ՀՅԴ որոշում. Սուլթանի մահափորձ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ որոշում. Սուլթանի մահափորձ

ՀՅԴ որոշում. Սուլթանի մահափորձ

1894-96 թվականների կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են եւ որակվում են՝  որպես ցեղասպանության ակտ: Այն կանխելու և վրեժխնդիր   լինելու պատիվը ստանձնեց ՀՅԴ կառույցը՝ 4-րդ Ընդհանուր ժողովի որոշմամբ:

1878թ. Սան Ստեֆանոյի պայմանագրով և 1878թ. Բեռլինի դաշնագրով Աբդուլ Համիդը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում: Սուլթանը, սակայն, արհամարհում է ստանձնած պարտավորությունները:

Հայ բնակչության բողոքներին հետևում են 1894-96թթ. հայկական կոտորածները, որոնց համար նա ստանում է «կարմիր սուլթան» մականունը: Հայերի կոտորածի միջոցով թուրքական կառավարությունը նպատակ է ունեցել վերջնական լուծել Հայկական հարցը։  Զեյթունում, Սասունում, Վանում տեղի են ունեցել մի քանի ինքնապաշտպանական մարտեր, որոնք ճնշվել են արյան մեջ։ Համիդյան ջարդերի ժամանակ սպանվել է շուրջ 300 000 հայ, 100 000` բռնի իսլամացվել, 100 000` տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։

Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի սպանության փորձը հայտնի է նաև՝ «Եըլտըզի» մահափորձ, քանի որ այն ծրագրվում էր իրականացվել 1905թ. հուլիսի 21-ին Ստամբուլի Եըլտըզ մզկիթում։

Եըլտըզի մահափորձն իրականացվել է 1905թ. Ելտըզի պալատի մոտ գտնվող Սուլթանիե մզկիթի բակում։ Դեռևս 1896 թվականին՝ Համիդյան կոտորածներից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Հնչակյան կուսակցությունն իրարից անկախ ընդունել էին Աբդուլ Համիդ II-ին մահապատժի ենթարկելու որոշում։ Այդ ժամանակ՝ 1896թ. փետրվարին, ՀՅԴ-ն ամենամոտն էր Աբդուլ Համիդի մահապատժի իրականացմանը, սակայն նոր կոտորածների տեղիք չտալու համար ծրագիրը հետաձգվել է։

Հետագայում Քրիստափոր Միքայելյանի կողմից այս հարցը վերաբացվել է։ Նրա համար սկզբունքային էր՝ ձևավորել մի խումբ, անցնել Կոստանդնուպոլիս և իրականացնել Աբդուլ Համիդի սպանությունը։ ՀՅԴ-ի 4-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ՝ 1904 թվականին, երբ զուգահեռ ընթանում էր Սասունի ապստամբությունը, նորից որոշում է ընդունվել պատուհասել սուլթանին, ինչը պետք է լրացուցիչ հնչեղություն հաղորդեր Սասունի ապստամբությանը և այն դարձներ միջազգային խնդիր։

Գործողությունն ստացել է «Նժույգի գործ» անվանումը, որի միայն մի մասն էր կազմում Եըլտըզի մահափորձը։ Նախքան Կոստանդնուպոլիս անցնելը Ցուցական մարմինը ժողովներ է գումարում Աթենքում և Պիրեայում, որտեղ քննարկվում են մահապատժի իրագործման ուղիները, նոր անդամներ հրավիրելու, Կոստանդնուպոլիս մտնելու, անդամների պարտականությունների և իրավունքների սահմանման հարցերը։  Ցուցական մարմնի կանոնադրության 13-րդ կետը նշում էր, որ սուլթանին ահաբեկելու որոշումը Ցուցական մարմնի կողմից պետք է ընտրվի միաձայն։ Հրավիրվեցին մի շարք գործիչներ, որոնք իրենց գործի վարպետներն էին։ Նրանց թվում էին Ռուբինա Արեշյանը, Մարի Զայցը, տիկին Անչուկովան, Քրիս Ֆանարջյանը, Համբարձում Աղաջանյանը (Կարո), Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս), Լևոն Գյուլումյանը, Գրիգոր Սայանը (Ջահիլ), Սամաթիացի Զարեհը, Արամ Անդրեասյանը և այլք։

Կանանց հրավիրելը պատահական չէր, քանի որ որոշվել էր Կոստանդնուպոլիս մտնել որպես այլազգի և կանանց ուղեկցությամբ։ Այս ամենի պատճառն այն էր, որ Կոստանդնուպոլիս՝ որպես հայ մտնելը կարող էր լրտեսների ուշադրությունը գրավել։ Քրիստափորը Կոստանդնուպոլիս է մտնում հրեա Սամուել Ֆայնի անցագրով՝ իր «աղջկա»՝ Ռուբինա Ֆայնի (Արեշյան) ուղեկցությամբ։ Սաֆոն մայրաքաղաք մտավ գերմանացի Լիփա Ռիփսի անցագրով՝ իր «կնոջ»՝ Մարի Ռիփսի (Զայց) ուղեկցությամբ, Թորգոմը և Աշոտը՝ որպես ուկրաինացի կալվածատեր Յուվանովիչ ազգանվամբ։ Իսկ քանի որ Հովնան Դավթյանի կնոջ հիվանդությունը թույլ չտվեց նրան մասնակցել գործողությանը և նրան փոխարինեց Վռամշապուհ Քենդիրյանը, նա դարձավ մարմնի հինգերորդ անդամը։

Ցուցական մարմինը որոշել էր սուլթանին ահաբեկելու զուգահեռ ահաբեկչություններ կատարել նաև Զմյուռնիայում, որի նպատակը հայկական հարցին էլ ավելի մեծ հնչեղություն հաղորդելն էր։ Դա իրագործելու համար Զմյուռնիայում ստեղծվեց Գործադիր մարմինը։ Սուլթանին ահաբեկելու համար Ցուցական մարմինը դիտարկում էր երկու տարբերակ․ դրանցից առաջինը տարեկան տարբերակն էր։ Ըստ դրա՝ մահափորձը պետք է ի կատար ածվեր այն ժամանակ, երբ սուլթանը՝ որպես մուսուլմանների առաջնորդ՝ խալիֆ, գնում էր իր հավատակիցներին այցելության։ Դա տեղի էր ունենում տարին երկու անգամ, ինչը բարդացնում էր գործողության իրականացումը։ Մյուս տարբերակը ամեն ուրբաթ տեղի ունեցող սելամլըքի ժամանակ ահաբեկչության իրականացումն էր։

Լինելով մոլեռանդ մուսուլման՝ սուլթանը պետք է մասնակցել այս կրոնական միջոցառմանը, սակայն չուզենալով ամեն անգամ դրա համար գնալ Կոստանդնուպոլիս՝ նա Եըլտըզի մոտ կառուցել էր Սուլթանիե մզկիթը և այնտեղ էր գնում ծեսերի ժամանակ։ Եըլտըզից մինչև Սուլթանիե մզկիթ ընկած ճանապարհը այդ օրերին ամբողջովին հսկվում էր թուրքական զորքի կողմից։ Մզկիթից 60-70 քայլ հեռու գտնվում էր մի տաղավար, որը նախատեսված էր օտարերկրացիների համար։ Այնտեղ տեղ գտնելու համար անհրաժեշտ էր դիմել սեփական երկրի դեսպանատուն և տեղ ամրագրել։

Դիտարկելով այս երկու տարբերակները՝ անդամները հասկանում են, որ առաջին տարբերակը անիրագործելի է, ինչից հետո ընտրվում է երկրորդը։ Այս ամենից հետո անդամները սկսում են քննարկել մահափորձի իրականացման եղանակը։ Դիտարկվում էր երկու տարբերակ․ օտարերկրացիների համար նախապատրաստված տաղավարից ձեռնառումբեր նետել սուլթանի վրա, կամ մզկիթի բակում մի կառք կանգնեցնել, որի մեջ կլիներ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ՝ մելիտին։ Քննարկումներից հետո որոշվեց միաժամանակ երկու տարբերակն էլ կատարել։

Ձեռնառումբերի պատրաստումը հապաղում էր, որի համար Քրիստափոր Միքայելյանը մեկնում է Բուլղարիա և սկսում ինքնուրույն զբաղվել դրանց պատրաստությամբ։ Իսկ կառք-ռումբի պատրաստության համար Ցուցական մարմնին հաջողվում է Կոստանդնուպոլիս տեղափոխել 204 կգ մելիտին, որը 20-րդ դարասկզբին համարվում էր ամենաուժեղ պայթուցիկ նյութը։ 1905 թվականի փետրվարին տեղի ունեցող ՀՅԴ-ի խորհրդի նիստին մասնակցելու համար Վռամշապուհ Քենդիրյանը, որը, ըստ ծրագրի, լինելու էր տաղավարից ձեռնառումբ նետողներից մեկը, անցավ Եվրոպա։ Քրիստափորը նրան հրավիրում է Սոֆիայից քիչ հեռու գտնվող Վիտոշա լեռան լանջ՝ իր պատրաստած ձեռնառումբերը ցուցադրելու համար։ Սակայն ձեռնառումբերի հերթական փորձարկման ժամանակ՝ 1905 թվականի մարտի 4-ին (նոր տոմարով փետրվարի 17), զոհվում են Քրիստափոր Միքայելյանը և Վռամշապուհ Քենդիրյանը։

Այս ամենից հետո Քննական մարմինը որոշեց շարունակել Քրիստափորի սկսած գործը։ Տեղի ունեցածից հետո Քննական մարմնի մոտ սասանվեց ձեռնառումբերի հանդեպ ունեցած հավատը, և որոշվեց մահափորձը իրականացնել միայն ռումբ-կառքի օգնությամբ։ Գործողության ղեկավարումը իր վրա է վերցնում Սաֆոն, որը մեկնում է Ժնև և Փարիզ, հանդիպում ռումբերի մասնագետների հետ և առանց գործողության մասին մանրամասներ բացահայտելու՝ ճշտում՝ ինչքան մելիտին է անհրաժեշտ ահաբեկչությունն իրականացնելու համար։ Ըստ տվյալների՝ անհրաժեշտ էր շուրջ 20 կգ մելիտին գործը գլուխ բերելու համար, իսկ Ցուցական մարմինը ռումբ-կառքի համար օգտագործում է 124 կգ մելիտին։ Սաֆոն Ժնևից անցնում է Վիեննա և պատվիրում մի շքեղ կառք, որը 1905 թվականի մայիսին արդեն գտնվում է Կոստանդնուպոլսում։ Հետագա հաշվարկները ցույց են տալիս, որ սուլթանը մզկիթից դուրս էր գալիս շեփորները հնչելուց 1 րոպե 48 վայրկյան անց։ Հենց այդ թվի վրա էլ պետք էր լարել կառքի ռումբը։ Սկսվում է կառքի պատրաստումը. կառապանի նստոցի տակ տեղադրվում է 124 կգ մելիտին, հարյուրավոր պատրույգներ, մի քանի կիլոգրամ երկաթյա կտորներ բեկորներ արձակելու համար։

Գործողության իրականացնողը պետք է որոշվեր վիճակահանության միջոցով։ Դրա արդյունքում որոշվում է, որ Սամաթիացի Զարեհի հետ Եըլտըզի պալատ է մեկնելու եգիպտացի Արամը, որն էլ իրագործելու էր մահապատիժը, սակայն Ռուբինա Արեշյանը դժգոհում է և պահանջում իրեն հանձնել գործի ի կատար ածումը։ Ի վերջո, նա կարողանում է հասնել իր նպատակին և գործը վստահվում է իրեն։ Ցուցական մարմնի բոլոր անդաները և մնացած գործիչները հեռանում են Կոստանդնուպոլսից, որտեղ մնում են միայն Սաֆոն, Սամաթիացի Զարեհը և Ռուբինան։

Սակայն, պատահմամբ այդ օրը Սուլթան Համիդի աղոթատեղից գուրս գալու պահին, դռան առջև Շեյխ-ուլ-Իսլամ Ջալալեդդի էֆենդիի հետ տեսակցությունը սովորականից մի քիչ ավելի տևեց: Շեյխ-ուլ-Իսլամի հետ ունեցած մի փոքր խոսակցությունն ուշացրեց Համիդին։ Ռումբի պայթած պահին նա դեռ կառք նստելու համար դեպի սանդուղքներն էր ուղղվել:

1905 թվականի հուլիսի 21-ին Եըլտըզի Սուլթանիե մզկիթի բակում պայթում է կառք-ռումբը։ Սաֆոն, Ռուբին ու Զարեհը նույն օրը ևեթ հեռացել էին Կոստանդնուպոլսից և մի քանի օր շարունակ չէին կարողանում իմանալ՝ արդյոք հաջողել է իրենց գործողությունը։ Նրանք արդեն Սերբիայի տարածքում էին, երբ իմանում են գործողության ձախողման մասին։ Սպանվել էր 26 և վիրավորվել 59 մարդ, որոնց թվում չկար Աբդուլ Համիդ II-ը։ Զոհվել էր նաև մասնակից Զարեհը։ Սուլթանի փրկությունը տեղական մամուլը հայտարարեց որպես «ալլահի կամքի դրսևորում»։ Սուլթանի կենսագիր Թեհսին հետագայում պատմում է, որ այդ օրը սութանը փոքր-ինչ շեղվել էր սովորական գրաֆիկից և շեփորների հնչելուց հետո մի փոքր զրուցել էր հոգևոր առաջնորդի հետ:

Սուլթանի անհաջող մահափորձը սկզբում վերագրվեց նրա թուրք հակառակորդներին։ Ձերբակալվեց գահաժառանգ Ռեշատը։ Միայն մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ մահափորձի հեղինակը հայերն էին։ Հետաքննության հետքերը տարան դեպի Զմյուռնիա և կառավարությունը կարողացավ բացահայտել այդ ձեռնարկները։ 1905 թվականի վերջին Կոստանդնուպոլսում և Իզմիրում տեղի ունեցան դատավարություններ, որի ժամանակ Էդուարդ Ժորիսը տվեց ընդարձակ ցուցմունքներ։ Դրանք ավելի շատ ապակողմնորոշեցին դատարանին։ Նա ցուցմունքներ տվեց զոհվածների և Օսմանյան կայսրությունից արդեն հեռացած գործիչների մասին, որոնք արդեն վտանգից դուրս էին, սակայն ոչ մի խոսք չասաց տեղում մնացած և վտանգված գործիչների մասին։ Այս ամենի արդյունքում Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի գործերի ներկա և բացակա մեղադրյալների դեմ դատարանը ընդունեց մահապատժի որոշում, որը, սակայն, իրականություն չդարձավ։

Շուտով Էդուարդ Ժորիսի ձերբակալությունը Օսմանյան կայսրության վրա միջազգային ճնշումների առիթ դարձան։ Եվրոպական դեսպանները Բաբը Ալիից (Բարձր Դուռ) և Սարայից պահանջեցին, որ Ժորիսի դատավարությունը տեղի ունենա քաղաքացիական դատարանում։ Մահապատժի որոշման ընդունումից հետո եվրոպական երկրները պահանջեցին արտահանձնել Ժորիսին․ այդ ճնշման տակ Թուրքիան ստիպված եղավ անել դա։

Աբդուլ Համիդի մահափորձին հետևում է հաջորդ գործողությունը՝ 1905թ․ փետրվարի 6-ին՝ Բաքվի նահանգապետ Նակաշիձեի սպանությունը, հետագայում՝ նաև Նեմեսիսը:

1