ՀՅԴ-ի համար առաջնահերթություն է Հայ դատի օրակարգում պահել Արցախի հարցը
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ-ի համար առաջնահերթություն է Հայ դատի օրակարգում պահել Արցախի հարցը

ՀՅԴ-ի համար առաջնահերթություն է Հայ դատի օրակարգում պահել Արցախի հարցը

«Սա մեր վերջին տարիների մեծագույն տոնն է, ազատ և անկախ Հայաստանի ստեղծումը 33 տարի առաջ։ ՀՅԴ-ի համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է, որը ամեն գնով պետք է պահպանել։ Այդ անկախության նախաշեմին Արցախյան գոյամարտն էր, այսօր Արցախը հայաթափված է, բայց դա չենք դիտարկում որպես վերջնական իրադարձություն։ Այդ 33 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել բավականին լուրջ պետականություն, ազգային արժեքները վերադարձան հայրենիք, առաջին տարիներին ստեղծվեց հզոր բանակ, ունեցանք Արցախյան գոյամարտի հաջող ելք և Հայաստանը միջազգային հարթակներում ուներ բավականին լուրջ արժեք։ Վերջին տարիներին կացությունը փոխվել է, այս հանձնվողական և պարտվողական քաղաքականության մեջ»,- այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունների հակահայ քաղաքականությունը չի դժվարացնում դրսում Հայ դատի գրասենյակների, ՀՅԴ կառույցների գործունեությունն ու աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը, Հակոբ Տեր-Խաչատուրյանը պատասխանեց․ «Մեր բարեկամ երկրների մեջ, երբ աշխատանք ես տանում և դնում ես հայկական պահանջներ, ասում են՝ ձեր իշխանությունները նման պահանջ չեն դնում, օրինակ մեր համար առաջնահերթություն է այսօր Հայ դատի օրակարգում ունենալ Արցախի կարգավիճակի, արցախցիների վերադարձի, Բաքվի բանտերից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատագրման խնդիրները, սրանք չլուծված հարցեր են, բայց անընդունելին այն է, որ Հայաստանը մնում է լուռ և այդ լռությունը մեր մոտ շփոթմունք է առաջացնում։ Մեր պահանջն այն է, որ մենք, որպես համայնք, առաջնային խնդրի լուծումը տանք Արցախին վերաբերվող բոլոր կետերին»։

1