ՀՅԴ պատանեկան ճամբարներն Արցախում
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ պատանեկան ճամբարներն Արցախում

ՀՅԴ պատանեկան ճամբարներն Արցախում

ՀՅԴ պատանեկան ամառային ճամբարներն Արցախում արդեն սիրված ու սպասված են։ Այս տարի ևս դրանք անցկացվում են Արցախում։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությանն արձագանքելով՝ ՀՅԴ երիտասարդական միությունները աշխարհի տարբեր ծայրերից պատրաստակամություն են հայտնել գալ և ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանն օժանդակել այդ ճամբարների կազմակերպման հարցում։

Ճամբարների մեկնարկը տրվել է հուլիսի 17-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղից։ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն այնտեղ կազմակերպել էր բակային ճամբար 12-16 տարեկան պատանիների համար։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Անի Հովհաննիսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ Վանքում ՀՅԴ պատանեկան ճամբարների կազմակերպումն արդեն ավանդույթ է դառնում:

«ՀՅԴ պատանեկան ճամբարներն արդեն սիրված են Վանքում: Նախորդ տարի Այստեղ առաջին անգամ կազմակերպվել էր պատանեկան Ճամբար ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության հետ միասին, իսկ այս տարի ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն է կազմակերպել, որին աջակցել են նաև Արցախում վարժողական ծրագիր իրականացնող մեր ընկերները ՀՅԴ ԱՄՆ արևմտյան և արևելյան շրջաններից»:

Անի Հովհաննիսյանի խոսքով՝ պատանիները շատ ուրախ ու հագեցած օրեր են ունեցել, և շատ դժվար էր նրանցից բաժանվելը:

«Քանի որ պատանիները չէին ուզում, որպեսզի ճամբարն ավարտվի, մենք նրանց հետ պայմանավորվեցինք ապագայում այլ ծրագրեր իրականացնել, և մեր խոստմանը տեր լինելով՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ՀՅԴ ԱՄՆ արևելյան և արևմտյան շրջանների երիտասարդական միությունների աջակցությամբ Վանք գյուղում կազմակերպել էինք ժամանցային միջոցառում։

Արցախ ժամանած սփյուռքահայ մեր ընկերների համար Վանքի ՀՅԴ պատանեկան միության անդամները կազմակերպել էին արշավ գյուղի տարածքում՝ ներկայացնելով իրենց գյուղի պատմությունն ու տեսարժան վայրերը։

Ընկերներն այցելություն են ունեցել նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարան, կազմակերպել սպորտային խաղեր, ինչպես նաև իրենց ուժերն են փորձել կրակային պատրաստվածությունից: Օրն ավարտվել է խրախճանքով՝ գետի ափին»,- նշել է Ա. Հովհաննիսյանը։

 Հաջորդ ճամբարը տեղի է ունեցել Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N2 միջնակարգ դպրոցում։ Ճամբարն իրականացվել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության աջակցությամբ։

Ճամբարի կազմակերպիչ խմբի պատասխանատու Հուրի Մինոյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ 2012-ին էր, երբ իրենց խմբով եկել էին Արցախ ճամբար կազմակերպելու համար, իսկ սա 2-րդ անգամն է, որ գալիս է իբրև խմբի պատասխանատու։

Նա նշեց, որ այս տարի արդեն ճամբարներ են իրականացրել Գյումրիում և Ստեփանակերտում, նախատեսում են նաև Պռոշյանում։

«Ճամբարի նպատակը ամառային շրջանում պատանիների համար հետաքրքիր ու արդյունավետ ժամանցի կազմակերպումն է, հետպատերազմյան իրականությունից նրանց կտրելն ու նրանց մոտ ազգասիրության, ընկերասիրության գաղափարների արմատավորումը։ Նրանց ներկայացնում ենք նաև ՀՅԴ պատմության և այժմյան գործունեության մասին»,-ասել է Հ․ Մինոյանը։

Նրա խոսքով՝ ճամբարային օրը բացվում է Արցախի օրհներգով, որից հետո տեղի է ունենում մարզանք, դասախոսություն, երգերի ու պարերի ուսուցում, ձեռքի աշխատանք, Ճաշ, սպորտային և մրցութային խաղեր, որից հետո փակվում է ճամբարը։  

Հ․ Մինոյանն ասաց, որ ի տարբերություն կազմակերպվող այլ ճամբարների, Դաշնակցության կազմակերպված ճամբարները միշտ էլ առանձնացել են թե՛ իրենց մատուցած գաղափարներով,  թե՛ իրականացվող ծրագրերով ու միջոցառումներով, այդ պատճառով էլ պատանիները սիրով են մասնակցում ճամբարներին։

Հ․ Մինոյանն արդեն 3-րդ տարին է, ինչ վերադարձել և ապրում է հայրենիքում և այդ որոշման կայացման հարցում մեծ էր ճամբարներին՝ իր մասնակցության ազդեցությունը։

«Ես 2012-ից առաջ ամեն տարի այցելում էի Հայաստան, բայց 2012-ին ճամբարներին մասնակցելուց հետո կարողացա ծանոթանալ իսկական Հայաստանին և Արցախին։ ճամբարը ոչ զբոսաշրջային փորձություն էր բոլորիս համար։ Առիթ ունեցանք շփվել մարդկանց հետ, մեր ընկերների հետ և հասկանալ, թե իրականում ինչպես են ապրում մարդիկ։ Դրսից երբ որ գալիս ես որպես զբոսաշրջիկ, ամեն ինչ հեքիաթային է թվում, սակայն ճամբարին մասնակցելով՝ կարողանում ես ծանոթանալ ժողովրդի ապրելակերպին»,-նշել է Հ․ Մինոյանը։

Նրա խոսքով՝ այս ծրագիրը սկզբում զբաղվում էր շինարարությամբ, և միայն 2009-2010թթ․ փոխվեց ճամբարների կազմակերպման։

«Միշտ փորձել ենք ամենաշատը Արցախում իրականացնել, և ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև այլ շրջաններում ևս»,-ասել է Հ․ Մինոյանը։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Բենո Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճամբարներն Արցախում ամենամյա են։

«Անցյալ տարի կազմակերպել ենք շուրջ 9 ճամբարներ Արցախի տարբեր համայնքներում՝ ընդգրկելով 1000-ից ավելի պատանիների։ Այս տարի սա 2-րդ ճամբարն է, որ կազմակերպում ենք, որին մասնակցում են ավելի քան 150 պատանիներ։ Հայտերը շատ-շատ էին, ուստի ստիպված եղանք դադարեցնել հայտերի ընդունումը»,- նշել է Բ․ Բաբայանը։

Նրա խոսքով, ամառվա շրջանում նախատեսվում են ևս մի քանի ճամբարներ Արցախի այլ շրջաններում ևս։

Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում կազմակերպված ՀՅԴ պատանեկան 2-րդ ճամբարն Արցախում ավարտվել է տոնական միջոցառմամբ, որին ներկա են գտնվել ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները, ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը և պատանիների ծնողները:

Ճամբարի մասնակից պատանիները հյուրերին են ներկայացրել 2 շաբաթների ընթացքում իրենց սովորած երգերն ու պարերը:

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

1