Հյուրընկալ Պատարայի հին ու նոր խնդիրները և հայրենի հողում ապրելու մեծ ցանկությունը

Ասկերանի շրջանի ամենահին, ամենախոշոր ու գեղատեսիլ գյուղերից, Արցախի զբոսաշրջային կենտրոններից է Պատարա գյուղը։ Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային նշանակության 200-ից ավելի կոթողներով։ Պատարան համայնք ժամանած հյուրերին դիմավորում է գեղատեսիլ բնությամբ՝ գողտրիկ, անտառապատ բլուրներով, գետերով, հինավուրց ու անձուկ փողոցներով, հանգստյան գոտիներով, գրկաբաց ու հյուրընկալ բնակիչներով։
Գյուղամիջում մշտապես կարելի է հանդիպել գյուղացիներին, որոնց քննարկման թեման, ինչպես բոլոր գյուղերում, ստեղծված իրավիճակն է ու ապագայի վերաբերյալ մտածումները։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է ու հողագործությունը։ Գյուղի անտառները հարուստ են հատապտուղներով ու փայտանյութով, որոնք բնակիչների համար լրացուցիչ եկամտի աղբյուր են։ Գյուղը զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ հնարավորություն ուներ. գյուղում գործում են և նախատեսվում էին բացվել հյուրատներ, ռեստորաններ, որոնք կառուցվում են ազգային ոճով ու առաջարկում են ազգային ուտեստներ՝ շարունակելով պահպանել գյուղի հին ավանդույթները։ Թեև պատերազմից հետո էապես կրճատվել է գյուղ ժամանող զբոսաշրջիկների թիվը, իսկ շրջափակումից հետո ընդհանրապես բացակայում են դրսից ժամանած զբոսաշրջիկները, այնուամենայնիվ գյուղի նկատմամբ չի դադարում մարդկանց հետաքրքրվածությունը։ Այժմ էլ գյուղը մեծ ոգևորությամբ դիմավորում է արցախցի զբոսաշրջիկներին։

Գյուղը մարդաշատ է։ Ամենուր կարելի է հանդիպել բակում խաղացող երեխաների, այգում աշխատող մարդկանց։ Գյուղամիջում են գտնվում վերանորոգման կարիք զգացող, սակայն ամուր սյուներով դպրոցը, բուժկետը, համայնքապետարանը, թոնրատունը։ Չնայած նախադպրոցական տարիքի երեխաների մեծ քանակությանը, համայնքում չկա մանկապարտեզ, որի կարիքը շատ է զգացվում։ Գյուղ բերող ճանապարհը ասֆալտապատվել է, ինչն ավելի հարմարավետ է դարձրել ժամանող հյուրերի ճանապարհը։ Չնայած այս օրերին գազի բացակայությանը, գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, ապահովված է փողոցային լուսավորվածությամբ, ինտերնետ և հեռախոսային կապով, ունի մշտական ջրամատակարարում։ Հյուրընկալ գյուղն իր տանիքի տակ ընդունել է շուրջ 65 տեղահանված ընտանիքների։
Պատերազմից հետո պատարա գյուղը ևս շատ հեռու չի գտնվում սահմաններից, և ինչպես Արցախի մյուս բնակավայրերում, այնպես էլ Պատարայում, առկա խնդիրներին գումարվել են նորերը, սակայն անկոտրուն է մնացել իրենց հայրենի հողում ապրելու կամքը, արարելու և նորը ստեղծելու եռանդը։
Պատարա գյուղի խնդիրների, գյուղում տիրող իրավիճակի ու ապագայի մասին գյուղացիների պատկերացումները «Ապառաժ»-ին ներկայացրել է համայնքապետ Վալերի Ղահրամանյանը։

«Արցախի այսօրվա իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ, ովքեր ուզում են հանգստանալ, հաճախ ընտրում են մեր գյուղը՝ իր գեղեցկության, հյուրընկալության, պատմամշակութային նշանակության համար։ Գյուղի տարածքում առկա է 200-ից ավելի պատմամշակութային կոթող։ Գյուղից 3 կմ հեռավորության գտնվող Սբ. Ամենափրկիչ եկեղեցին ևս պետք է վերականգնեին, կառուցեին դեպի այնտեղ տանող ճանապարհը, սակայն տեղի ունեցած դեպքերը խանգարեցին»,- ասել է Վ. Ղահրամանյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ թեև մարդկանց հոգեվիճակն այդքան էլ լավ չէ, սակայն այնտեղից, որտեղից ուրախության ձայն է լսվում, ոգևորում է մարդկանց, զգացվում է, որ կյանքը շարունակվում է՝ չնայած բոլոր դժվարություններին։
«Գալիս են հատկապես հանգստյան օրերին, հանգստյան գոտիներում, հյուրատներում իրենց հանգիստն են անցկացնում»,-նշել է նա։
Ըստ նրա, գյուղում ժողովուրդը հուսահատ չէ, լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ, սակայն պետք է շուտ ավարտվի այս անորոշությունը։
«Գյուղում տրամադրությունները լավ են, սակայն չեմ թաքցնում, որ մտահոգիչ է միասնականության բացակայությունը։ Այսօր մեր նպատակը մեր ընտրած անշեղ ուղով քայլելն է, մեկ առաջնորդ ունենալն է, սակայն չգիտես՝ ինչպե՞ս որակավորել, երբ համացանցում մի հոդված են տեղադրում, մարդկանց խառնում իրար։ Չպետք է հրապարակվեն նյութեր, որոնք խուճապ են տարածում հասարակության մեջ։ Այսօր մեր ժողովրդին այսքան կուսակցություններ պետք չեն։ Նույնիսկ գյուղերում գյուղապետ ընտրելու համար 15 կուսակցություններ գալիս են ժողովրդին բաժանում 15 մասի, թողնում ու գնում։ Առ այսօր մենք չենք կարողանում համախմբվել։ Սա է ամենաանհանգստացնողը։ Իհարկե, ունենք քաղաքական ուժեր, որոնք խելացի մտքեր են առաջարկում, խելացի քայլեր են առաջարկում, պետք է հետևել նրանց, պետք է ժողովրդի գաղափարական մտածողության հետ աշխատել, հակառակ դեպքում՝ աչալրջությունը կորցնելով՝ մենք կկորցնենք մեր հայրենիքը։ Պետք է քայլել նրանց հետևից, ովքեր նվիրված են մեր երկրին և ուզում են երկրի համար օգտակար մի բան անել»,-ասել է համայնքի ղեկավարը։
Անդրադառնալով շրջափակման ընթացքում պարենային ապահովվածության հարցին՝ Վալերի Ղահրամանյանը նշել է, որ խանութները ստանում են ապրանքներ և այնպես են բաշխում դրանք, որպեսզի բոլորը կարողանան օգտվել և շատ պակասություն չզգան։

«Ընդհանրապես, մեր ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ է։ Հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, փայտ են վաճառում, հատապտուղներ են վաճառում։ Եթե մարդիկ չծուլանան, հաստատ սոված չեն մնա։ Բնությունը թույլ է տալիս ամեն ինչ ստեղծել։ Գետում ձկներ կան, անտառում հատապտուղներ։ Մարդիկ հավաքում են, վաճառում են և ապրուստի միջոց են գտնում։ Շրջափակումից հետո մարդիկ սկսել են ավելի շատ զբաղվել հողագործությամբ։ Մինչ այդ, մեքենաները Հայաստանից բերում էին շատ հարմար գներով միրգ ու բանջարեղեն վաճառում, և մարդիկ սկսել էին մտածել, որ ավելի հեշտ է գնել, քան չարչարվել ու աճեցնել, իսկ այդ ժամանակը ուրիշ գործերի վրա ծախսել»,-նշել է Վ. Ղահրամանյանը։
Ըստ նրա՝ շրջափակումը ցույց տվեց, որ գյուղացին հայտնվել է այն վիճակում, որ կարտոֆիլ չունի տանը, այն դեպքում, երբ մինչ այդ բոլորի պահեստները լցված էին, նույնիսկ վաճառում կամ ուրիշներին էին տալիս։

«Այժմ ովքեր ազատ տարածք ունեն, սկսել են մշակել այն։ Ցավոք, վերջերս գյուղի տարածքը ենթարկվել է կարկտահարության, մինչև իսկ մի օրվա ընթացքում 4 անգամ կարկուտ է տեղացել և բավականին վնասներ է հասցրել, հատկապես՝ թթի ծառերին։ Ամեն դեպքում՝ բերք ունենալու ենք»,-վստահեցնում է համայնքի ղեկավարը։
«Գյուղի տարածքում հացահատիկային բուսատեսակների մշակման համար շատ քիչ հողատարածք կար։ Հարևան գյուղերից՝ 180 հա Աստղաշենից, 170 հա Դահրավից, մեզ հող են հատկացրել, իսկ 50 հա գյուղն ունի։ Մարդիկ մշակել են այդ հողը, սակայն, ցավոք սրտի, նորից խնդիրների բախվել։ Աշնանացանի ժամանակ արված ցանքսը, փոխանակ աշնանը ծլելու, 3 ամիս սերմը մնացել է հողում և գարնանը սկսել ծլել, որի պատճառով հասկերի բարձությունն ու չափերը շատ փոքր են։ Նրանք, ովքեր կարողացել են ինչ-որ տեղից պարարտանյութ գտնել, ցանել, որոշակի չափով ավելի լավ արդյունք ունեն»,- նշել է Վ. Ղահրամանյանը։
Խոսելով ջրամատակարարման մասին՝ համայնքի ղեկավարն ասել է, որ նախկինում գյուղը ժամով ջուր ուներ, իսկ հիմա նոր ջրագիծ ունի, որը գյուղին ապահովում է մշտական ջրով, սակայն արդեն ոչ թե աղբյուրի ջուրն է հասնում գյուղին, այլ՝ գետի։
«Անձրևների ժամանակ ջուրը պղտորվում է, նստվածք է տալիս։ Ֆիլտրող սարքեր պետք է տեղադրեին, սակայն դեռևս չի իրականացվել դա։ Այս ջուրն օգտագործում են և՛ ոռոգման, և՛ խմելու համար։ Կառուցվել է նաև նոր ջրամբար մայրաքաղաքին ջուր մատակարարելու, հարևան գյուղերին ոռոգման ջրով ապահովելու համար»,-ասել է Վ. Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ գյուղը թեև ամբողջությամբ ապահովված է փողոցային լուսավորությամբ, ինչը շատ գեղեցիկ էր դարձնում գիշերները, հիմա ստիպված են անջատել՝ հոսանքի խնդիրներով պայմանավորված։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղում նախադպրոցական տարիքի 60 երեխա կա, սակայն մանկապարտեզ չունեն։
«Ծրագիրը պատրաստ էր, տեղը հատկացված էր, սակայն պատերազմն ամեն ինչ խառնեց իրար։ Գյուղին կից պետք է 28 տուն կառուցվեր, սակայն դա ևս չի հաջողվել իրականացնել։ Տասնյակ վերաբնակիչներ են հաստատվել գյուղում, վերանորոգվել է հին բնակֆոնդը և հատկացվել նրանց։ Թեև բնակարանով և գույքով ապահովված են բոլորը, սակայն շարունակում է խնդրահարույց մնալ նրանց աշխատանքի հարցը։ Նախկինում մի մասն աշխատում էր շինարարության մեջ, սակայն այդ աշխատանքները ևս դադարեցվել են։ Պետք է այս հարցին լուծում տրվի, որպեսզի նրանք ստիպված չլինեն լքել հանրապետությունը։ Այն չի բխում մեր ազգային շահերից։ Նրանց ներկայությունը, երեխաների ներկայությունը մեծ ոգևորություն է բերել գյուղին, դպրոցին։ Իհարկե, աշխատանքի բացակայության խնդիրը միայն մեր գյուղում չէ, ամենուր է»,-նշել է Վ. Ղահրամայանը։
Վ. Ղահրամանյանը նշել է, որ թեև առկա անորոշությանն ու դժվարություններին, այս օրերին էլ կան մարդիկ, որ մի նոր բան են կառուցում: «Դա նշանակում է, որ իրենք իրենց ապագան այս հողի հետ են կապում»,-ասել է Վ. Ղահրամայանը։

Վառելիքի և էլեկտրականության բացակայությամբ պայմանավորված՝ կտրուկ մեծացել է վառելափայտի նկատմամբ պահանջարկը։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ անտառում իրականացվում է հսկողություն, իսկ տեսուչները ցույց են տալիս հատման ենթակա ծառերի տեղերը, որպեսզի վնաս չհասցվի բնությանը։
44-օրյա պատերազմի ընթացքում 4 զոհ է ունեցել համայնքը։ Գյուղը շատ ռմբակոծության չի ենթարկվել, սակայն գյուղի ուղղությամբ նետված արկերը վնասել են գազի խողովակները։

«Ցավալի է՝ շատ ենք կորցրել: Պետք է ճիշտ աշխատենք, էլ կորցնելու բան չունենք»,-եզրափակել է Վ. Ղահրամանյանը։
Գյուղի դպրոցը հին պատմություն ունի, և ըստ դպրոցի տնօրեն Արթուր Ջհանգիրյանի՝ շենքի մի մասը կառուցվել է 1930-ականներին, իսկ փաստաթղթերը պահպանվում են 1936-ից։
«1936-ից հրամանների գիրք ունենք։ Որոշել եմ՝ ըստ այդ փաստաթղթերի՝ դպրոցում աշխատած բոլոր ուսուցիչների գործունեության մասին ցուցանակ պատրաստել, որն էլ կդառնա դպրոցի պատմությունը։ Երևի շուրջ 100 ուսուցիչ է աշխատել դպրոցում»,-ասել է Ա. Ջհանգիրյանը։

Դպրոցում չկա մարզադահլիճ, և տնօրենի խոսքով՝ ուսումնական տարվա 8 ամիսների ընթացքում աշակերտները ստիպված են լինում դասարանում անցկացնել պարապմունքները, իսկ եղանակային արևոտ օրերին՝ դրսում։ Դպրոցական շենքի պայմանները ևս բարվոք չեն։ Երեխաներն ու ուսուցիչները ստիպված են լինում մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելիս անցնել անձրևի և ձյան տակով։
Չնայած այս խնդիրներին, դպրոցի տնօրենի խոսքով՝ դպրոցի աշակերտները հիմնականում բոլոր ուղղություններով առաջատար են հանրապետության մասշտաբով»,-նշել է Ա. Ջհանգիրյանը։
Առարկայական օլիմպիադայում և՛ հումանիտար, և՛ բնագիտական առարկաներից հասնում են մինչև հանրապետական փուլ։
Կորոնավիրուսը, պատերազմը, իսկ այժմ էլ՝ շրջափակումը, իրենց բացասական ազդեցությունն են թողնում դասագործընթացի կազմակերպման վրա։
«Դպրոցում կաբինետային համակարգ է գործում, սակայն կորոնավիրուսի ժամանակ դասարանից դասարան չենք տեղափոխվել։ Ինչ վերաբերում է շրջափակմանը, ապա այն մեզ չի հետաքրքրում։ Շրջափակումը միայն տնտեսական առումով է ազդել։ Արցախցին 1988 թվականից սովոր է այս ամենին։ Լույսի, գազի բացակայությունը մեզ համար նորություն չէ։ Մենք այդ պայմանների միջով բազմաթիվ անգամ անցել ենք։ Անսովոր՝ գուցե արտասահմանցիների համար լինի։ Շրջափակման պայմաններում խնդիրներ չենք ունեցել. ուսուցիչներն իրենց անձնական խնդիրները, կենցաղային անհարմարությունները մի կողմ դրած՝ իրենց գործով էին զբաղվում: Դրա ապացույցը ստացած դիպլոմներն են, արտադպրոցական միջոցառումներին առաջատար տեղեր զբաղեցնելն է»,-ասել է դպրոցի տնօրենը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ դպրոցների մեջ առաջատար տեղեր զբաղեցնելը շատ դժվար է, մանավանդ՝ այսպիսի պայմաններ ունեցող դպրոցի համար, որը 8 ամիս ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացնում է շախմատ խաղալով կամ հրաձգություն պարապելով: Արդյունքում, ամբողջ հանրապետության մասշտաբով հրաձգությամբ 2-րդ տեղ զբաղեցնելը հենց այնպես չի ստացվում։
«Պետք է աշխատանք կատարվի, իսկ դա կատարվել է և՛ կորոնավիրուսի, և՛ շրջափակման ժամանակ։ Դպրոցն այնպիսի ոլորտ է, որտեղ աշխատանքը ոչ թե հիմա, այլ որոշ ժամանակ հետո է տալիս իր պտուղները։ Սա գործընթաց է, որի արդյունքները 10 տարի հետո են երևալու»,-նշել է Ա. Ջհանգիրյանը։
Ըստ նրա՝ առկա խնդիրների մասին տեղյակ են վերադաս մարմիններում:
«Նրանք գիտեն՝ ինչն է լավ, ինչն է խթանում գիտելիքների ավելացմանը, ինչն է խթանում անգրագիտության տարածմանը։ Ժամանակ է պետք, որպեսզի բարեփոխումներ իրականացվեն։ Ժամանակ է պետք մանկավարժի հարգանքն ու պատիվը վերականգնելու համար»,-ասել է Ա. Ջհանգիրյանը։
Անդրադառնալով դպրոցի՝ մասնագետներով ապահովվածության խնդրին, Ա. Ջհանգիրյանը նշել է, որ բոլոր առարկաներից դպրոցն ապահովված է երիտասարդ ուսուցիչներով։
«Դպրոցի կառավարման համակարգում ինձ համար ուղեցույց էի դրել՝ կամաց-կամաց, ոչ թե միանգամից հասնել սերնդափոխության, որպեսզի այն չազդի կրթության որակի վրա։ Եղել են թոշակառու ուսուցիչներ, որոնց ժամանակի ընթացքում քիչ ժամաքանակով ապահովելով, նոր ուսուցիչներ ընդունելով՝ փորձի փոխանակում է տեղի ունեցել մինչև նրանց գնալը»,-նշել է տնօրենը։
Խոսելով երկարօրյա դպրոցների ծրագրի մասին, Ա. Ջհանգիրյանն այն բնութագրել է՝ որպես 1988-ից հետո հանրակրթության մեջ ներդրված ամենահաջող ծրագիր։
«Ի՞նչ վատ է, որ դասերից հետո աշակերտները ճաշում են, դասերը սովորում են՝ հետո գնում տուն։ Այն աշակերտները, որոնք տնային աշխատանքները տանը չէին գրում, հիմա ոչ միայն չեն արտագրում, այլև սովորում են։ Մյուս կողմից, սոցիալական խնդիր է լուծում այս ծրագիրը։ Ընտանիքից 2-3 երեխա միանգամից սնվում են և՛ ճաշի, և՛ ետճաշի ժամանակ, իսկ այն մթերքը, որ ծնողը պետք է այս պայմաններում հայթայթեր, տնտեսում են, երեխան կուշտ գնում է տուն։ Սա նշանակում է՝ վառելիքի, ֆինանսի, ծնողի ժամանակի տնտեսում։ Բոլոր առումներով՝ օգտակար է ծրագիրը. չի եղել ծնող, որ հանկարծ ասի՝ չի ուզում երեխան մասնակցի ծրագրին»,-ասել է Ա. Ջհանգիրյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ճաշարան, խոհանոց, առկա են էլեկտրական և արևային ջրատաքացուցիչներ։
Վահագն Խաչատրյան
