ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրվեց մի խումբ երիտասարդներով
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրվեց մի խումբ երիտասարդներով

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրվեց մի խումբ երիտասարդներով

Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը երդում տվեցին և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շարքերը համալրեցին մի խումբ նորագիրներ:

«Այս օրը շրջադարձային է. ձեր կյանքում սկզբնավորվում է մի նոր ուղի, որը դժվարին է, տեղ-տեղ` փշոտ, բայց նաև պատվաբեր և իմաստավորված: Դա այն ուղին է, որը 130 տարի շարունակ անցել են հարյուրավոր երևելի գործիչներ և դեմքեր, որոնցից շատերի անունները ոսկե տառերով են գրված հայոց պատմության էջերում»,-սեպտեմբերի 21-ին Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմի առջև տեղի ունեցած ավանդական երդման արարողության ժամանակ նշել է ՀՅԴ գործիչ Ա. Ղազարյանը:

«Այն քաղաքական ուժը, որին դուք այսօրվանից անդամակցում եք, Արցախյան փառապանծ հաղթանակի կերտողներից մեկն է: Բայց պետք է նաև հիշել, որ Դաշնակցության առաքելությունը միայն զենքի օգնությամբ ազգային-ազատագրական պայքար մղելը չէ. Դաշնակցությունը խորհրդանշում է և՛ հայ մտավորականին, և՛ աշխատավորին ու շինականին: Հետևաբար, Դաշնակցության մեծ ընտանիքում դուք ամեն մեկդ ձեր ոլորտում ծառայելու եք մեր հայրենիքի շենացմանն ու հզորացմանը, իսկ օրհասական ժամին, ինչպիսին Ապրիլյան քառօրյան էր, յուրաքանչյուր դաշնակցական պարտավոր է դառնալ հայրենիքի զինվորը և կանգնել մեր բանակի կողքին»,- իր խոսքում նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկներ հանձնախմբի նախագահ Արտաշես Մխիթարյանը:

Երդման արարողությունից հետո նոր ընկերներին շնորհավորեց և բարի գալուստ մաղթեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հռիփսիմե Արշակյանը:

yerkirmedia.am

1