Դաշնակցությունը՝ Կովսականի համար
Գլխավոր » Լրահոս » Դաշնակցությունը՝ Կովսականի համար

Դաշնակցությունը՝ Կովսականի համար

Դաշնակցական, Կովսական քաղաքի վերաբնակիչ Կարեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Կովսականում ՀՅԴ և ուղեկից կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների մի մասը.

«Իմ շատ սիրելի հայրենակիցներ, այս նախընտրական փուլում մեզ մեղադրում են մեր գործունեությունը վատ լուսաբանելու մեջ և շեշտում, որ մենք իրազեկ չենք պահում մեր քաղաքացիներին մեր արած գործերի մասին․․․

Դեմ գնալով ՀՅԴ կազմակերպության մեջ ընդունված համեստության նորմերին, որն է՝ երբեք չբարձրաձայնել արածի մասին ու մեր քաղաքացիների այն հարցին «բա դուք ինչ եք արել, որ ձեզ ընտրենք», ներկայացնում եմ ձեզ ՀՅԴ կուսակցության 10-ամյա գործունեությունը միայն Կովսականում։

1) 10 համակարգիչներով գերարդիական համակարգչային դասարան է բացել դպրոցում ՝ նախաձեռնությամբ Լիբանանի Արցախ ֆոնդի /կներես ընկեր Մասիս/, մոտ 7000 ԱՄՆ դոլար, ինչը մինչև օրս սպասարկվում է դաշնակցական ընկերների կամավոր ներդրումներով։

2) Մարզամարտական հրապարակ՝ նախաձեռնությամբ կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանի ՝ 7,5 միլիոն դրամ /կներես ընկեր Հրաչ/։

3) Կովսականի «Թաթուլ» ազգագրական խմբին 3 ձեռք տարազ՝ 3000 ԱՄՆ դոլար /կներես ընկեր Մասիս ու ընկերներ/։

4) Համերգային երաժշտական տեխնիկա՝ 3000 ԱՄՆ դոլար /կներեք ընկեր Բենջո ու ընկեր Մասիս/, ինչն օգտագործվում է ոչ միայն մեր քաղաքի, այլև հարակից բնակավայրերի միջոցառումների համար, ավելին՝ այս փուլում տրամադրում ենք նաև մեր մրցակից թեկնածուներին, քանզի երբեք նրանց հակառակորդ չենք համարում։

5) Միկրոավտոբուս Ֆորդ տրանզիտ՝ 6500 ԱՄՆ դոլար, նախաձեռնությամբ Լիբանանի դպրոցականների միության, ինչը մոտ 7 տարի ծառայեց Կովսականի երիտասարդությանը Կովսականից դուրս տարբեր միջոցառումների մասնակցելու գործին /կներեք իմ սիրելի Լիբանանի պատանիներ/ ։

6) Թաթուլ Կրպեյանի կիսանդրին՝ 1500 ԱՄՆ դոլար /կներես ընկեր Արմեն/

7) 5 անգամ կազմակերպել է ամառային ճամբար՝ 50 0000 դոլար /կներեք իմ շատ սիրելի Զավարյան ուսանողականի ընկերներ/, ինչին մասնակցել են ոչ միայն Կովսականի, այլև հարակից բնակավայրերի երեխաները, ամեն տարի թվով 100-120 երեխա։

8) Հիմնադրվել է Կովսականի «Կանանց ձեռագործական միավորում» -ը /կներես ընկերուհի Մարալ/, ինչին մասնակցում են Կովսականից և հարակից բնակավայրերից մոտ 20 կին ՝ հավելյալ եկամտով ապահովելով իրենց ընտանիքները ։

9) Կովսական ու Լիբանանի Այնճար քաղաքները դարձրել ենք քույր քաղաքներ /կներեք իմ շատ սիրելի ԿԿ ընկերներ/ ՝ապահովելով երկու քաղաքապետերի փոխադարձ այցելություններն Անյճար ու Կովսական։

10) Կազմակերպել ենք Կովսականի համար աննախադեպ ցուցահանդես վաճառք, ինչին մասնակցել են համայն աշխարհից թվով 70 գործարարներ, ովքեր պատրաստ են ներդրումներ անելու Կովսականում և առհասարակ Քաշաթաղում։

11) 100-ից ավելի կով ենք նվիրել յուրաքանչյուր ընտանիքում ծնված երեխայի համար ՝ սկսած ծնված երրորդ երեխայից /կներեք իմ շատ սիրելի Արցախ ֆոնդի ընկերներ/ ։

12) Տոննաներով հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ և այլն /կներեք իմ շատ սիրելի ՀՕՄ-ուհիներ և Իրանի իմ շատ սիրելի «Թևանիկ» խումբ/։

13) Տարեկան 3 — 4 միջոցառում ՝ ընդհանուր թվով ավելի քան 10 000 ԱՄՆ դոլար /կներեք իմ շատ սիրելի ընկերներ/

14) 100 -ից ավելի երեխաներ շրջագայել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում և ԱՀ բոլոր շրջաններում ,մասնակցել են բազում արշավների ու բանակումների /կներեք իմ շատ սիրելի ընկերներ/ ։

15) Ստեղծվել և գործում են ՀՅԴ երիտասարդական և պատանեկան միություններ, կազմակերպելով բազում խարույկահանդեսներ, դիսկոտեկներ, մրցույթներ և այլն՝ ավելի հետաքրքիր դարձնելով մեր մատաղ սերնդի առօրյան։

16) Կովսականում բացվեց երիտասարդական կենտրոն, ինչն իր դռներն է բացել երիտասարդության առաջ ,որտեղ անվճար իրենց պարապմունքներն են անցկացնում Բերձորի արվեստի և սպորտի դպրոցների Կովսականի մասնաճուղերի սաները /կներեք իմ շատ սիրելի Թոռլաքյաններ և Ֆնդքյաններ/։

17) Կովսական է բերել Ամերիկյան բժիկների մի մեծ խումբ, /Կներեք «Օգնիր Եղբորդ» ծրագրի իմ շատ սիրելի ընկերներ/ ովքեր օրեր շարունակ իրենց ծառայությունն են մատուցել մեր ու հարակից շրջանների բնակիչներին ու հիվանդանոցին նվիրել դեղորայք, սարքավորումներ և այլն։

18) Գործուղել է ինձ Կովսական, որպեսզի իմ համեստ գիտելիքները փոխանցեմ մեր սերունդներին։

19) Իր հարակից կառույցների, հիմնադրամների օժանդակությամբ բազում բնակիչների հատկացրել է անտոկոս վարկեր, բնակարաններ, սերմացու, տեխնիկա և այլն։ Հարակից կառույցների մասով հետևեք նրանց հաշվետվություններին։

20) Հիմադրել, բնակեցրել և պետությանն է հանձնել Դիցմայրի գյուղը՝ ներդնելով ավելի քան 150 000 ԱՄՆ դոլար։ Ի դեպ նույն գյուղում կազմակերպել է 1700 երեխաների մկրտությունը ու մեր ձորակի ամեն 6 -րդ բնակիչը մկրտվել է այդ օրը։ Հիմա չասեք թե տեղեկացված չեք ու չկարծեք, թե սա գրել եմ ձայն մուրալու համար․․․
Ընտրեք ում ուզում եք․․․
Աստված բոլորիս հետ․․․»

1