ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի հայտարարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի հայտարարությունը

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմնի և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի հայտարարությունը

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմինը և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը խստորեն դատապարտում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, ազգային գործիչ Մուրադ Փափազյանի, որպես «անցանկալի» անձի, Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումը։

Առանց որևէ իրավական հիմնավորման և պարզաբանումների կայացվածված այս որոշումը լի է վտանգներով։ Այն մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանում իշխանությունը զավթած թշնամախումբը հետ չի կանգնելու Հայաստանի պետականությունը ծնկի բերելու և համահայկական համախմբումը ջարդելու իր ազգադավ ծրագրից։ Թիրախավորելով Եվրոպայում և, մասնավորապես, Ֆրանսիայում բացառիկ ազդեցություն ունեցող ազգային գործչին՝ Փաշինյանը և վարչախումբը ուղղակիորեն կատարում են Թուրքիայի պահանջը և «խաղաղության» կեղծ օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ խափանել հայկական սփյուռքի պահանջատիրությունն ու Հայ դատի պաշտպանության տասնամյակների պայքարը։

Այս արկածախնդիր որոշմամբ Փաշինյանը մարտահրավեր է նետում առաջին հերթին Հայաստան֊Սփյուռք միասնությանը և ազդարարում հակահայկական նոր ճակատի ձևավորման փաստը։

ՀՅԴ Ռուսաստանի կառույցը անընդունելի է համարում Փաշինյանի հակահայկական այս որոշումը և պահանջում է անհապաղ վերացնել Մուրադ Փափազյանի «անցանկալի անձի» կարգավիճակը, պարզաբանումներ տալ արգելանքի իրական նպատակների վերաբերյալ և վերացնել որոշման իրավական և բարոյական հետևանքները։

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմինը և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը հետևողականորեն շարունակելու են պայքարել հանուն Հայաստան֊Սփյուռք միասնականության, հանուն հայկական պահանջատիրության արդար լուծման, և ոչ մի ազգադավ որոշում անհետևանք չի մնալու։

Կրկին անգամ պահանջում ենք ՀՀ իշխանություններից անհապաղ բեկանել խնդրո առարկա որոշումը և զերծ մնալ ազգային համախմբվածությունը ջլատող սադրանքներից և գործողություններից։

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու մարմին
ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակ

15 ­Հու­լիսի 2022թ․

1