ՀՅԴ ՀԵՄ-ի երթը՝ «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» կարգախոսով
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը սեպտեմբերի 16-ին, «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ է անցկացնում։
Երթը մեկնարկել է Մատենադարանի հարակից տարածքից և անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անվան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Սա սկզբունքների պայքար է, սա ապագայի և անցյալի պայքար է և մենք բնականաբար պետք է հասցնենք տրամաբանական ավարտին հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը երթի մեկնարկից առաջ։
Նա նշեց, որ այստեղ շատ կարևոր է պարզապես, որ հանրությունը բարձրացնի իր ձայնը։
Լրագրողներին հետաքրքրեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամի կարծիքը ԿԳՄՍ նախարարի հայտարարության մասին, թե՝ ՀՅԴ-ի արկղերը քրեական գործերով լցնելը ընդամենը ժամերի հարց է և դա կանի, եթե չլռեն։
«Արայիկ Հարությունյանի հերթական հայտարարության սնանկության մասին վկայում է այն, որ նա չարաշահումների մասին նախկինում չավարտված քրեական գործերը վերագրում է ընդամենը մեկ պաշտոնյայի։ Մենք էլ հիմա նրան կարող ենք մեղադրել կոռուպցիայի մեջ, քանի որ ինքը նույնանման գործով անցնում է։ Բայց մեկ այլ ասպեկտ կա շատ ավելի կարևոր, որ նախարարը քրեական գործերի մասին խոսում է այն ժամանակ, երբ բողոքի ալիք է բարձրանում։ Սա օրենքի խախտում է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ իրենք բազմիցս հայտարարել են՝ որևէ ձևով կաշկանդված չեն, ՀՀ-ում օրենք խախտած բոլոր անձինք պետք է պատասխան տան, բայց չեն կարողանում հասկանալ դա ինչ կապ ունի իրենց շարժման հետ։
«Եթե նախարարի հաշվարկն այն է, որ այդպիսի անբովանդակ, ծիծաղ առաջացնող հայտարարություններով մեզ կարող է կաշկանդել, չգիտեմ ինչպես մինչև հիմա չի հասկացել, որ չի ստացվի»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Ցանկացած հանրային կամ հասարակական հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ, ցանկացած ուղղությամբ վարվող պետական քաղաքականության վերաբերյալ կարծիք ձևավորելուց և այն բարձրաձայնելուց առաջ նախ պետք է հասկանալ ովքե՞ր ենք մենք՝ հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը Մատենադարանի հարթակում։
Նա նշեց, որ մենք հայեր ենք, Հայաստանի բնակիչներ ենք, մարդիկ, ովքեր Հայաստանն են ընտրել որպես գործունեության և կյանքի միջավայր և Հայաստանով են պայմանավորում ներկան, ապագան։
Արգիշտի Գևորգյանի համոզմամբ՝ բոլոր հիմնական և կարևորագույն փոփոխությունները պետք է սկիզբ առնեին մեր կրթական համակարգից, քանի որ կրթության, գիտության, մշակույթի բնագավառում մենք, արդեն այսօր, պետք է նշմարեինք մեր լուսավոր ապագայի հստակ պատկերը։
«Սակայն ի՞նչ ունենք մենք դրա փոխարեն մեր կրթության գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում։ Մենք չունենք այս ոլորտների պետական ռազմավարություն։ ՈՒնենք քաոս և կառավարման ճգնաժամ ոլորտներում։ Չունենք որևէ համակարգային բարեփոխման հույս անգամ։ ՈՒնենք ոչինչ անել չկարողացող, փոխարենը՝ անգրագետ, հակագիտական, անպատասխանատու հայտարարություններ անող, ազգայինն ու առաջադիմականը հակադրող Արայիկ Հարությունյան»,-նշեց նա։
Նա նշեց, որ երկու տարվա ընթացքում նույն կարմիր թելը մենք տեսնում ենք ԿԳՄՍ ոլորտներում վարվող քաղաքականությունում՝ որևէ կերպ հայագիտության զարգացմանը չնպաստելը, ավելին՝ ամեն հարմար առիթին այս ոլորտին հարվածելը, հայագիտությունը և առաջադիմությունը կեղծ հակադրության մեջ դնելը, հայկական ժառանգության պահպանմանը ուղղված քայլերի բացակայությունը, դրա գոհարները աշխարհին և նոր սերնդին ներկայացնելու կամքի բացակայությունը, Հայ Առաքելական եկեղեցու դերի նվազեցմանն ուղղված հետևողական քաղաքականությունը, հայոց պատմության վերախմբագրման փորձերը վարվող ապազգային և հայկական շահերին սպառնալիք հանդիսացող քաղաքականության լավագույն վկայությունն են։
«Փաստացի այժմ նախարարի պաշտոն է զբաղեցնում մեկը, ով ոչ միայն անկարող է լուծել որևէ խնդիր, այլև անընդհատ ստեղծում է նոր ճգնաժամեր, ով չունի տեսլական, ում կողմից իրականացված քաղաքականությունը հակասում են հայկական պետությունների շահերին»,-նշեց նա։
Արգիշտի Գևորգյանը նշեց, որ 2 տարվա արդյունքում մենք ունենք ապազգային և ապաշնորհ, ոչ թափանցիկ գործունեությամբ զբաղվող պաշտոնյա, որի կողմից համակարգված նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող ոլորտներում քաոս ստեղծելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից ստացել է 1 մլն դոլարի պարգևավճար։
«Ընդհանրապես անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ավելի վտանգավոր ոտնձգություն, քան կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներով այսպես զբաղվելը։ Այս կարևորագույն ոլորտների ճգնաժամերն արդեն ակնհայտ են։ Այս մասին խոսում են բոլորը, անգամ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Այս մասին են խոսում ամենատարբեր քաղաքական և հասարակական կազմակերպություններ, այս մասին են խոսում մշակույթի և սպորտի տարբեր գործիչներ, գիտության ոլորտի ականավոր ներկայացուցիչներ։ Եվ որ ամենակարևորն է, այս մասին են բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ»,-նշեց նա։
Արայիկ Հարությունյանին պաշտպանելը վերածվել է նեղ թիմային մտածելակերպի արտացոլման, որը պետք է մերժվի և դատապարտվի՝ արձանագրեց Արգիշտի Գևորգյանը։
ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ երիտասարդները երթով շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարության շենք: Երթի մասնակիցները հանրապետության հրապարակում կարճ դադար ունեցան ՀՀ կառավարության շենքի մոտ եւ իրենց պահանջները ներկայացրեցին կառավարությանը։
Ողջ Հայաստանի տարածքով դժվար է գտնել մարդու, ով որևէ կերպ սատարում է Արայիկ Հարությունյանին․ անգամ նրա քաղաքական թիմի և նախարարության աշխատակիցները պարտադրանքից դրդված միայն արդարացումներ են կարողանում գտնել ստեղծված իրավիճակի համար՝ հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը երթի ավարտին՝ ԿԳՄՍ նախարարության շենքի առջև։
«Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ Հայաստանում կա 3 մլն վարչապետ։ ԿԳՄՍ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ձայն բարձրացնող քաղաքացիների, կազմակերպությունների թիվը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետերը այս հարցն արդեն լուծել են ու հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը»,-նշեց նա։
Արգիշտի Գևորգյանն ընդգծեց, որ իշխող ուժը պետք է կամք ունենա՝ խոստովանելու այս ոլորտներում իր ձախողումները և օր առաջ հեռացնելու Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից։
«Այս շենքը, որտեղ գտնվում է ԿԳՄՍ նախարարությունը, փրկության կարիք ունի, հապաղելը հանցագործություն է, որը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Ուստի մենք դիմում ենք ՀՀ Կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վաղը կառավարության նիստում բարձրաձայնելու և այս հարցը մեկընդմիշտ լուծելու համար»,-ասաց նա։
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահի խոսքով՝ եթե ՀՀ կառավարությունը չունենա անհրաժեշտ վճռականությունը և կամքը, ուրեմն այս հարցը կլուծեն ՀՀ քաղաքացիները։
«Ուստի մենք նաև դիմում ենք ԿԳՄՍ ոլորտներում տիրող իրավիճակով մտահոգ, վարվող քաղաքականությունը ապաշնորհ և ապազգային որակող բոլոր ուժերին և անհատներին՝ կոչ անելու միանալ և միասին մերժել արայիկհարությունյանությունը»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։
Նա նշեց, որ սա հանուն ապագայի պայքար է, այս պայքարը որևէ ուժի մենաշնորհը չէ, այս հարթակը բաց է բոլորի համար՝ ում նպատակներն ազնիվ են և ում միակ շահը Հայաստանի Հանրապետության բարօրությունն է։
Արգիշտի Գևորգյանի խոսքով՝ այսօրվա երթը ևս մեկ վկայությունն է, որ Հայաստանում չի հանդուրժվելու հայ մարդուն անհասկանալի, ոչ թափանցիկ, անընդունելի նպատակներ հետապնդող քաղաքականությունը՝ ով էլ այն վարի։
«Մենք մի քանի անգամ արդեն շեշտել ենք, նորից ենք կրկնում՝ մենք գիտենք ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, Հայկ նահապետից մինչ Արամ Մանուկյան մենք համբերատար ենք եղել և դիմացել ենք ամեն զրկանքի՝ մինչև վտանգ չենք զգացել մեր ինքնության համար»,-ասաց նա։
Արգիշտի Գևորգյանն ընդգծեց․ «Եթե ՀՀ կառավարությունը չկարողանա իր քաղաքացիներին պաշտպանել այդ վտանգներից, ուրեմն դա նրա փոխարեն կանենք մենք, որովհետև երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»։
Այնուհետև ցույցի մասնակիցները երգեցին Սարդարապատի հերոսամարտին նվիրված երգը։
arfd.am