ՀՅԴ նախընտրական հանդիպումները Գանձա, Գողթանիկ, Արտաշավի և Վարդուտ համայնքներում

ՀՅԴ կողմից ներկայացված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածուները մարտի 6-ին հանդիպումներ են ունեցել ԱՀ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Գանձա, Գողթանիկ, Արտաշավի և Վարդուտ համայնքների բնակիչների հետ: Նախընտրական հանդիպումներին մասնակցում էին ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված, Արցախյան ազատամարտի անվանի հրամանատարներ Արգամ Հարությունյանի կինը՝ Արմինե Հարությունյանը և Սմբատ Թաթոսյանի կինը՝ Մարինե Պետոյանը:
Վերաբնակեցված տվյալ համայնքներում ՀՅԴ ներկայացուցիչները խոսել են նախընտրական ծրագրի որոշ հիմնադրույթների մասին, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:

Լեռնիկ Հովհաննիսյանը խոսելով, ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի մասին, շեշտել է նրա մարտական ու հասարակական ակտիվ գործունեությունը: «Բավականին երիտասարդ տարիքում մտնելով ռազմական ու քաղաքական թոհուբոհի մեջ, Դավիթ Իշխանյանը հասկանում և ռազմի, և քաղաքականության լեզուն: Հենց այս հատկանիշներով պետք է օժտված լինի անհրաժեշտ կիսապատերազմական իրավիճակում գտնվող ու բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի ղեկավարը»,- իր խոսքում նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հանդիպումների ընթացքում Դավիթ Իշխանյանն իր խոսքում շեշտադրել է Արցախի անվտանգության և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը:
Անդրադառնալով ներքին քաղաքականությանը, Դավիթ Իշխանյանը կարևորել է բնակավայրերի համաչափ զարգացումը, ապակենտրոն կառավարումը, ֆինանսական համահարթեցումը: «Պետական դոտացիաների, ֆինանսական հոսքերի առումով պետք է հիմնական միջոցներն ուղղել դեպի գյուղական բնակավայրեր: Գյուղական բնակավայրերը մեր լինելիության աղբյուրն են: Խոսքը վերաբերում է և վերաբնակեցված և մյուս շրջաններին: Իսկ ֆինանսական համահարթեցումը ենթադրում է պետության կողմից ուղղորդվող ֆինանսական միջոցները մեկ շնչի հաշվով բոլոր քաղաքացիների համար հավասարեցնելուն»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի, ՀՅԴ համամասնական ցուցակով ներկայացված պատգամավորության թեկնածու Արմինե Հարությունյանը խոսել է ՀՅԴ ծրագրի սոցիական ուղղվածության մասին:
«Մեր ծրագրով առաջարկում ենք անվճար բուժօգնություն, անվճար ու որակյալ բարձր, միջին մասնագիտական կրթություն: Այդ հնարավությունները մենք տեսնում ենք»,- նշել է Արմինե Հարությունյան՝ ներկայացնելով տվյալ և այլ ծրագրերի մանրամասներ:
Գանձա, Գողթանիկ, Արտաշավի և Վարդուտ համայնքներում հանդիպումներն ընթացել են անմիջական մթնոլորտում, բնակիչները հետաքրքրվել են վերաբնակեցման, բնապահպանության, ճանապարհաշինարարության, կրթության ոլորտներում առկա խնդիրների լուծման ՀՅԴ առաջարկած տարբերակների մասին:













