ՀՅԴ-ն ամեն ջանք գործադրում է Արցախին հատկացվող ֆինանսական օժանդակության պահպանման գործում
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ-ն ամեն ջանք գործադրում է Արցախին հատկացվող ֆինանսական օժանդակության պահպանման գործում

ՀՅԴ-ն ամեն ջանք գործադրում է Արցախին հատկացվող ֆինանսական օժանդակության պահպանման գործում

Չնայած կորոնավիրուսի համավարակի հետևանքով անմիջական հանդիպումների բացակայությանը,  ԱՄՆ Հայ Դատի կառույցները նույն մասշտաբով շարունակում են աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման և ԱՄՆ-ի կողմից Արցախին հատկացվող ֆինանսական աջակցության պահպանման ուղղությամբ: Այդ մասին «Ապառաժ»-ի հետ հեռավար  հարցազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Ամերիկայի Արևելյան շրջանի պատասխանատու Անի Չաղլասյանը: Նրա խոսքով, ԱՄՆ  քաղաքական գործիչների  հետ երկխոսությունը ներկայումս  կայանում  է հեռաձայնային և համացանցային  հարթակների միջոցով։   Մեր զրուցակիցը նշել է, որ Ցեղասպանության ճանաչմանը նպատակաուղղված աշխատանքների ու միջոցառումների համատեքստում կարևորվում է  Թուրքիայի ճանաչումն ու հատուցումը, առանց որի Հայաստանի Հանրապետությունը  չի կարող  անվտանգ  ապրել։

«Այդ ուղղությամբ մեր աշխատանքը շարունակվում է։ Քանի որ ներկայիս պայմաններում Սփյուռքի  գաղթօջախներում մեծ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը բացակայում է,  փորձում ենք հեռավար և առցանց կազմակերպել»,-մանրամասնեց Ա. Չաղլասյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Արցախին ցուցաբերվող աջակցության դադարեցման հավանականությանը, նա տեղեկացրեց, որ այդ աջակցության ընդհատման մտադրությունը հայտնել էր ԱՄՆ նախագահը: Խնդրի   շուրջ տարբեր ձևաչափերով քննարկումներն ընթանում են դեռևս անցած տարվանից: Աջակցության հատկացման վերաբերյալ քննարկումների  բնականոն ընթացակարգի դեպքում այն պետք է արդեն հաստատված լիներ ապրիլ ամսին, սակայն կորոնավիրուսի տարածման հետևանքով ԱՄՆ կառավարությունը ստիպված եղավ այդ խնդիրների լուծմամբ զբաղվել, ինչի պատճառով  առայժմ բյուջեն չի քննարկվել։

«Մեզ տեղեկացրել են, որ ամենաշուտը հունիս-հուլիս ամսում կզբաղվեն այդ խնդրով։ Անշուշտ, մինչ այդ  աշխատելով կոնգրեսականների և սենատորների հետ,  մենք արդեն 75 կոնգրեսականից  և  30 սենատորից /ԱՄՆ Սենատի 30 տոկոսը/ ստորագրություններ ու նամակներ ենք հավաքել՝ առ այն, որ Արցախին տարամադրվող աջակցությունն անպայման շարունակվի։ Բացի այդ, նրանք տարբեր ձևաչափերով բացեիբաց հայտարարել են, որ աջակցում են Արցախին ցուցաբերվող ֆինանսական օժանդակության շարունակականությանը։ Եթե հաշվի առնենք  ԱՄՆ  բյուջեի չափը՝ խոսքը  շատ չնչին գումարի մասին է։ Այնուամենայնիվ,  այդ աջակցությունը մեզ համար  կարևոր է նախ նրանով, որ ականազերծման աշխատանքներն  Արցախում անպայման պետք է շարունակվեն, բացի այդ՝ կարևորում ենք քաղաքական նշանակությունը: Ուղղակի աջակցություն ցուցաբերելով, ԱՄՆ-ն  անուղղակիորեն ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Կարծում ենք, այդ է պատճառը,  որ ԱՄՆ ներկա նախագահն ու իր աջակիցները հրաժարվում են շարունակել ֆինանսական այդ հատկացումները: Այդ կարևորությունից ելնելով՝ ՀՅԴ-ն ամեն ջանք գործադրում է  Արցախին հատկացվող ֆինանսական օժանդակության պահպանման գործում»,-ասաց Ա. Չաղլասյանը՝ հավելելով, որ Արցախի աջակցությունը շարունակելու գործընթացը սատարող սենատորների ու կոնգրեսականների վերոնշյալ թիվը դեռ չի նշանակում, որ մյուսները կողմ չեն քվեարկելու։       Ընդհանրապես,  օրենքը  շրջանառելու, քննարկելու և ընդունելու համար բավական է նաև  մեկ սենատորի նախաձեռնությունը։ Ստորագրություններն ուղղակի ուղերձ են նախագահին՝ որոշում կայացնելուն ընդառաջ:  

ՀՅԴ Ամերիկայի Արևելյան շրջանի պատասխանատուն տեղեկացրեց, որ բյուջեի քննարկման  գործընթացը մեկնարկում է  ԱՄՆ Կոնգրեսին ու Սենատին ներկայացմամբ, որոնց  հաստատումից հետո ներկայացվում է  նախագահի ստորագրությանը։  

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի մերժելու  դեպքում նախատեսվում են այլ ձևաչափերով լուծումներ:  Մասնավորապես,  աշխատանք կտարվի՝ Սենատում և Կոնգրեսում նախաձեռնել  օրինագծի ընդունում,  ըստ որի՝ Արցախին ամենամյա ֆինանսական միջոցներ կնախատեսվեն։ Ըստ մեր զրուցակցի՝ այդ ուղղությամբ ևս բավականին դժվար աշխատանք է  ընթանում:  Հաջողության դեպքում սա նույնպես կնշանակի անուղղակիորեն  Արցախի Հանրապետության  ճանաչում։

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետևանքով տեղի հայ համայնքին ՀՅԴ-ի կողմից ցուցաբերվող աջակցության հարցին, Ա. Չաղլասյանը տեղեկացրեց, որ ստեղծված ծանր կացության պատճառով բոլորը՝ ավելի քան վեց  շաբաթ է, ինչ  փակված են տներում։  Հայ համայնքին աջակցելու համար ՀՅԴ-ն  քույր կազմակերպությունների հետ հատուկ խմբեր է ստեղծել,  որոնք   աջակցություն են ցուցաբերում տարեցներին առօրյա տարբեր խնդիրների լուծման գործում։ Բացի այդ, գործում են հատուկ հեռախոսահամարներ, որոնցով անհրաժեշտության դեպքում կարող են դիմել։   «Փորձում ենք  օգնություն ցուցաբերել նաև ամերիկացի ժողովրդին։ Օրինակ, ՀՕՄ-ը  բժշկական դիմակներ է  կարում, իսկ դրա հետ մեկտեղ՝ մեր խմբերը նաև մրգեր ու ախտահանիչ միջոցներ են հասցնում հիվանդանոցներում աշխատող բժիշկներին ու բուժքույրերին, ծերանոցներին և, ընդհանրապես, ուր կարիք կա: Պետք է նշել, որ  այդ  ապրանքների պակասը մեզ մոտ շատ է զգացվում»,- մասնավորապես ասաց ՀՅԴ Ամերիկայի Արևելյան շրջանի պատասխանատուն։

Վան Նովիկով

1