ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնադրույթները
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնադրույթները

ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնադրույթները

«Ապառաժ»-ը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ զրուցել է դեռևս մշակման փուլում գտնվող ՀՅԴ նախընտրական ծրագրային հիմնական դրույթների, արդեն կատարված աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին ՀՅԴ պատկերացումների շուրջ:

-Ի՞նչ շեշտադրումներ ունի ՀՅԴ նախընտրական ծրագիրը:

-Մեր ծրագրի մեջ ամփոփված են լինելու խնդիրների լուծման մեր մոտեցումները: Իհարկե, բոլոր ասպարեզներն էլ կարևոր են, բայց առաջին հերթին մենք շեշտադրել ենք Արցախի արտաքին քաղաքականության, բանակի և անվտանգության հետ կապված հարցերը: Առ այս պահը՝ թե ՀՀ և թե ԱՀ իշխանությունների, քաղաքական ուժերի մոտ չկա Արցախյան հիմնահարցի հետ կապված հստակեցված մոտեցում: Ըստ այդմ էլ, տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ փորձում են իրենց հայեցակետը ներկայացնել:

Մեր ծրագրի հիմնական կետերից մեկն այն է, որ պետք է մշակել Արցախյան հիմնահարցի հետ կապված մեկ միասնական հայեցակետ, որպեսզի դրա շուրջ ծավալվի համայն հայության ներուժը և հասնենք մեր հիմնական նպատակին: Արցախյան հիմնահարցը պետք է լուծվի Արցախի տարածքային ամբողջականության շրջանակում: Դա հնարավորություն կտա տարածաշրջանում ավելի կայուն խաղաղություն պահպանել: Ելնելով Սահմանադրության պահանջներից՝ մենք կատարել ենք այդ շեշտադրումը:

Այսօր հրատապ անհրաժեշտություն է ՀՀ և ԱՀ միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը, որի մասին Դաշնակցությունն անընդհատ խոսել է և մեր ծրագրի մեջ դա նույնպես իր արտացոլումն է ստանալու:

Մենք գտնում ենք, որ միայն մեր բանակի հզորության միջոցով կարող ենք լուծել և Արցախի, և անվտանգության հետ կապված հարցերը: Ազգ-բանակ հասկացությունը և դրա շուրջ ծավալվող գաղափարները պետք է համախմբվեն և դառնան մի ամուր հիմնաքար, որը հնարավորություն կտա ամբողջ Արցախը դարձնել մի ամրակուռ ամրոց, վահան, անխոցելի բերդ, և ըստ այդմ էլ հնարավորություն կունենանք ժողովրդի անվտանգությունն ապահովել: Դրանից բխում են բանակի հետ կապված բարեփոխումները, սպայական անձնակազմի սոցիալական հարցերի, բնակարանային ապահովության հարցերի լուծումը, արտոնությունների ընդլայնումը:

Բանակի հզորացման համար անչափ կարևոր է պրոֆեսիոնալ կամավոր զինվորական շրջանակի ընդլայնումը: Սպան պետք է դառնա հասարակության սերուցքը, երիտասարդի համար սպա դառնալը պետք է երազանք լինի:

Մեզ համար կարևոր ոլորտ է կրթությունն ու գիտությունը: Գտնում ենք, որ սա նույնպես անվտանգության հետ կապված հարց է: Այսօրվա աշխարհի զարգացման դինամիկայի քննությունը թույլ է տալիս ենթադրելու, որ առանց կրթյալ սերունդ ունենալու անհնար է ունենալ ուժեղ, ամուր պետություն, զարգացող տնտեսություն, մշակույթ: Կրթության ամբողջ ասպարեզը պետք է արմատական բարեփոխման ենթարկել՝ սկսած նախադպրոցական հաստատություններից մինչև հիմնական, բուհական կրթություն, այնուհետև նաև ասպիրանտական կրթություն: Չորս մասից բաղկացած այս շղթան պետք է լրիվությամբ բարեփոխել: Դրա շրջանակներում պետք է լուծումներ տրվեն ուսուցիչների կրթական մակարդակի, ուսուցիչների, դասախոսների աշխատավարձի բարձրացման, սոցիալական հիմնախնդիրներին վերաբերող հարցերին: Հասարակության մեջ ուսուցիչը, դասախոսը՝ գիտելիք հաղորդող մարդիկ պետք է սոցիալապես բավարարված լինեն, որպեսզի իրենց ուժը, էներգիան նպատակաուղղեն իրենց առջև դրված խնդրի լուծմանը:

Այս ասպարեզում շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք արհեստագործական կրթական համակարգի կատարելագործմանը, որովհետև տեսանելի է, որ վերջին տարիներին զրկվել ենք որակյալ մասնագետներից:

Մենք պետք է լուծենք նաև կրթության համաչափ զարգացման խնդիրը, ամենածայրամասային գյուղում ապրող երեխայի ստացած գիտելիքները պետք է համարժեք լինեն մայրաքաղաքում ուսանող աշակերտի ստացած գիտելիքներին: Այնտեղ էլ պետք է որակյալ մասնագետներ աշխատեն:

-Արդյո՞ք ծրագրով նախատեսում եք Սահմանադրական փոփոխություններ:

-Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն ունենք: 2017թ. ընդունված Սահմանդրությունը հապշտապ է ընդունվել և շատ հանգամանքներ հաշվի չեն առնվել: Այս Սահմանադրությունը մեզ ավելի է հեռացնում Միացյալ Հայաստանի գաղափարից: Այսօր շատ ուժեր են խոսում Դաշնակցության այս գաղափարի մասին:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և նրա զարգացումը հանգրվանային կետ է Միացյալ Հայաստանի կերտման ճանապարհին: Բայց մեր վերջնական նպատակը պապենական հողերի ազատագրումն է՝ Միացյալ երկիր ստեղծելով: Շատերի համար դա երազային կարող է թվալ, բայց դա շոշափելի է, որը մեր ժողովուրդն ապացուցել է նաև Արցախյան ազատամարտի տարիներին:

-Նախորդ նախընտրական ծրագրից ինչով է տարբերվում նոր ծրագիրը, ի՞նչ կետեր է հաջողվել իրագործել նախորդ՝ 2015թ. նախընտրական ծրագրից:

-Ամենակարևորը 100%-ոց համամասնական ընտրական համակարգն է, որը նորություն է և ընդգրկված էր ՀՅԴ 2015թ. նախընտրական ծրագրում:

Հաջորդ կարևոր կետը վերաբերում է ամբողջ Արցախը վերաբնակեցման գոտի դարձնելուն: Մենք հասել ենք նրան, որ այսօր արդեն կառավարության նման որոշում գոյություն ունի, բյուջեում էլ նման կետ է նախատեսված: Ամբողջ Արցախի տարածքը, բացի Ստեփանակերտից, համարվում է վերաբնակեցման գոտի, և օգտվելու են այն արտոնություններից, որից օգտվում էին վերաբնակեցման շրջանների բնակիչները: Սա անչափ կարևոր է հենց երկրի համաչափ զարգացումն ապահովելու տեսանկյունից:

Մեր ծրագրի առանձնահատկություններից է այն, որ վերաբնակեցմանը և ժողովրդագրական գործընթացների զարգացմանը մեծ տեղ է հատկացվել: Տարածքում պետք է մարդ ապրի: Արցախում պետք է բնակչության թվաքանակը կտրուկ փոփոխությունների ենթարկել: Մենք առաջարկում ենք «Երրորդ երեխա ծրագիր», որով արտոնություններ պետք է սահմանվեն ընտանիքներում ծնված երրորդ երեխայի համար: Այս ծրագիրը հնարավորություն կտա օգնել երրորդ երեխաների սոցիալական, կրթության հետ կապված հարցերի լուծմանը:

Կցանկանայի առանձնացնել նաև 2015թ. գյուղատնտեսության ոլորտում, կոոպերատիվ տնտեսությունների հետ կապված, մեր ներկայացրած ծրագիրը: Նախորդ 5 տարիների ընթացքում բավականաչափ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ և բավականին հաջողություններ ունենք: Մեր խմբակցության երկու պատգամավորների ջանքերով ներկայացվեց, և Ազգային ժողովն ընդունեց կոոպերացիայի մասին օրենք: Օրենքով տրվում են գյուղի, գյուղատնտեսության զարգացման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Մենք իշխանությունների հետ համաձայնություն ունենք և արդեն մի քանի տեղ նման օջախներ ստեղծվել են: Այս տարվա բյուջեում արտացոլվել է, որ նման կոոպերացիաներ ստեղծողները կօգտվեն անտոկոս վարկերից: Սրանք առաջին քայլերն են, որ պետք է անցնենք գյուղատնտեսության կոոպերացիաների ստեղծման ճանապարհին: Բայց մենք բավարար չենք համարում դա և մեր ծրագրում ավելի հասցեական շեշտել ենք, որ այս ուղղությամբ պետք է ավելի գործնական քայլեր ձեռնարկվեն: Ժողովրդի կողմից մեր ծրագրի հավանության արժանանալու պարագայում մենք դա անպայման կիրագործենք, և քաղաքացին կտեսնի գյուղի և գյուղատնտեսության զարգացման շոշափելի արդյունքները:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1