ՀՅԴ տարբեր կառույցները՝ Արցախի համար
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ տարբեր կառույցները՝ Արցախի համար

ՀՅԴ տարբեր կառույցները՝ Արցախի համար

ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեն պատերազմից հետո Արցախի բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, պարենային անվտանգության ապահովման համար մի շարք ծրագրեր է մշակել: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահիջանյանը: Նրա խոսքով՝ տվյալ ծրագրերը ներկայացվել են ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցներին: «Մեր առաջարկներին արձագանքել են ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամը, Հայ օգնության միությունը, կուսակցական տարբեր քույր կառույցներ, հանձնախմբեր, երիտասարդական միություններ: Նրանց միջոցներով ֆինանսական օժանդակություններ են տրամադրվել  պատերազմի զոհերի ընտանիքներին, վիրավորում ստացածներին ու տեղահանվածներին: Ֆրանսիայի  «Նոր սերունդ» երիտասարդական միությունն էլ գազի տարաներ է հասցրել Արցախի մի շարք բնակավայրերի բնակիչներին»,- ասել է Ժիրայր Շահիջանյանը:

Նա նաև ավելացրել է, որ առաջիկայում ՀՕՄ-ի նախաձեռնությամբ և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ համագործակցությամբ մի լայնածավալ ծրագիր է իրագործվելու, որի նպատակը արևային ջրատաքացուցիչներով հնարավորինս շատ ընտանիքների ապահովելն է:

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ արդեն ավարտվել է Արցախի մի շարք գյուղերի ընտանիքներին հավի ճտեր հատկացնելու ծրագիրը: Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր, Խնկավան, Մարտունու շրջանի Ննգի, Ավդուռ, Մյուրիշեն և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր գյուղերի ընդհանուր առմամբ 409 ընտանիքներ ստացել են 25 հատ մեկ ամսական հավի ճտեր: Միայն Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում ընտանիքները ստացել են 21-ական հավի ճտեր, քանի որ համայնքի ղեկավարի կողմից նախապես ներկայացված ցանկում ընտանիքների թիվը քիչ էր, և համայնքին հատկացված հավի ճտերը հավասարաչափ բաժանվել են բոլոր ընտանիքների միջև:

Տրդատ Մարտիրոսյանը, խոսելով ծրագրի մասին, նշում է, որ այն հաջողված էր և գյուղացիների համար լրացուցիչ օժանդակություն: Բնակիչների առաջարկով նման ծրագրերի դեպքում հետագայում հաշվի է առնվելու տվյալ ընտանիքի անդամների թիվը:

1