաստվելու։ Այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են կրկին ցույց են տալիս, որ դրանք քաղաքական դրդապատճառներով են, բոլորին մեղադրում են ահաբեկչության կատարելու, աջակցելու, ֆինանսավորելու մեջ, շեշտադրումը դա է, ընդհուպ՝ ագրեսիվ պատերազմ վարելու, մասնավորապես, վերջին մեղադրանքն առաջադրվել է Արայիկ Հարությունյանին ու Դավիթ Բաբայանին, Ռուբեն Վարդանյանին կա մեղադրանք նաեւ ապօրինի սահման հատելու, ասում են, թե՝ ՀՀ քաղաքացի են, հայտնվել են Ադրբեջանում առանց իրենց թույլտվության: Նմանատիպ մեղադրանքներ սկսել են կիրառել դեռեւս Խծաբերդից գերեվարված տղաների դատավարություններում եւ դրան հաջորդած»,- նշել է Աննա Մելիքյանը։

Հարցին թե արդյո՞ք կա միջազգային որեւէ մեխանիզմ ներազդելու համար այս  գործընթացների վրա, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ մենք ունենք իրավական գործընթացներ ՀՀ իշխանությունների եւ անհատ խմբերի կողմից, բայց խոսել միջազգային առումով Ադրբեջանի վարքագծի շուրջ, բնականաբար, իրավական գործընթացները պետք է շատ լինեն եւ երկար ժամանակ է դա պահանջում։

«Նրանք մոռացել են, թե ինչ են նշանակում արդար դատավարության էլեմենտները: Մենք պետք է տեսնենք, որ պաշտպանները նրանց շուրջ են նստած, եւ ոչ թե ապակու հետեւն են նստած, պետք է տեսնենք, որ նրանք կարողանում են հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, բայց վստահ եմ, որ այդ ամենը չի լինի, որովհետեւ եթե եղավ, դատավարությունը վերահսկողությունից դուրս կգա: Հերթական ձախողումն է լինելու ապահովելու այդ մարդկանց արդար դատաքննությունը»,- նշել է փորձագետը:
Նա նշեց նաեւ, որ Ադրբեջանը խուսափում է իրավական գործընթացներից ու պահանջում է Հայաստանից դիմումները վերցնել, որովհետեւ իրավական դաշտում ավելի շատ է պարտվել, քան Հայաստանը: Դրա համար ուզում է ռազմաքաղաքական դաշտում հարցը լուծել, որովհետեւ այդտեղ՝  մենք ենք պարտվել։

Ապառաժ

1